Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն եւ հայ օգտատերերը

Դեկտեմբեր 18,2018 10:00

Մի քանի օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է լրագրողների հետ եւ անդրադարձել, մասնավորապես, իր երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, այդ առիթով Նիկոլ Փաշինյանի քննադատությանը: Երեկ համացանցում է հայտնվել այդ ասուլիսի առավել սկանդալային մասը, որտեղ Բելառուսի նախագահն, ըստ էության, կշտամբում է վարչապետ Փաշինյանին, որ վերջինս չի համարձակվում նույն զենքի վաճառքի հարցով քննադատել Պուտինին: Լուկաշենկոն իր մտքերն արտահայտում է երկրի ղեկավարին ոչ պատշաճ բառապաշարով, ներկայացնում է փակ հանդիպման իր միակողմանի վարկածը եւ միտումնավոր կերպով փոխում է շեշտադրումները:

Մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս մտահոգությունն այն չէ, թե ով որ տեղն է զբաղեցնում Ադրբեջանի հետ զենքի առեւտրում: Մեր խնդիրն այն է, որ Ռուսաստանն ու Բելառուսը, որոնց հետ մենք, կարծես թե, նույն ռազմաքաղաքական դաշինքում ենք, զենք են վաճառում Ադրբեջանին, եւ այդ զենքն ուղղված է մեր պետության,  մեր երեխաների դեմ: Մենք կոնֆլիկտ ունենք մեր հարեւանների հետ, եւ, մեղմ ասած, բնական չէ, որ մեր «դաշնակիցները» զինում են մեր հակառակորդին: Այնպես չի, որ վարչապետը նույնը Պուտինին չի ասել (ինչը երեկ հաստատել է նաեւ Փաշինյանի մամուլի քարտուղարը), եւ հետեւաբար Բելառուսի նախագահի զուգահեռները նույնպես տեղին չեն: Չեմ կարծում, որ Լուկաշենկոն այդքանը չի հասկանում, պարզապես խոսակցությունը տանում է այլ ուղղությամբ:

Ինձ թվում է՝ թե՛ զենքի վաճառքի եւ թե՛ Լուկաշենկոյի ասածների նկատմամբ հայաստանցիների եւ ընդհանրապես հայերի վերաբերմունքը միանշանակ է: Բայց այստեղ մի ներքին խնդիր է առաջանում, որը կապված է մեր մեդիագրագիտության հետ: Հայաստանյան լրատվամիջոցները, բնականաբար, պարտավոր են տեղեկացնել այն մասին, թե ինչ է «բարեկամ» երկրի ղեկավարն ասում իր եւ մեր երկրի վարչապետի զրույցի մասին: Բայց տեղեկացնելը տարօրինակ հետեւանքների է բերում. համացանցի մի քանի տասնյակ օգտատերեր Լուկաշենկոյի ասածներն ընկալում են որպես «Առավոտի» կարծիք («հոդված») եւ իրենց մշակութային մակարդակին համապատասխան գնահատական են տալիս լրատվամիջոցին: Ոմանք էլ սկզբնաղբյուր են պահանջում՝ չնայած Լուկաշենկոյի ասուլիսի համապատասխան հատվածը կցված է եւ պետք է ընդամենը չզլանալ, բացել հղումը եւ դիտել 49 վայրկյանանոց տեսագրությունը:

Ես ամենեւին չեմ նեղվում այդ գնահատականներից՝ թող բոլոր այդ «ջղային» օգտատերերն առողջ ու երջանիկ լինեն: Ինձ այլ բան է հետաքրքրում՝ արժե՞ արդյոք նրանց բացատրել, թե ինչով է տարբերվում օտար երկրի ղեկավարի ասուլիսի վերծանումը «Առավոտի» հեղինակային նյութից: Թե՞ անիմաստ է նման բացատրությունների վրա ժամանակ ծախսելը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կան ազնվական պետություններ, որոնք սկզբունքներ ունեն, կան նաեւ անսկզբունք գետնաքարշ պատեհապաշտ պետություններ, մենք կամ դրանց կդարձնենք ազնվական կամ էլ պետք է նրանցից հրաժարվել: Եկեք դառնանք ինքնաբավ պետություն, մենք մեր զենքն արտադրենք: Առաջին ձնծաղիկը՝ http://www.gov.am/am/news/item/13717/

  2. Հ.Շ. says:

    Քանի որ «մի քանի տասնյակ» են այդ օգտատերեր, տեղին է մտածելը որ սա կազմակերպուած բան է:

    Ամէն դէպքում, երբեք անիմաստ չէ ճիշդ բաներ բացատրելը. միայն թէ, ի միջի այլոց այս պարագային, շատ աւելի արդիւնաբեր կը լինի եթէ այդ բացատրութիւնը տայ իշխանութիւնը՝ իր… որոշ տեսակի համակիրներին: Մինչ, ընդհակառակն, գոնէ լռելեայն կերպով, ան քաջալերում է անոնց այս վարքագիծը եւ նոյնանման շատ մը անտանելի սանձարձակութիւնները: Խնդրին այս երեսը էական է, եւ դեռ պիտի սաստկանայ ժամանակի ընթացքին:

    Նոր իշխանաւորները հասան ուր որ են, մեծ մասամբ շնորհիւ Համացանցին, դժուար պիտի ըլլայ որ կորսնցնեն այդ գործիքը շահագործելու իրենց հիմնական հակումները: Սակայն cyberbullyingը, երբ համակարգային կերպով կը գործադրուի լրագրողներու դէմ, կը դառնայ յատուկ բնոյթի ոտնձգութիւն: Մինչ հիմա «իրաւապաշտպաններն» ալ դարձած են յանկարծ իշխանութեան կոյր երկրպագուներ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31