Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում որոշակի շրջանակներ դիվիդենտներ են շահում, երբ ՀԱՊԿ–ում Փաշինյանը կորցնում է դիվիդենտներ. «Փաստ»

Դեկտեմբեր 18,2018 11:27

Վերջին օրերին կարծես թե հանդարտված մթնոլորտը նորից թեժանում է՝ այս անգամ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Մի դեպքում նա ներողություն  է խնդրում Փաշինյանից կոշտ արտահայտությունների համար, մեկ այլ դեպքում, օրինակ, նախատում նրան, որ Բելառուսից պարզաբանումներ պահանջելու փոխարեն պետք է Ռուսաստանից պարզաբանումներ պահանջի: Մեկ այլ դեպքում էլ խոսում է այն մասին, որ ժամանակին Սերժ Սարգսյանը մերժել է տարածքների հանձնման իրենց առաջարկը՝ այդպիսով ՀԱՊԿ ներսում ծագած սկանդալը բերելով արդեն ավելի բարդ մակարդակ:

Փաստացի ստացվում է, որ Խաչատուրովի հետկանչով սկսված գործընթացն ընդամենը առիթ էր: Պատճառը ոչ այդքան քարտուղարի ով լինել–չլինելն է, որքան նոր իրավիճակում Հայաստանի նորընտիր իշխանությունների հետ հարաբերությունները ճշգրտելը: Լուկաշենկոյի կողմից Սերժ Սարգսյանի հիշատակումը, բնականաբար, ոչ թե ուշացած գովասանք էր Սերժ Սարգսյանի հասցեին, այլ նախապատրաստվող առաջարկ Փաշինյանին: Եվ խոսքն այստեղ միայն նույնանման առաջարկի հնչեցման մասին չէ, խոսքն ընդհանրապես ԱՊՀ կոչվող քաղաքական տիրույթում Հայաստանի դերակատարման վերաիմաստավորման մասին է:

Այս իմաստով կարևոր է հասկանալ, որ տեղեկատվական այն աղմուկը, որի ականատեսն ենք, ընդամենը շղարշում է տեղի ունեցողը, տպավորություն ստեղծում, թե գործ ունենք, օրինակ, Փաշինյան–Լուկաշենկո դրամատիկ հակամարտության հետ: Մյուս կողմից էլ Հայաստանում որոշակի շրջանակներ դիվիդենտներ են շահում, երբ ՀԱՊԿ–ում Փաշինյանը կորցնում է դիվիդենտներ:

Մեծ հաշվով, սակայն, խնդիրը վերաբերում է ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանին: Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ԱՊՀ տարածքում ստեղծել են անհրաժեշտություն ճշգրտելու որոշակի հարցեր, հաճախ նաև փորձելու որոշակի սցենարներ, որոնք նախկինում փորձվել, բայց ձախողվել են: Այս իմաստով կարևոր է հասկանալ պահի լրջությունը ու այն չկապել ո՛չ Լուկաշենկո–Փաշինյան հեռակա դեբատի, ո՛չ Խաչատուրովի հետկանչի հետ: Երկու դեպքում էլ գործ ունենք տեղեկատվական առիթների ու շղարշների հետ, որոնք թաքցնում են բուն պրոցեսը:

Այս իմաստով շատ կարևոր է ի վերջո հասկանալ, որ երկրի ներսում առկա լեգիտիմությունը, հատկապես այնպիսի միջավայրում, ինչպիսիք ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն են, չեն կարող կրել կախարդական փայտիկի դեր: Լեգիտիմությունը կարևոր, բայց ամենազոր գործոն չէ, մանավանդ մի միջավայրում, որտեղ ներկա պետություններից շատերում ընտրական պրոցեսը կրում է խիստ իմիտացիոն բնույթ: Այս միջավայրում ավելի կենսական է ուժի, ռեսուրսի չափը, քանակը, մատուցման ձևն ու մանևրելու ընդունակությունը: Շատ լավ և դուրեկան է, երբ Հայաստանի ղեկավարը կարողանում է արժանապատիվ կեցվածք դրսևորել ու հակադարձել՝ ի նպաստ Հայաստանի շահերի: Բայց պետք է հասկանալ, որ արտաքին քաղաքականության մեջ ներքինի օրենքները միշտ չէ, որ գործում են:

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31