Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ

Դեկտեմբեր 18,2018 10:35

Դեկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ (տեսանյութն այստեղ՝ տես 49-րդ րոպեից) Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է: Նա նշեց, որ ոչ մի կողմ շահագրգռված չէ ներդրումներ անել, նաև հաշվի առնելով աղբի որակը, որը դեռ սովետական ժամանակներից չի պարունակում մետաղ, պլաստմաս, և այլն: Նա նշեց, որ հավելյալ գումարներ պետք կլինի ներգրավել այդ աղբավայրը վերամշակելու համար: Այստեղ կա թյուրըմբռնում, այն էլ մի քանիսը: Ներկայացնենք դրանք հերթով:

Նախ, միգուցե Նուբարաշենի 50 տարուց ավել գործող աղբավայրը միայն մեկուսացման է ենթակա՝ մինչև որ կգտնվի այն մաքրելու տեխնոլոգիա: Սակայն այսօր արդեն իսկ խոսքն այն մասին է, որ դեռ նախորդ կառավարությունը վերցրել է նոր վարկ, որով պարտավորվել է կառուցել լրիվ նոր աղբավայր, իսկ վերամշակման բաղադրիչը, որը մշտապես առաջ է մղվել հանրության պահանջով, ոչ թե (կամ ոչ միայն) վերաբերում է հին աղբավայրին, այլ առաջին հերթին նոր աղբավայրին, որը կառուցվում է հին աղբավայրի կողքին՝ լրացուցիչ մոտ 30 հեկտարի վրա և ունենալու է ընդամենը մոտ 30 տարվա կյանք: Այսինքն` նախարարի մեկնաբանությունը թյուրըմբռնում է առաջացնում, թե իբր վերամշակելու համար հին աղբավայրը պիտանի չէ, բայց փաստորեն անտեսվում է այն, որ մարդիկ Հայաստանում շարունակում են տարեկան 700 հազար տոննա աղբ ստեղծել (օրական 0,6 կգ աղբ յուրաքանչյուրս), իսկ ըստ հաշվարկների 2036-ին այդ թիվը կհասնի 950 հազար տոննայի, և ոչ միայն այն այլևս հնարավոր չէ պարզապես մի տեղ ծածկել, այլ որ պետությունը նաև ունի պարտավորություններ բնության և հանրային առողջության ասպարեզում։ Ուստի նոր աղբավայրը կառուցելիս պետք է նոր մոտեցումներ լինեն՝ ներառյալ վերամշակման քաղաքականությունը, ինչը թե՛ հանրության պահանջն է, թե՛ պետական պարտավորություն:

Երկրորդ թյուրըմբռնումն այն է, որ նախարարը խոսում է աղբավայրում առկա աղբի տեսակից, այսինքն` մորֆոլոգիայից: Նա հստակ պնդում է, որ սովետական ժամանակներից եկած աղբավայրում չկա մետաղ, պլաստմաս: Սակայն աղբավայրը երեսուն տարի է սովետական չէ, ժամանակի ընթացքում աղբավայրում կուտակվում է ամեն տեսակի աղբ։ Ավելին, Հայաստանում արդեն իսկ գոյություն ունեն բազմաթիվ վերամշակողներ, որոնք նաև իրենց վերամշակման նյութերը ստանում են Նուբարաշենի աղբավայրից: Վերջերս էլ, օրինակ` Արարատի մարզում բացվեց աղբի տեսակավորման գործարան, ինչի արդյունքում տեսակավորված աղբը ևս պետք է վերամշակվի: Այսինքն` վերամշակման հանդեպ արդեն իսկ կա հետաքրքրություն, ավելին` գործունեություն՝ հիմնված այսօրվա ստեղծած թափոնների վրա:

Բացի դրանից, վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը դեկտեմբերի 5-ի իր զեկույցում նշեց, որ թափոնների կառավարման ռազմավարություն մշակելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այդ թվում նաև ուսումնասիրելու է կոշտ կենցաղային թափոնների մորֆոլոգիան՝ այսինքն` տեսակը: Նա նշեց, որ անգամ կան ընկերություններ (շվեյցարա-դանիական, ամերիկյան, չինական) ովքեր հայտ են ներկայացրել ուսումնասիրելու աղբի քանակը և տեսակը/որակը: Եվ ուրեմն ինչպե՞ս կարող է նախարարն այդքան վստահ խոսել աղբի մորֆոլոգիայից, եթե դեռ նոր պետք է ուսումնասիրվի այն: Թեև Հայաստանում էլ կան պետական մարմիններ, որոնք ուսումնասիրում են աղբի տեսակը և դրա կազմի փոփոխությունները, սակայն հարկ ենք համարում նորից ընդգծել, որ այսօրվա աղբավայրերում ընթանում են աղբի երբեմն օրինական, երբեմն էլ ապօրինի տեսակավորման գործընթացներ, որոնք ի վերջո հասնում են վերամշակողներին: Ուստի նախարարի այս հավաստիացումը, թե այսօրվա աղբը վերամշակման պիտանի չէ, պարզապես հարցն արագ փակելու տպավորություն է թողնում:

Երրորդ, Արսեն Գասպարյանն իր վերոնշյալ զեկույցում նշում է նաև, որ իրենք արդեն իսկ համագործակցում են խոշոր արևմտյան ընկերությունների հետ, ովքեր հետաքրքրված են աղբի տեսակավորմամբ/վերամշակմամբ: Նա նաև նշեց, որ չինական կողմն էլ հետաքրքրված է աղբից էներգիա ստանալու ծրագրերով (չնայած որ Հայաստանում էլ պակաս չեն վերամշակող ընկերությունները):

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու քաղաքապետարանն էլ բազմիցս տեղեկացրել են հանրությանը, որ քննարկում են թե՛ վերամշակման, թե՛ աղբից էներգիա ստանալու տարբերակները: Այս կառույցների հետ նախորդ նամակագրություններին կարելի է ծանոթանալ այստեղ: Վերջերս ստացած ևս մի արձագանք, ուր քաղաքապետարանը նորից հաստատում է, որ կառավարության հետ քննարկվում է վերամշակման հարցը, ինչպես նաև ուսումնասիրվում են աղբի վերամշակմամբ զբաղվող տարբեր ընկերությունների առաջարկները, կարող եք կարդալ ստորև:

Չորրորդ, նախարարը պնդում է, որ աղբի վերամշակման գործարան կառուցելու համար հավելյալ գումարներ անհրաժեշտ կլինեն: Եվ սա այն դեպքում, երբ ինչպես և մեր նախորդ հոդվածներում էինք անդրադարձել, նման աղբավայրեր նույն, երբեմն ավելի քիչ դրամական միջոցներով կառուցվել են նաև Մոլդովայում, Բելառուսում, Վրաստանում՝ աղբի վերամշակման բաղադրիչով: Ավելին, հաշվի առնելով Հայաստանում արդեն իսկ առկա վերամշակողների թիվը, առաջարկ էր արվել չբացառել միայն աղբի տեսակավորման գործարանի կառուցումը, իսկ տեսակավորված աղբը տրամադրել այդ ընկերություններին: Նաև, հաշվի առնելով այդ ընկերությունների՝ հանրության և բնության առաջ մատուցած ծառայության կարևորության աստիճանը, չբացառել որոշակի պետական աջակցություն՝ ներառյալ հարկերի նվազման քաղաքականություն:

Հաշվի առնելով դեկտեմբերի 13-ին կառավարական նիստի ժամանակ հնչած այս թյուրըմբռնումները, ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ աղբի վերամշակումը պարզապես ընտրություն չէ: Հաշվի առնելով պետության պարտավորությունները բնության պահպանության, հանրային առողջության պահպանման և բարելավման ասպարեզում, պետությունը պարտավոր է գտնել և իրագործել այն լուծումները, որով արդեն այսօրվա ժամանակակից տնտեսությունը կապահովի այսօրվա և գալիք սերունդների առողջ միջավայրում ապրելու իրավունքը բացառապես կանաչ տնտեսական մոդելի կիրառման շնորհիվ:

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31