Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Չանդիրյան. «Ջրացատկը հայկական մարզաձեւ է»

Դեկտեմբեր 17,2018 22:50

Հայ ջրացատկորդները մրցաշրջան 2018-ում արձանագրել են Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը: Շոտլանդիայում անցկացված մարզաձեւի Եվրոպայի առաջնությունում Վլադիմիր Հարությունյան-Լեւ Սարգսյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկում կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին եւ լուրջ հայտ ներկայացրին Հայաստանի 10 լավագույն մարզիկներ մրցույթում լավագույնների մեջ տեղի արժանանալու համար:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը նշեց, որ չնայած մարզվողների ընդհանուր թիվը մոտ երեք տասնյակ է, սակայն հաջողվում է պահպանել հայկական ջրացատկի հարուստ ավանդույթները եւ դրանք զարգացնել: Նա նշեց, որ թեեւ Հայաստանը «ցամաքային» երկրի ճանաչում ունի, սակայն ջրացատկը հայկական մարզաձեւ է եւ միշտ տվել է աստղեր:

Տարբեր երկրների նրանց գործընկերները զարմանում են, որ այսքան սուղ ֆինանսավորման եւ, մեղմ ասած, վատ պայմանների պարագայում մեր մարզիկները կարողանում են լավ արդյունքներ ցույց տալ միջազգային մեկնարկներում եւ անկեղծորեն ուրախանում են հայ մարզիկների հաջողություններով: «Մենք այս տարի ստիպված եղանք հրաժարվել աշխարհի գավաթի խաղարկությունից ֆինանսների սղության պատճառով: Ստիպված ենք լինում ընտրել, թե կարեւոր, որ մրցմանը մասնակցենք, որին՝ ոչ: Մարզումային պայմաններն էլ արդեն վաղուց չեն համապատասխանում միջազգային պահանջներին, որ Հայաստանում չկա մի աշտարակ, որից հնարավոր լինի երկու մարզիկով ցատկել: Օլիմպավանում աշտարակ կա, սակայն բացակայում են ոստնակները: Հնարավոր չէ, մարզման ընթացքում Օլիմպավանից գնալ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի դպրոց՝ ոստնակացատկի ու վերադառնալ աշտարակացատկի համար», – ասաց մարզիչը:

Նրա խոսքով  ջրացատկորդները հատկապես զուգացատկերում, ստիպված են լինում մրցավայր հասնելով հենց տեղում օրական առանց հանգստի երկու-երեք մարզումներով հղկել վարժությունների կատարումը, որոնք շատ բարդ տարրերից են կազմված: Մինչդեռ, մեր մրցակիցները այդ հնարավորություններն ունեն ամբողջ տարի:

Հրաչյա Չանդիրյանն ասում է, որ ցատկերի տարրերի մոտ 80 տոկոսը մշակվում է դահլիճում, մի բան, որի հնարավորությունը նույնպես չկա: Ելքը Հայաստանում ջրային մարզաձեւերի համալիր մարզաբազա կառուցելն է, որտեղ մարզվել ու հավաքներ անցկացնել կարողանան ջրային բոլոր մարզաձեւերը: Սակայն առաջիկայում նման բան չի նախատեսվում:

Ջրացատկորդներ Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան երկվորյակ եղբայրները իրենց եւ հավաքականի մյուս անդամների անունից նշեցին, որ հաջողությունները ձեռք են բերվել տարիների քրտնաջան աշխատանքով, սակայն չեն բավարարվելու արդեն եղածով:

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Հրաչյա Չանդիրյանը նշեց այն մրցաշարերը, որոնց արդեն 2019 նախաօլիմպիական եւ 2020 թվականին պետք է, անպայման, մասնակցել օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: Դրանք երկուսն են՝ եկող տարվա աշխարհի առաջնությունը եւ 2020 թվականին աշխարհի գավաթը ապագա օլիմպիական խաղերի մայրաքաղաքում:

Միջազգային կարգի մեր միակ մրցավարը՝ Մարիամ Չանդիրյանը, ասաց, որ ինքը Եվրոպայի առաջնությունում հասկանալի պատճառներով իրավունք չուներ գտնվել մեր տղաների մրցելույթները սպասարկող մրցավարների մեջ: «Վլադիմիր Հարությունյանը եւ  Լեւ Սարգսյանը հիանալի հանդես եկան եւ զարմացրին բոլորին: «Գալիս ու այնքան ջերմ էին շնորհավորում մեր տղաներին, ասես, իրենց սաները կամ հարազատներն են մեդալ նվաճել», – ասաց նա եւ ավելացրեց, որ ինքը աշխատել է բազմաթիվ բարձրակարգ առաջնություններում ու մրցաշարերում, սակայն օլիմպիական խաղերի համար մրցավարներին ընտրում է միայն միջազգային ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեն:

Հրաչյա Չանդիրյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ մենք միայն միջազգային մակարդակի մեկ մրցավար ունենք, ասաց. «Մեզ նույնպես այդ խնդիրը մտահոգում է: Միջազգային կարգի մրցավար լինելու համար անհրաժեշտ են հետեւյալ առաջնային պայմանները. ջրացատկի եւ անգլերենի լավ տիրապետում: Երբ կլինեն անգլերենին տիրապետող մասնագետներ, մենք, անպայման, կաշխատենք աջակցել նրանց»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31