Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նկարիչը` նախարարի աղմկահարույց հայտարարության մասին. «Շատերը մշակույթի հետ ոչ մի կապ չունեն»

Դեկտեմբեր 17,2018 17:14

Դեկտեմբերի 13-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասել էր, որ Հայաստանի ազգային պատկերասրահի կտավները ցուցադրվելու են ՀՀ դպրոցներում ու արդեն ընտրել են ամենաթանկ կտավը: Գաղափարը հանրության կողմից միանշանակ չի ընդունվել:

Aravot.am-ը այս թեմայի վերաբերյալ կարծիք հարցրեց Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն, Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանից:

«Շատերը մշակույթի հետ ոչ մի կապ չունեն եւ արտահայտվում են առանց պրոֆեսիոնալ մտածելակերպի: Նրանք իրավունք չունեն խոսելու, միայն պետք է լսեն ու սովորեն մարդկանցից, որոնք կրթված են, մասնագետ են ու որոնց կարծիքը պետք է հաշվի առնել»,-ասաց ՀՀ  ժողովրդական նկարիչը:

«Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատանքները ոչ մի տեղ չի կարելի տեղափոխել, դրանք ազգային հարստություն են… Ի՞նչ է նշանակում դրանք վերցնել ու դպրոց տանել: Իրենք չեն հասկանում, որ գոյություն ունեն տարբեր ֆոնդեր` նկարիչների միության, մշակույթի նախարարության, ցուցահանդեսային… Այդտեղից իրավունք ունեն  ցուցադրելու: Բացի այդ, Ազգային պատկերասրահն ունի իր մասնաճյուղերը համարյա բոլոր մարզերում: Դա լրիվ այլ բան է, քան նկարները պարկերասրահից տարբեր տեղեր տանելը: Հետո այդ նկարների հետքը չես գտնի…

Կրկնում եմ` Հայաստանի ազգային պատկերասրահից ընդհանրապես չի թույլատրվում նկարներ հանելը: Հիշեցի, որ ինձանից հետո մի քանի աշխատանք, այնուամենայնիվ, տարել են Կոմիտաս թանգարան-ինստիտուտ: Թադեւոսյանի հրաշալի նկարը` Կոմիտասի եւ Թերլեմեզյանի, շուտափույթ պետք է վերադարձվի պատկերասրահ: Կամ՝ Խանջյանի «Անլռելի զանգակատունը» պետք է անհապաղ վերադարձվի Հայաստանի ազգային պատկերասրահ»,-հավելեց Փարավոն Միրզոյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Պատկերասրահից նկարները դպրոցներ տանելը ավելորդ խոսակցություններ են: Նման բան չի եղել եւ չի էլ կարող լինել: Սկսած Ռուբեն Դրամփյանից մինչեւ այսօրվա տնօրեն Արման Ծատուրյանը, մարդիկ շատ լավ աշխատել ու աշխատում են: Թող ոչ մեկը ոչ մի ավելորդ բան չասի»:

Արվեստագետ Սահակ Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Աշխարհում ընդունված է, ու բոլոր թանգարաններն իրենց հավաքածուի գործերը շրջիկ ցուցահանդեսների միջոցով ուղարկում են տարբեր երկրների թանգարաններում ցուցադրելու:  Հենց այս պահին Հայաստանի ազգային պատկերասրահում իտալական բարոկկոյի ցուցահանդես է, որը նույն գործառույթն ունի: Ցուցահանդեսները տեղափոխվում են տարբեր երկրներ` պայմանագրային ցուցադրության նպատակով: Բայց դրա համար ունի հսկայական ապահովագրություն, նկարները ապահովագրված են, եւ կա շատ մեծ պատասխանատվություն` տեղափոխման արկղերը ու մյուս բաները հստակ չափանիշների են համապատասխանում:

Ես չեմ կարծում, որ պատկերասրահից դպրոցներ տեղափոխվող նկարների դեպքում այդ ամենը կարվի: Նաեւ չեմ կարծում, թե այս տեսակ հանրահռչակելը ճիշտ է: Տվյալ դեպքում շատ ավելի գումար կծախսվի, քան նույն երեխաներին ավտոբուսով պատկերասրահ տեղափոխվելը, ինչը ավելի ընդգրկուն ազդեցություն կունենա:

Ընդունենք Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունը, որը պատկերասրահն աչքի լույսի պես պահում է, տեղափոխում են որեւէ շրջան: Պատասխանատվությունն ո՞վ է իր վրա վերցնելու, ես չգիտեմ: Իմ կարծիքով, դա ճիշտ չէ:

Երեխաները երեւի պարտադրված պետք է գան ֆիզկուլտուրայի դահլիճում նկարները նայելու, ոչինչ չեն հասկանալու, քան եթե այցելեն պատկերասրահ, որն ինքնին ավելի մեծ գաղափար է որպես երեւույթ, քան մեկ նկարը»:

Արվեստագետը հավելում է, որ կարող են երեխաներին արվեստին ծանոթացնելը վերատպությունների միջոցով անել, ու պարտադիր չէ, որ Կոջոյան կամ Այվազովսկի տանեն որեւէ դպրոց: «Վերատպության կամ սլայդների միջոցով ցուցադրությունն ավելի մատչելի ճանապարհ է, ո՞վ ասաց, որ  պարտադիր կտավը  պետք է տանել դպրոց, մանավանդ որ, 5-17 տարեկանը ոչ մի բան չի հասկանալու բնօրինակից: Ես ընդհանրապես դեմ եմ պատկերասրահից որեւէ արժեք հանելուն, եթե դա Մետրոպոլիտենը չէ կամ Բրիտանական թանգարանը»,-ասում է Սահակ Պողոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Լիլիթ Մակունցի եւ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան  էջերից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31