Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսմասվարը, ում որդին դասի չհաճախելով՝ ատեստատ է ստացել, նշանակվել է դպրոցի տնօրեն

Դեկտեմբեր 17,2018 22:30

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ընդունել լուծել Հովքի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Սիմոնյանի հետ 2018թ. սեպտեմբերի 4-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Մարզպետը նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրեն է նշանակել Սեդա Ասիրյանին: Այդ որոշման մեջ մարզպետն իր նշանակման հիմք է ընդունել ՀՀ առաջին փոխվարչապետի 2018թ. դեկտեմբերի 3-ի գրությամբ ներկայացված առաջարկությունը:

Հովքի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողների մեծ, շուրջ 15 հոգանոց խումբ համաձայն չէ մարզպետի այդ նշանակմանը: Նրանք դեկտեմբերի 14-ին հանդիպել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, ասել, որ իրենք դպրոցի տնօրեն են տեսնում Սամվել Սիմոնյանին, հայտնել, որ Սեդա Ասիրյանը 8 տարի զբաղեցնում է Հովքի դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնը,վերջինիս որդին Հովքի դպրոց չհաճախելով՝ մի քանի տարի առաջ այդ դպրոցից ավարտական ատեստատ է ստացել, Հովքի դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները նրան երբեւէ դպրոցում չեն տեսել:

Դեկտեմբերի 17-ին Հովքի ծնողները դիմում են գրել Տավուշի մարզպետարանի կրթության,մշակույթի, սպորտի վարչություն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հովքի դպրոցի նախորդ տնօրենի օրոք, Սամվել Սիմոնյանի պաշտոնավարումից առաջ , երբ Սեդա Ասիրյանը ուսմասվար էր, ոստիկանության Դիլիջանի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (« Պաշտոնական լիազորությունները չարաշահելը«) եւ 309 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական լիազորությունները անցնելը«): Այդ գործը ներկայումս քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնում: Հովքցի ծնողները հայտնեցին, որ Սեդա Ասիրյանն անտեղյակ չէ այդ քրեական գործից:

Այսօր՝ դեկտեմբերի 17-ի մենք զանգահարեցինք Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին: Նա ասաց, որ Հովքի դպրոցի 21 ուսուցիչներից 19-ը դիմումով ցանկություն է հայտնել, որ Հովքի դպրոցի տնօրեն նշանակվի Սեդա Ասիրյանը:

Դեկտեմբերի 17-ին Հովքի դպրոցի շուրջ 50 աշակերտներից 15-ը, ի նշան բողոքի, դասերի չի հաճախել: Նրանց ծնողները հայտնել են, որ մտադիր են իրենց երեխաներին, ուսումնառության համար, այլ դպրոց տեղափոխել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31