Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսող արձաններով քաղաքը (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 17,2018 21:40

Օրերս «Մեդիագրագիտություն 360°» ֆորումի շրջանակներում առիթ ունեցանք այցելելու Սլովակիայի մայրաքաղաք՝ Բրատիսլավա։

Դանուբի ափին գտնվող փոքրիկ քաղաքը (այն, ըստ ավանդազրույցի, հիմնել է Հռոմեական կայսր Տիբերիոսի զորավար Պիզոնը, հիշատակվում է 907 թվականին` Brezalausurc անվամբի) մեզ գրավեց իր ինքնատիպ արձաններով․ քաղաքի պատմական հատվածում ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել մի յուրօրինակ ֆիգուրի, որը, սակայն, ոչ թե անշարժ կանգնած է, ինչպես շատ քաղաքներում, այլ կարծես խոսում է, այցելուներին իր մոտ կանչում։

Քաղաքի անկյուններից մեկում դիտահորից դուրս եկող աշխատավոր մարդու արձանն է, որն հայտնի է Cumil անվամբ (անունը թարգմանաբար նշանակում է փնտրող)։ Այս արձանի մոտ նկարվելու համար հերթեր են, նկատելի է, որ տուրիստները, ոտք դնելով Սլովակիայի մայրաքաղաք, հենց իրենք են փնտրում նրան, որը դարձել է քաղաքի խորհրդանիշերից մեկը։

Տեղաբնակներից շատերի պատկերացմամբ, այն մարմնավորում է սովետական լրտեսի հավաքական կերպարը, որին թաքցրել են աշխատավորի կերպարի տակ։

Հրապարակի անկյուններից մեկում քաղաքի կնամոլ տղամարդկանցից մեկի արծաթաձույլ արձանն է՝ Schone Naci-ի արձանը։ Տղամարդը, քայլելով քաղաքի կենտրոնական հատվածներով, կանանց տեսնելով, միշտ հանել է իր գլխարկը ու ծաղիկներ նվիրել նրանց, որոնց ուշադրությանն արժանացել է։

Յուրատեսակ մտահղացմամբ արձաններ են տեղադրված նաև Բրատիսլավայի առևտրային կենտրոններում, հայելու մեջ նայող տղամարդու արձանը, սիրահարների արձանը կամ անձրևանոցով աղջկա, որը քայլելով շարժվում է դեպի իր սիրած էակը։

Միգուցե և չանդրադառնայինք Բրատիսլավայի արձաններին, եթե այս թեման արդիական չլիներ Հայաստանի ամենակոլորիտով քաղաքի՝ Գյումրիի համար, որն հավակնում է դառնալ տուրիստական կենտրոն։ Իր պատմական կենտրոնով եվրոպական և ոչ մի գեղեցիկ քաղաքի չզիջող Գյումրիում արձանների թեման ամենաքննարկվողն է ու քննվողն է․ այստեղ քաղաքի կոլորիտային դեմքերին, նրանց բնավորությունը, սովորույթները մարմնավորող հետաքրքիր արձաններ գրեթե չկան, բացառությամբ Պոլոզ Մուկուչի արձանի։ Բրատիսլավայում ակամա հիշեցինք Գյումրու Աբովյան ճեմափողոցում արձաններ տեղադրելու շուրջ քննարկումներից մեկը, երբ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանն առաջարկում էր տեղադրել Խելառ Սարգիսի ու Օրիորդ Վարսենիկի՝ հովանոցը ձեռքին բռնած արձանը։ Օրիորդ Վարսենիկը արիստոկրատ, կրթված կին է եղել, որը, սակայն, հոգեկան խանգարում է ստացել ու քաղաքում ման է եկել սև ձեռնոցներով ու անկախ եղանակից՝ անձրև է եղել, թե արև, ման է եկել անձրևանոցով, գուլպաներով, գեղեցիկ շպարված։

Քանդակագործ Ալբերտ Վարդանյանն էլ նշում էր, որ Գյումրիում պիտի տեղադրել այնպիսի արձաններ, որոնք տեսնելու համար տուրիստները Գյումրի կգան։ « Եթե քանդակ ենք դնում, բերեք դնենք լավը, ես կողմ եմ, որ քաղաքում ամեն ինչ արվի ամենաբարձր մակարդակի, իսկ ո՞վ է ասել, որ ֆիգուրատիվ քանդակագործությունն է միայն մեր քաղաքում գերիշխողը։ Կարող է փողոցը լինել քանդակը, փողոցը, որ դու հեռվից չես տեսնում, բայց քայլելով հայտնաբերում ես քանդակը, քանդակ չէ դա, մտածողություն է, ձև է, տեսակ»,- ասում էր քանդակագործը։

Ի դեպ, Բրատիսլավայի պատմական կենտրոնում, ի տարբերություն Գյումրիի, որի «Կումայրի արգելոց-թանգարան»-ի հուշարձան շենքերն հասցրել են աղավաղել, վերանորոգվող շենքերի ճարտարապետական տեսքից շեղումն արգելվում էր․ նկատելի էր, որ շենքերում ժամանակակից եվրոպատուհաններ անգամ չէին տեղադրում՝ պահպանում էին հինը։

Դպրոցներն էլ ոչ սովորական շենքերում էին, դրանք պատմական, երբեմն ամրոց հիշեցնող շենքերում էին տեղակայված։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31