Արարատի մարզի Արարատ համայնքում բողոքի ցույց է ընդդեմ հանրապետական քաղաքապետի: Ցուցարարները պահանջում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ գտնում են, որ այս գործող քաղաքապետ Հայկ Հայկյանը լեգիտիմ քաղաքապետ չէ:
«Հանրապետականը հեռացել է, ինքն էլ թող հեռանա: Եթե համոզված է, որ ընտրված քաղաքապետ է՝ արտահերթ անենք, նորից թող թեկնածությունը դնի, ու հաղթի, եթե համոզված է: Այստեղ աթոռի կռիվ չէ, իրա անձի դեմ ոչինչ չունենք: Արտահերթ անեն՝ ով ավելի լավ ծրագրեր կներկայացնի, նա էլ թող ընտրվի: Եթե իր քաղաքական հովանավորները կորցրել են վստահությունը, այսինքն՝ չեն էլ ունեցել, չենք ուզում հանրապետական քաղաքապետ լինի»,-ասաց բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:
Արարատցիները գործող քաղաքապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով մոտ 5000 ստորագրություն են հավաքել: Նրանք անգամ հույս հայտնեցին, որ վարչապետն ու մարզպետը մի բան կանեն եւ կաջակցեն իրենց բողոք-պահանջին. «Համոզված ենք՝ մարզպետը աջակցում է մեզ, վարչապետն աջակցելու է: Ու մի խնդրանք՝ մի դրդեք մեզ կրիտիկական քայլերի»:
Ցուցարարների վստահեցմամբ՝ Հայկ Հայկյանը 2013 թվականից ղեկավարում է Արարատ քաղաքը, սակայն որեւէ ակնառու փոփոխություն քաղաքում չի արել:
Ցույցի մասնակից արարատցիները դժգոհում էին քաղաքի ոչ բարվոք փողոցներից, տրանսպորտի աշխատանքից, մանկապարտեզների վատ վիճակներից:
Ցույցի մասնակից մի կին էլ պատմեց, որ քաղաքում ասֆալտապատ են այն փողոցները, որտեղ բնակվում են քաղաքապետարանի պաշտոնյանները. «Զոդում փոխքաղաքապետ ունեինք, իրա շենքի դիմացը կառուսելներով… ամեն ինչ կա: Անձամբ հրավիրել եմ իրան, ասել՝ քայլիր այստեղով, եթե կարողանաս էս ցեխին քայլես, ես ներողություն խնդրեմ: Մինչեւ ծնկները ցեխ էր եղել, ու էդքանից հետո չհասկացավ, որ դպրոցականները չեն կարող քայլել էդ փողոցներով»:
Ցուցարարները վստահեցրին՝ բողոքի ցույցերը չեն դադարեցնելու մինչեւ իրենց պահանջը չկատարվի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ