Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի խորքը կամ զրույց վարչապետի հետ. մաս 3

Դեկտեմբեր 18,2018 09:15

Առաջին մասը կարդացեք այստեղ

Երկրորդ մասը կարդացեք այստեղ

Սփյուռքի նախարարություն, թե ԱԳՆ վարչություն

Պարոն վարչապետ, երբ ես դառնացած հեռացա պետական համակարգից, հասկացա, որ պիտի անեմ բացառապես այն, ինչի համար Արարիչն ինձ այս մոլորակն է ուղարկել ու հենց այս բիբլիական երկիրը: Երևի նա իմ ոգու սերմը շատ խորն էր թաղել, երկրի սրտի մեջ, գուցեև այդ պատճառով ուշ ծլարձակեց ու ուշ է պտուղ տալիս, չեմ կարող ասել:

Միանշանակ էր, որ պիտի գրեմ, բայց իմ պոեզիայի մուսան վիրավորված հեռացել էր: Ու ես հասկանում էի նրան, որովհետև պոեզիան Մեծ, հավիտենական Սեր է, և նրա մուսան ամենախանդոտն է: Մեղքի խորը գիտակցությամբ ես խորհրդակցեցի իմ արձակի մուսայի հետ, որին, ըստ էության, չէի դավաճանել, երբեմն նրա ներշնչանքով արձակի փոքր ժանրերով գրել էի ու հավաքել համակարգչիս վերին անկյունում հպարտորեն ննջող մի էլեկտրոնային թղթապանակում, որի անունը «Պատմվածք» էր:

Բայց երբ գրական փորձեր էի կատարում, հասկացա, որ ինձ ձգում են քաղաքական սատիրայի և քաղաքական հեքիաթի ժանրերը, միայն չասեք, թե ընդօրինակում եմ Ձեր ժանրային նախասիրությունները, և որ բառերի նման, ժանրերն էլ են սեփականաշնորհվել: Ես դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք եմ երգիծական պատմվածքներ ու հեքիաթներ գրել, բայց, հասկանում եք, չեմ հրապարակել: Այսօր Հայաստանում իրականացվող հեղափոխական, քաղաքական գործընթացները թելադրում են իրենց ժանրերը: Առատ, ծով նյութ՝ քաղաքական սատիրայի ու հեքիաթների համար, թեև նախկինում էլ ես ընտրել էի նախատիպերի մի պատկառելի ցանկ (ավելի մեծ, քան Ձեր նախընտրական ցուցակը) նրանց կերպավորելու համար:

Բայց մի ցավալի դիպված նորից փոխեց իմ ժանրի ընտրության վեկտորը, և ես հասկացա, որ պետք է սկսեմ մի ամայացած տարածքից՝ հրապարակախոսությունից: Երկրի սիրտը թելադրեց ինձ՝ զրույց սկսել նրա ղեկավարի հետ, ու դառնալ նրա ընդդիմախոսը՝ որոշ չափով կատարելով առողջ ընդդիմադիր քաղաքական դաշտի գործառույթ: Թող ներվի ասել, ընդդիմադիր քաղաքական դաշտն ամայի է ու ստերջ, կամ հուսալքված է ու կոտրված, եթե նույնիսկ Արթուր Բաղդասարյանն է հեռանում քաղաքականությունից, ճակատագրի քմահաճույքին թողնելով ՕԵԿ-ի հետագա մակընթացություններն ու տեղատվությունները: Իսկ թե ինչպիսին կլինի ՀՀԿ-ի իմաստուն, սկզբունքային ու խիզախ երիտթևի քաղաքական ճակատագիրը, չեմ կարող ասել, քանի դեռ ճոճվում է ճերմակի ու սևի սահմանագծին՝ ավելի շուտ լարախաղացի ձգած ճկուն լարի վրա:

-Եվ որն էր այդ ճակատագրական դիպվածը,-հարցնում եք, նախապես ենթատեքստեր որոնելով իմ այս նախաբանի մեջ:

– Այո, արդար եք, ենթատեքստ կա, բայց որոնել պետք չէ, ես շատ պարզ ու անկեղծ կասեմ:

Պարոն վարչապետ, ինձ՝ որպես ոլորտի սրտացավ կրողի, անչափ հուզում է այն հարցը, թե Հայաստան-Սփյուռք փոխգործակցության առնչությամբ ինչ քաղաքական որոշում եք կայացնելու: Լուծարելո՞ւ եք Սփյուռքի նախարարությունը, և նրա գործառույթները փոխանցելու մեկ ուրիշ գերատեսչության, օրինակ՝ Արտաքին գործերի նախարարությանը, թե՛ նախարարությունը շարունակելու է իր գործունեությունը:

Ինչ խոսք, առաջին տարբերակն առավել ռացիոնալ է, մանավանդ, եթե հաշվի առնենք ԱԳՆ-ի փորձված ու պրոֆեսիոնալ ղեկավարի գործոնը, ինչպես նաև միջազգային փորձն այն երկրներում, որտեղ ժամանակի թելադրանքով ստեղծվել են նմանատիպ գերատեսչություններ և ժամանակի թելադրանքով էլ՝ լուծարվել: Այս տարբերակին հակվելն առկա է նաև հանրային ընկալումներում:

Երկրորդ տարբերակը կարող էր գործել, եթե գտնեիք այն կայացած, բազմակողմանիորեն զարգացած, Սփյուռքին քաջատեղյակ, դիվանագիտական ունակություններով ու հեղինակություն վայելող մի ազնիվ, ստեղծարար անհատի և նրան վստահեիք նախարարությունը: Եթե: Եվ եթե չլիներ պետական ապարատը կրճատելու, ու պետական միջոցները խնայելու, Ձեր կոնցեպտը: Դուք սիրում եք գորդյան հանգույցներ կտրել: ՀՀԿ-ն խոսում է 150 հազար ապագա գործազուրկների մասին: Բայց դուք դարմանն արդեն տվել եք: Թող զբաղվեն բիզնեսով, աշխատեն ու աշխատատեղեր բացեն: Խորին հարգանք տածելով բոլոր մասնագիտությունների ու մասնագետների հանդեպ ասեմ. թող տաքսու վարորդը, թերթի հաշվապահը, նախարարի օգնականը, աստված գիտի էլ ով խորհրդարանում օրենքներ ստեղծեն, իսկ որակավորված մասնագետները մտնեն բոլորովին նոր աշխարհ: Օրինակ՝ ես՝ լինելով, այս մոտեցման պիոները, որպես օրինապահ, ուսումնատենչ ու համառ, իր երկիրը երբեք չլքող քաղաքացի, հաճախում եմ բիզնեսի դասընթացի, անգլերենս եմ կատարելագործում: Թեև, ինչպես Թումանյանը կասեր իմ փորձի ու գիտեիքների բեռը շալակած՝ իջնում եմ արդեն իմ լեռան ետևը: Ճիշտ եմ վարվում, չգիտեմ, չգիտեմ նաև, թե ինչպես կվարվեն մյուս 150 հազարը: Աստված մի արասցե, որ ճիշտ չհասկանան ուժեղ Սփյուռք ունենալու Ձեր տեսլականը և արտագաղթի ճամփան բռնեն ու այդպես ուժեղացնեն Սփյուռքը:

Բայց դառնանք նախարարության ճակատագրին: Իմ կարծիքով նախարարության ստեղծումը ուշացած էր, գուցեև ժամանակավրեպ: Հայաստան-Սփյուռք առնչություններով զբաղվող առանձին կառույց պետք է ստեղծվեր Հայաստանի անկախացման սկզբից, առաջին կառավարության կազմում, երբ դեռ նոր էին բացվել երկաթյա վարագույրները, և սկսվել էր փոխհարաբերությունների նոր, մաքուր էջ: Վստահ եմ, որ այդ պետական կառույցը արդյունավետ կերպով կհամախմբեր հայության ներուժը, կբացահայտեր կարևորագույն առաջնահերթությունները և արդյունավետ կերպով կլուծեր խնդիրները: Եվ մենք կունենայինք ուրիշ Հայաստան և ուրիշ Սփյուռք: Բայց ափսոս, սա հայի հետին խելքն է ու ամենևին էլ ուտոպիա չէ: Սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քաղաքականացված դասական սփյուռքում ամենագործունյա բևեռներից մեկը Դաշնակցությունն էր, իսկ Լևոն Տեր- Պետրոսյանը, մեղմ ասած, հակակրանք էր տածում այդ համահայկական զորեղ ուժի նկատմամբ, էլ չխոսենք իրականացված քաղաքականության մասին, պարզ է դառնում այդ փուլում նման խնդիր լուծելու անհնարինությունը:

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կարծես սառույցը շարժվեց, և սկսեցին իրականացվել Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովները, որոնց ընդունած բանաձևերն ու առաջարկությունները գրվեցին սառույցին, իսկ Հայաստան-Սփյուռք գործակցությունը դարձավ ահռելի այսբերգ, որի միայն չնչին մասն էր երևում, իսկ ամենամեծ հատվածը խորքում էր:

2008թ. Սերժ Սարգսյանը ստեղծեց նախընտրական ծրագրում ամրագրված Սփյուռքի նախարարությունը, սակայն Սփյուռքի կողմից առկա էր նախորդ տարիներից կուտակված անվստահության ու թերահավատության գործոնը, և նախարարությունը նախ պետք է փորձեր ճանաչել սփյուռքը ու նորից շահեր նրա վստահությունը, նոր կամուրջներ ձգեր, համախմբեր Սփյուռքի ներուժը՝ որոշակի ծրագրեր իրականացնելով:

-Եվ որքանո՞վ հաջողվեց դա,- հարց եք տալիս բազմիմաստ:

-Այդ հարցին դեռ կանդրադառնանք: Եկեք շարունակենք մեր համառոտ վերլուծությունը:

Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրի Սփյուռքին վերաբերող հատվածում ներկայացված է քաղաքական ուժի բնորոշմամբ՝ նորարարական քաղաքականություն: Եվ Դուք խոստանում եք կյանքի կոչել «Ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռք» տեսլականը: Ոլորտին անծանոթ ընթերցողի համար գուցե դա տպավորիչ հնչի:

Սակայն մանրամասն չանդրադառնալով Ձեր ներկայացրած ռազմավարական յոթ ուղղություններին, պարզապես նշեմ, որ այդ բոլոր դրույթներն ու ուղղությունները ամրագրված էին նախորդ քաղաքական ծրագրում ու Հայաստան-Սփյուռք գործակցության հայեցակարգում, և ես ոչ մի նորարարական քաղաքական միտում չտեսա, Սերժ Սարգսյանն էլ անընդհատ նույնն էր ասում՝ ավելի տրամաբանական ձևակերպմամբ. «Հայաստանը Սփյուռքով է ուժեղ, Սփյուռքը՝ Հայաստանով», և, որ Հայաստանը պետք է հզոր լինի, Սփյուռքը՝ կազմակերպված և այլն:

Եվ ուրեմն, հարգելի վարչապե՛տ, խնդիրը գործելն է, աշխատանքի արդյունավետությունը, արձանագրված արդյունքները: Համենայնդեպս, նախորդ յոթ ամիսները վկայեցին որ գործ չարվեց, չարձանագրվեց արդյունք: Միայն մեկ ծրագիր, որին կանդրադառնամ հաջորդիվ:

Լինելով չափազանց օպտիմիստ, այժմ, երբ և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանությունը պատկանում է Ձեր քաղաքական ուժին, ես մեծ հույսեր եմ տածում, որ կկայացնեք խելամիտ քաղաքական որոշում, և Սփյուռքի հետ տարվող աշխատանքները ձեռք կբերեն նոր որակ ու բովանդակություն, իսկ նորարարությունը ակնհայտ կդառնա կոնկրետ գործերի արձանագրմամբ: Անկեղծ ասած այդպես էլ չհասկացա, թե ինչ է նշանակում նորարարական քաղաքականություն. Կարող է լինել պետական կամ x, y, z քաղաքական ուժի կամ կառույցի քաղաքականություն՝ առանց ավելորդ ածականների: Թողեք հայ ժողովուրդը որոշի, նորարարական է, արդար է, խելամիտ է, ազագաշահ է, թե ինչ:

Ափսոս, չհասցրի անդրադառնալ իմ ժանրային վեկտորը փոխած դիպվածին կամ երևույթին: Իմ հաջորդ հրապարակումն ամբողջովին կբացի փակագիծը:

Շարունակելի

Էվելինա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31