Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լուկաշենկոն կեղտոտ խաղ է սկսել»

Դեկտեմբեր 17,2018 21:30

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

– Ինչպե՞ս եք գնահատում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին բացահայտումները: Ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:

– Նախագահ Լուկաշենկոյի դրսևորած ակտիվությունը երկու թիրախ ունի: Առաջինը  ՀԱՊԿ-ն է, իսկ երկրորդը՝ Մինսկի խումբը: Ես հասկանում եմ, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչն ու նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշումն անակնկալի պետք է բերեր ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարներին, բայց ստեղծված իրավիճակն էլ ավելի բարդացավ այն պատճառով, որ Բելառուսի նախագահը որոշեց այդ կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետն ավարտված համարել ու սեփական թեկնածուի նշանակման հարցը մեջտեղ բերեց: Ըստ էության, հենց պարոն Լուկաշենկոն դարձավ ՀԱՊԿ-ի հետ կապված իրավա-քաղաքական ճգնաժամի ճարտարապետը, իսկ այդ ճգնաժամի արդյունքում հիմնական հարվածը հասցվում է Ռուսաստանին, որը ոչ միայն ՀԱՊԿ-ի ստեղծման գաղափարի հեղինակն է, այլև այդ կառույցի արդյունավետ գործունեության գլխավոր երաշխավորը:

Մյուս կողմից էլ Գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստն, ինչ խոսք, կհարվածի նաև ՀՀ գործող իշխանության հեղինակությանն առնվազն ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչը ցանկալի արդյունք է առավելապես Բաքվի համար: Լուկաշենկոյի կողմից Մինսկի Խմբի համանախագահների հասցեին հնչեցված քննադատությունն էլ, մեծ հաշվով, ուղղված է բանակցային սեղանի վրա դեռևս առկա Մադրիդյան սկզբունքների դեմ, բայց այն համատեքստում, որ Հայաստանը պետք է իր զինուժը «հանի նախ Ադրբեջանի հինգ շրջաններից», իսկ Բելառուսն ու Ռուսաստանն, իրենց խաղաղապահների միջոցով կապահովեն գործընթացի անվտանգության երաշխիքները: Ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի մասին: Սա բացառապես ադրբեջանանպաստ մոտեցում է, ինչն, իր պարագայում, զարմանալի չէ:

– Ինչո՞ւ Ալեքսանդր Լուկաշենկոն հիմա, երբ հերթական անգամ ակտիվացել են Արցախի հարցի հնարավոր կարգավորման մասին խոսակցությունները, Արցախի եւ Հայաստանի իշխանությունների հարաբերություններում ակնհայտ են խութերը, խոսեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է «հողեր հանձնելուց»:

– Կարելի է ասել, որ նա, այդպիսով, Սերժ Սարգսյանի պատիվն է փրկում՝ ասում է, որ վերջինս հողատու չէ: Բայց Սերժ Սարգսյանի համառությունը հող չտալու մասով բացասական երանգավորմամբ է ներկայացնում: Այսինքն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին է շանտաժի ենթարկում, ակնարկելով, որ վերջինս սխալ կվարվի, եթե հետևի Սերժ Սարգսյանի օրինակին: Ամեն դեպքում, Լուկաշենկոն կեղտոտ խաղ է սկսել: Զավեշտն այն է, որ, ի վերջո, հենց ինքն է անձամբ  դառնալու իր իսկ նախաձեռնած տխմար խարդավանքների զոհը:

– Արդարացի չէ՞ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիտարկումն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին զենք վաճառելու համար ՌԴ նախագահին չի նախատում, այլ միայն իրենից է փորձել «պատասխան պահանջել»:

– Այստեղ ևս պարոն Լուկաշենկոն խեղում է իրականություն: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված քննադատությունը  տարիներ շարունակ շատ են հնչեցրել Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչներն ու կառույցներն, իսկ վերջին շրջանում մեր դժգոհությունն այս հարցում նաև պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից է բարձրաձայնվել: Ռուսական կողմն արդեն իսկ տարբեր առիթներով իր պաշտոնատարների միջոցով խոստացել է վերանայել Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված իր մոտեցումները: Դրան հակառակ Բելառուսն իր «Պոլոնեզները» վաճառեց ու հասցրեց Բաքու այս տարվա հունիսին: Այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո, հակառակ նրան, որ Բատկան, վստահաբար, տեղյակ էր ինչպես դաշնակիցներին հարվածի տակ դնող զինավաճառությունը դատապարտող հայկական կողմի մոտեցումներին, այնպես էլ այս հարցում ռուսական կողմի պաշտոնական մոտեցումների փոփոխությանը: Պարզապես Բատկան հայաստանյան իշխանափոխության առիթը հարմար գտավ մի երկու կոպեկ փախցնելու համար, հիմա էլ   Հայաստանի վարչապետի հասցեին լպիրշ ու անհիմն մեղադրանքներ է հնչեցնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Վարչապետի մամուլի խոսնակն, անդրադառնալով Բելառուսի նախագահի վերջին հայտարարություններին`ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանին զենքի վաճառքի մասով, ասել է, որ պարոն Լուկաշենկոյի հայտարարությունները միակողմանի են, շրջանցելով ՀՀ վարչապետի պատասխանները: Բացի այդ, ըստ Արման Եղոյանի, Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ քննարկումներում, այդ թվում՝ Բելառուսի նախագահի հիշատակած հանդիպման ընթացքում, բարձրաձայնել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31