Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարիխուանա չէր, էլի, էսքան ծավալով ռազմամթերքը որ գտաք գրպանում, ձեր համար տարօրինակ չէ՞ր». Մանախի գործով նիստը

Դեկտեմբեր 17,2018 23:03

Այսօր Հոկտեմբերի 27-ի գործով հայտնի Արթուր Այվազյանի՝ Մանախի եւ «Ելք» դաշինքի քարոզիչների միջեւ կոնֆլիկտի վերաբերյալ դատավարության ընթացքում որպես վկա ցուցմունք տվեց ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Արմինե Աբաջյանը:

Հիշեցնենք, որ Մանախին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անդրանիկի փողոցում «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ «պահել է ապօրինի ձեռք բերած ատրճանակ՝ «անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ»: Ըստ մեղադրանքի, նա բռնությամբ զուգորդված խուլիգանություն է արել՝ Քր․ Օր-ի 258 հոդված, մաս երկրորդ, եւ ապօրինի զենք է կրել՝ 235 հոդված, մաս 1-ին։ Դեպքը տեղի էր ունեցել 2017-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին, կեսգիշերին մոտ։ «Ելքի» անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկ Սարգսյանը ոստիկանությանը հայտնել էին, որ Արթուր Այվազյանը հարձակվել է իրենց վրա քարոզչություն իրականացնելու ժամանակ, գողացել է իրենց դրոշները, ատրճանակ է պահել Հայկի վրա։

Փորձագետ Աբաջյանը դատարանում ասաց, որ երբ իրեղեն ապացույցները իրենց են բերել փորձաքննելու, փաթեթներից մեկը կողքից բաց է եղել, բայց այն բացել են ոստիկանությունում, որ համոզվեն՝ արյունոտ հագուստը թա՞ց է, թե՞ չոր: Եթե թաց է լինում, այն պոլիէթիլենային տոպրակի մեջ կփտի: Նրա խոսքով՝ մասնագետը «փաթեթը բացել է, համոզվել է, որ հետազոտման ենթակա օբյեկտները թաց ու արյունոտ չեն»:

Ուշագրավ է, որ փորձագիտական նկարագրական մասում փորձագետները չեն արձանագրել այդ հանգամանքը, որ փաթեթը բաց է եղել: Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը փորձագիտական եզրակացությունից դատարանում հատված կարդաց, որտեղ նշված էր՝ «Փորձաքննությանը ներկայացված են Այվազյանի հագուստներն ու կոշիկները՝ փաթեթավորված, կնքված վիճակում», ուստի Ալումյանը հարցրեց՝ «Եթե փաթեթի ամբողջականությունը խախտված էր, ինչո՞ւ չեք նշել: Գրել եք՝ փորձաքննության է ներկայացվել պոլիէթիլենային երկու փաթեթ, նկարագրում եք փաթեթը, գրում եք՝ հանգուցակապված են սպիտակ գույնի թելով, թելի վրա սոսնձված է երկտակ ծալվածք: Այսինքն, էս աստիճանի մանրամասն նկարագրում եք փաթեթավորումը, որից հետո գրում եք՝ փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկը բացելիս…դո՞ւք եք բացել»: Աբաջյանը պատասխանեց, որ փաթեթի ամբողջականությունը խախտված է եղել, երբ իրենց տվել են, բայց դա ուշադրության արժանի չեն համարել. «Մեր աշխատանքային կարգում այդպիսի կարգ չունենք, որ դա պիտի արձանագրվի, իմ կոլեգային չվստահելու խնդիր չունեմ, որ փաթեթը բաց է բերել»:

Արթուր Այվազյանը Արմինե Աբաջյանին հորդորեց նկարագրել՝ տաբատի գրպանից երբ գտաք փամփուշտները, վիզուալ չէ՞ի երեւում, որ հագուստները փռել է սեղանին, ձեռքով շոշափել է, նոր հայտնաբերել. «Մարիխուանա չէր, էլի, որ մտածեիք՝ թութուն է, թե՞ մարիխուանա, էսքան ծավալով ռազմամթերքը որ գտաք զինվորական համազգեստի փոքր գրպանում, ձեր համար տարօրինակ չէ՞ր»: Փորձագետը պատասխանեց՝ տարօրինակ էր, դրա համար առանձին փաթեթավորեցինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31