Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը փորձում է տապալել հայ-ռուսական ռազմական համաձայնագիրը

Դեկտեմբեր 18,2018 09:45

Երկրորդ ամիսը շարունակ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում: Բելառուսական ավիաընկերություններից մեկի Իլ-62 բեռնատար ուղղաթիռը մեկ օրից չվերթ է իրականացնում Երևան-Բուրգաս-Երևան ուղղությամբ: Փորձագետները ենթադրում են, որ խորհրդային նմուշների սպառազինության զանգվածային մատակարարումները կարող են նախաձեռնված լինել ԱՄՆ-ի կողմից՝ նպատակ ունենալով խաթարել Երևանի և Մոսկվայի 100 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը, գրում է EADaily պարբերականը:

Վերջին մեկ շաբաթում Rada Airlines ավիաընկերությանը պատկանող Իլ-62 ինքնաթիռը 4 չվերթ է իրականացրել Բուլղարիայից Հայաստան: Այդ մասին են վկայում Flightradar24 ավիանավիգացիոն պորտալի տվյալները: Դեկտեմբերի 7-ին, 9-ին, 11-ին և 13-ին ինքնաթիռը դուրս է եկել Բուրգասից և վայրէջք կատարել Հայաստանի տարածքում:

Այնուհետև գրանցվել է հակառակ ուղղությամբ չվերթ դեպի Բուրգաս, որն անցել է Թուրքիայի օդային տարածքով:

Ավելի վաղ իսրայելական Haaretz թերթը հայտնաբերել էր, որ Rada Airlines-ի ինքնաթիռը չվերթ է իրականացրել Բուրգասից, որը համարվում է Արևելյան Եվրոպայից սպառազինության մատակարարման գլխավոր հանգույց: Այդ ժամանակ թուրք բլոգեր Յուրյուք Իշիքը 8 օրվա մեջ հայտնաբերել էր դեպի Հայաստան 7 չվերթ:

Բուլղարական ձեռնարկությունը հազիվ թե համարձակվեր սպառազինություն մատակարարել պատժամիջոցների տակ գտնվող Իրան, իսկ թռիչքների մասին վերջին տվյալները հաստատում են, որ վերջնակետը եղել է հենց Հայաստանը: Ինչո՞ւ զենք:

Այդ մասին վկայում են մի քանի փաստեր: Մի կողմից Բուրգասը սպառազինության հանգույց է, Հայաստանի և Բուլղարիայի արտահանման և ներմուծման գործարքները նվազագույն են, իսկ բեռնափոխադրման համար օգտագործվում է ոչ հայտնի ավիաընկերություն, որի տրամադրության տակ կա ընդամենը մեկ օդանավ: Մյուս կողմից, գլխավորն այն է, որ օդանավի ուղղությունն ապացուցում է, որ Հայաստան տեղափոխվում է հենց սպառազինություն: Բանն այն է, որ ռազմական նշանակության բեռների փոխադրման դեպքում այն պետք է համաձայնեցվի նաև այն երկրների հետ, որոնց օդային տարածքով անցնում է օդանավը: Իսկ Իլ-62-ի չվերթները շրջանցում են Թուրքիայի օդային տարածքը, ինչը տնտեսական առումով շատ ծախսատար է: Ինքնաթիռը թռչում է ոչ թե ուղիղ Թուրքիայով և Վրաստանով, այլ շրջան է գործում Միջերկրական ծովով, Եգիպտոսով, Հորդանանով, Իրաքով և Իրանով: Այդպիսով, թռիչքը տևում է առնվազն կրկնակի երկար:

Ուշագրավ է, որ դեկտեմբերին Բուրգասից ինքնաթիռներ են թռել նաև Բաքու: Չվերթներ իրականացրել է սկանդալային հայտնի Silk Way-ը: Ընդ որում, վերջինիս ինքնաթիռները ուղիղ թռիչք են իրականացրել հենց Թուրքիայի տարածքով: Այդ մասին վկայում են Flightradar24-ի տվյալները:

Որքա՞ն մեծ կարող են լինել մատակարարման ծավալները: Ավելի վաղ EADaily-ն գրել էր, որ ադրբեջանական Silk Way պետական ավիաընկերությունը բուլղարական սպառազինություն է մատակարարում սիրիացի գրոհայիններին: Այդ մասին են վկայում Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերին հասանելիություն ստացած հաքերների տվյալները: Դրանց միջոցով կարելի է գնահատել մատակարարումների ծավալները:

Rada Airlines-ի Իլ-62-ը 2007թ. ուղևորատար ինքնաթիռից վերածվել է բեռնատարի: Թռիչքային առավելագույն կշիռը ավելացվել է մինչև 170 տոննա, օգտակար բեռնումը կազմում է 40 տոննա, իսկ առավելագույն բեռնման թռիչքի հեռավորությունը՝ մոտ 6000 կմ:

Silk Way-ի փաստաթղթերում ասվում է՝ որքան զենք կտեղավորվի Իլ-62-ում: Այսպես, 2016թ. մարտին ավիաընկերության և դեսպանատան ներկայացուցիչները փաստաթղթեր էին նախապատրաստում ռազմական բեռ տեղափոխելու Բուրգասից սաուդյան «Սուլթան արքայազնի» ավիաբազա և նշում էին, որ 20.4 տոննա կազմում են 1700 ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետերը, և 11.67 տոննա՝ 2500 նռնակաձիգերի լիցքեր: (PG-7VM):

Դատելով այդ տվյալներից՝ մեկ անգամով Բուլղարիայից Հայաստան կարող էր տեղափոխվել 40 տոննա բեռ. 1700 նռնակաձիգ և 5000-ից մի փոքր պակաս լիցք: Եթե հաշվի առնենք, որ արդեն գրանցվել է առնվազն 11 չվերթ, ապա ծավալը կարող է ավելանալ 10 անգամ: Բուլղարիան, ինչպես հայտնի է, թեթև հրազենի, նռնակաձիգների և դրա ռազմամթերքի, խորհրդային նմուշի արկերի խոշորագույն արտադրող է:

Մատակարարումները համընկան Բուլղարիայի և Հայաստանի ռազմական հարաբերությունների ակտիվացման հետ: Հայաստանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի վերջին երկու երկրների ռազմական գերատեսչությունները ստորագրել են 2019թ ռազմական երկկողմ համագործակցության ծրագիր: Նոյեմբերի կեսերին Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Բուլղարիա: Բուլղարիայի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումներում կողմերն ամփոփեցին 2018թ. երկկողմ գործունեությունը և քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարները: Արտակ Դավթյանն այցելեց նաև բուլղարական ռազմական արդյունաբերական ձեռնարկություն:

Մինչ այդ Հայաստանը դարձել էր Բուլղարայի ռազմարդյունաբերական համալիրների ոչ մեծ սպառող: Օրինակ, 2017թ. Հայաստանը 19.5 մլն եվրոյի պայմանագրեր էր ստորագրել բուլղարական արտադրողների հետ, բայց սպառազինության փաստացի մատակարարումները կազմել էին 637 հազար եվրո: ՄԱԿ-ի սովորական սպառազինության արտահանման ռեեստրի համաձայն՝ 2017թ. Հայաստան է արտահանվել 1094 ձեռքի թեթև գնդացիր: Այժմ կարելի է խոսել մատակարարումների զգալի ավելացման մասին:

Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել այդ մատակարարումները: Հայաստանը աղքատ երկիր է և նրա ընդհանուր ռազմական բյուջեն այս տարի կազմել է 468 մլն դոլար: Գալիք տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է այն ավելացնել մինչև 530 մլն: Այդ իրավիճակում տրամաբանական են պայմանագրերը Ռուսաստանի հետ, որոնք ուղեկցվում են միաժամանակ տրամադրվող վարկով: 2015թ. Ռուսաստանը Հայաստանի հետ ստորագրեց պայմանագիր՝ 200 մլն վարկի դիմաց տրամադրել ռուսական սպառազինություն, և այդ պայմանագիրն արդեն իրագործվել է: Իսկ հաջորդ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. հոկտեմբերին՝ 100 մլն արժողությամբ, առայժմ չկա:

Ուստի, միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ը, որին Հայաստանի կառավարությունը առավել քան լոյալ է, փորձում է խափանել ռուսական պայմանագիրը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը երկրին առաջարկեց գնել ամերիկյան զենք:

Մյուս կողմից, ամերիկյան զենքը թանկ է և պահանջում է մասնագետների վերապատրաստում, իսկ բուլղարական՝ խորհրդային նմուշի սպառազինությանը Հայաստանի զինված ուժերը լավ ծանոթ են և այն շատ ավելի մատչելի է, եզրակացնում է EADaily-ն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31