Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ ցավալի է, ամբոխը հաղթեց ՀՀ գիտակցված քաղաքացուն». Դավիթ Շահնազարյանը՝ լցոնումների, ընտրակաշառքի ու նոր ԱԺ-ի մասին

Դեկտեմբեր 17,2018 20:20

ՀՀԿ ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների մասին իր գնահատականը տվեց: Մեր հարցին՝ դեռ հոկտեմբերին դուք ասում էիք, որ ընտրությունների արդյունքներն ահավոր են լինելու, իսկապե՞ս ահավոր արդյունքներ էին, թե՞ ոչ՝ նա պատասխանեց.

«Այո, ցավոք, ես չեմ սխալվել, սա Հայաստանի բոլոր ընտրություններից ամենավատթար ընտրություններն էին, սկսած այն հանգամանքից, որ մեկ անձի որոշումով մեր հասարակությանը եւ բոլոր քաղաքական ուժերին պարտադրվեցին այս արտահերթ ընտրությունները շատ արագ՝ բլից ռեժիմով, երկրորդը՝ ընտրություններում շատ մեծ մասշտաբով օգտագործվեց վարչական ռեսուրսը: Երբեք վարչական ռեսուրսի այսքան մեծ օգտագործում Հայաստանի որեւէ ընտրություններում չէր եղել: Իմիջիայլոց, ասեմ, որ ընտրություններին վարչական ռեսուրսի օգտագործումը քաղաքական կոռուպցիա է»:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ ընտրակաշառքներ եղել են, լցոնումներ եղել են, կեղծիքներ եղել են. «Հիմա կասեք ինչո՞ւ դրան իրավական ընթացք չի տրվում, ես կասեմ, որ դա անիմաստ է, որովհետեւ հասարակության մեծ մասի համար ընտրությունների արդյունքներն ընդունելի են, եւ դա ամենակարեւորն է: Հետո նման գործընթաց սկսելը կարող է հասարակության մոտ հակառակ կարծիք առաջացնել: Մի հատված կա հասարակության, որ գիտի այդ ամենը եղել է, ասում է՝ լավ են արել, բա որ մի ժամանակ անում էին, ինչպե՞ս էր: Քարոզարշավից առաջ իշխանությունները ուղղակի ահաբեկում էին հասարակությանը: Դա արվում էր վարչապետի պաշտոնակատարի կողմից, արդյունքում՝ մենք այսօր ունենք այնպիսի խորհրդարան, որը քաղաքական մարմին չէ, որը ոչ միայն չի ապահովելու ներքաղաքական կայունություն, այլեւ ինքն է դառնալու անկայունության աղբյուր: Բացարձակապես միագույն խորհրդարան է, ընդդիմության նշույլ այնտեղ գոյություն չունի, բացարձակապես ապաքաղաքական մարմին է: Ինչքան էլ ցավալի է, ամբոխը հաղթեց ՀՀ գիտակցված քաղաքացուն»:

Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների բարձր գնահատականին, Դավիթ Շահնազարյանն ասաց. «Բոլոր նախորդ ընտրություններին էլ շատ բացասական գնահատականներ չեն եղել, բայց սա լուրջ մտորելու առիք է տալիս, թե ինչում էին շահագրգռված, որ քաջատեղյակ լինելով թե՛ ճնշումներին, թե՛ վարչապետի հռետորաբանությանը, սպառնալիքներին ու վիրավորանքներին, այնուամենայնիվ, այսպես եղավ, հետեւությունը թողնում եմ ձեզ: Բայց նույնիսկ այն երկրների ղեկավարները, որոնց ներկայացուցիչները այստեղ դիտորդական առաքելություն էին իրականացնում, ընդհանրապես կարծես ոչ մի շնորհավորանք չուղարկեցին, այդ իմաստով սա ռեկորդային ընտրություն էր. շնորհավորանքները գալիս էին կա՛մ շատ ցածր մակարդակով, արտգործնախարարների մամուլի խոսնակի մակարդակով, կա՛մ ընդամենը անդրադարձով, ընդամենը 2-3 բարձր մակարդակով շնորհավորականներ են եղել, եղել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շնորհավորական ուղերձը, բայց ավելի լավ կլիներ դա ընդհանրապես չլիներ, որովհետեւ տեքստում, եթե նայեք, այնտեղ բացակայում է ժողովրդավարություն բառը: Հետեւությունները իշխանություններն իրենք պետք է անեն»:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ մյուս ցավալի հարվածը մեր պետության, քաղաքական համակարգի վրա այն իրողությունն է, որ Հայաստանում այսօր փաստացի գոյություն չունի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ. «Դրանց մեծ մասը չնչին բացառություններով այսօր իշխանության մի թեւն են հանդիսանում: Իրավապաշտպանների ինստիտուտն է ուղղակի ջախջախված, այսօր Հայաստանում իրավապաշտպանի ինստիտուտ չկա, նրանք ստանձնել են պատժիչ մարմինների փաստաբանի դերը: Մամուլը շատ ավելի քիչ ազատություն ունի, քան ուներ 8 ամիս առաջ: Վարչապետը, որ հայտարարում է, թե Հայաստանում կա մամուլի ազատություն, նույն բանը հայտարարում է Ալիեւը: Ես նախկինում ասել էի, որ ընտրություններից հետո Հայաստանը կդառնա Ադրբեջան՝ առանց նավթի. չկան ՀԿ-ներ, չկան իրավապաշտպաններ, մամուլի մի մասը զուտ այսպես ասած հեղափոխական մամուլ է, սրա հետեւանքները լինելու են բավական ծանր մեր պետականության համար: Հիշեցնեմ, որ քաղհասարակությունը ՀՀ-ում, ըստ էության, կայացել է նախորդ 10 տարիների ընթացքում»:

Դավիթ Շահնազարյանը նաեւ քննադատելով ներկայիս իշխանություններին՝ ասաց, որ ըստ էության, օրիանակացվել է ահաբեկչություն կատարելը. «Ահաբեկչություն կատարած անձինք ոչ միայն ազատության մեջ են, այլեւ կուսակցություն էին ստեղծել, մասնակցում էին ընտրություններին, զուտ այդ փաստն արդեն այնպիսի մեծ ստվեր է գցում ընտրությունների վրա ու դա աշխարհը շատ լավ տեսնում է ու սակավաթիվ շնորհավորականները նաեւ դրա հետ են կապված»:

Մենք հետաքրքրվեցինք՝ լցոնումների, ընտրակաշառքի մասին խոսեցիք, կոնկրետ ո՞ր ընտրատեղամասում եք դա տեսել, որովհետեւ մենք էլ ենք ընտրությունները լուսաբանել, բայց նման արտառոց դեպքեր՝ ընտրակաշառք, լցոնումներ չեն եղել՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Ես չասացի, որ դա զանգվածային բնույթ է կրել, իհարկե, քիչ է եղել, բայց ընտրակաշառք եղել է ու նոր այսպիսի ինստիտուտ է օգտագործվել՝ մեծ քանակությամբ անհատ ձեռներեցներ են գրանցվել ու իբր կարճաժամկետ աշխատանքի են վերցրել, վճարումներ են արել»:

Մենք ճշտեցինք՝ դուք նկատի ունեք ԲՀԿ-ի Գագիկ Ծառուկյանի՞ հետ կապված դեպքը, որի մասին մամուլում հրապարակումներ եղան՝ պարոն Շահնազարյանը պատասխանեց, որ չի ուզում անուններ տալ, երեւույթն է մատնացույց անում. «Այո, կեղծիքներ էլ են եղել, լցոնումներ էլ են եղել, ընտրողների մասնակցությունը շատ ավելի ցածր է եղել, քան իրականում, բայց իրավական ընթացք տալ սրան նպատակահարմար չէ»:

Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Ես չեմ ընդունում այս ընտրությունների արդյունքները, բայց փաստ է, որ մեծամասնությունը քվեարկել է իշխող քաղաքական ուժին: Դա չի նշանակում, որ իշխող քաղաքական ուժը լեգիտիմ չէ»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ դուք ահաբեկչության մասին խոսեցիք, բայց «Սասնա ծռերի» գործողությունները ահաբեկչություն չեն որակվել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, հետեւաբար Նիկոլ Փաշինյանը ժառանգել է այն իրավական հիմնավորումը, որը տրվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, հետեւաբար այդ հիմքով ինչպե՞ս չթողներ մասնակցել ընտրություններին՝ պարոն Շահնազարյանը պատասխանեց. «Ես առաջինը մեղադրել եմ Սերժ Սարգսյանի ժամանակ դատախազությանը, որ մեղադրանք չի ներկայացվել, երկրորդը՝ այս իշխանությունն ավելի վատ բան է արել՝ նրանց գրանցել է որպես կուսակցություն, երբ նրանց ծրագիրը հակասում է Սահմանադրությանը եւ օրենքներին»:

Մեր հարցին՝ դուք խոսեցիք Մերկելի շնորհավորանքի մասին, բայց մամուլում ավելի շատ քննարկվեց այն փաստը, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Փաշինյանին չշնորհավորեցին, դուք այստեղ ինչ-որ միտո՞ւմ եք տեսնում՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Հայաստանն այսօր բավական լուրջ քաղաքական մեկուսացման մեջ է գտնվում: Այսօր մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ, ըստ էության, բարեկամներ ընդհանրապես չունենք, Հայաստանի իշխանություններին լուրջ չեն վերաբերվում ոչ մի տեղ: Այսքան անլուրջ եւ անպատասխանատու իշխանություն, ինչքան մենք այսօր ունենք, 1918-ի մայիսի 28-ից մինչ այսօր Հայաստանում չի եղել: Փաշինյանը ամեն օր նոր ապացույցներ է ներկայացնում, որ վարում է Արցախի շահերին դեմ քաղաքականություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վերջին երկու տողերը միայն չափացանցութիւն են, գոնէ իրենց բանաձեւումին մէջ, որովհետեւ կը ջանան հաստատել վարչապետին կողմէ Արցախի դէմ գործելու ուղղակի միտում, գիտակից ու նախամտածուած դիտաւորութիւն: Այդպիսի «ապացոյց», ցարդ, չկայ: Նորէն չիյնանք այն հաւաքական հոգեկան խախտումին մէջ, որ ատելութիւն կը սնանէր նախկին իշխանաւորներուն դէմ: Սակայն խնդիրն այն է թէ, ինչպէս կ’ըսեն, ամենաբարի միտումներն ալ կրնան տանիլ դժոխք, եւ այժմու իշխանութիւնը չունի նշանակալից որեւէ հակակշիռ, ոչ ներքաղաքական գետնի վրայ, ոչ ալ ներազգային որեւէ այլ մակարդակի վրայ: Համայն Հայութիւնը, սառած, քարացած, սպասում է… Պղտոր յոյս մը դեռ սրտին, բայց միտքովը պատրաստ՝ յոռեգոյն զարգացումների:

    Անհերքելի է որ, ընտրարշաւի մարտավարութենէն այլեւս անկախ, անցեալ ինը ամիսներու իրադարձութիւնների հիման վրայ, լուրջ ու ծանր մտահոգութիւններ կան, յատկապէս Արցախի կապակցութեամբ: Եւ որոշ ամբոխ մը կոյր կամ անհոգ է, եւ կ’ուզէ այդպէս մնալ, այդ ուղղութեամբ:

    Երեւի այստեղ է որ պիտի անպայման գտնուի մէկը որ ըսէ՝ է՜հ դեհ լաւ, ի՞նչ է, նախկին վարչակարգի՞ ժամանակ չկային այդպիսի մտահոգութիւններ: Well… ոչ, չկային: Շատ մը – քաղաքականօրէն խորապէս չէզոք – հայերու համար, էն վախտը, չկային այժմու չափով եւ տարողութեամբ, իսկական այդպիսի մտահոգութիւններ: Այս նիւթին մէջ գոնէ, ամենախիստ – բայց բանականութեան սահմանը չանցնող – արժեւորումով մը անգամ՝ նախկին վարչակարգի նկատմամբ, գոնէ կար status quo մը, որ բացայայտօրէն ի նպաստ մեզի էր. պայմանաւ որ՝ դիմանայինք: Եւ չդիմացանք:

    Այս ժամանակաւոր հրճուանքի գինը կրնայ շատ, շատ թանկ ըլլալ: Նոյնիսկ եթէ դարձեալ յաղթենք պատերազմի յաջորդ հիմնական հանգրուանը: Եւ խօսքը առաջնահերթաբար հողի մասին չէ: Անցեալ անգամ, միայն չորս օրուայ մէջ արդէն, հարիւր-քսանից աւելի զոհեր տուինք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31