Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը՝ «դատարանի վրա բիրտ ճնշում է եղել» դատավորի հայտարարության մասին՝ «Դատավորն իրավունք չունի այդպիսի հայտարարություն անելու»

Դեկտեմբեր 17,2018 16:01

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ դատական համակարգն անկախ է, ինքն ու վարչապետը դատավորներին որեւէ հրահանգ չեն տվել եւ չեն տալիս:

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Քոչարյանին 2-րդ անգամ կալանավորելուց հետո հայտարարել է՝ դատարանի վրա բիրտ ճնշում է եղել:

Բացի այս, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանները պնդում են, որ Գրիգորյանը 10-ից ավելի հիվանդություն ունի, այդ թվում նաեւ շատ ծանր հիվանդություն, եւ դատարանները նրա կալանքը փոխելու միջնորդությունները չեն ընդունում, սակայն այլ դեպքերով՝ օրինակ՝ Մարտի 1-ի գործով Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանքի որոշում չեղավ:

Aravot.am-ը  Զեյնալյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի դատավոր Ազարյանի հայտարարությունն, այն դեպքում, երբ նախարարի պաշտոնակատարը վստահեցնում է, որ դատական համակարգն անկախ է:

«Ես չեմ կարող հավատալ, որ գործող դատավորը հայտարարել է, որ գործով դատավորի նկատմամբ ճնշում է իրականացվել: Անհավատալի է: Սա չեմ ուզում մեկնաբանել, եւ դա պետք է բացառվի եւ եթե այդպես լիներ, դա կլիներ խախտում դատական օրենսգրքով նախատեսված: Դատավորն իրավունք չունի այդպիսի հայտարարություն անելու: Եվ ես չեմ հավատում դրան»,-ասաց Զեյնալյանը: Մենք պարոն Զեյնալյանին ցույց տվեցինք Ազարյանի հարցազրույցը, որտեղ նա նման հայտարարություն է կատարել, եւ կրկին հարց ուղղեցինք Զեյնալյանին՝ գուցե փոխվե՞ց ձեր կարծիքը: Սակայն Զեյնալյանն ասաց՝ ոչ:

Մենք Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվող արդարադատությունից հետաքրքրվեցինք՝ նաեւ որպես իրավապաշտպան ինչպե՞ս կգնահատի այդ գործընթացը: Ի պատասխան մեր հարցի, Զեյնալյանն ասաց. «Արդարադատության նախարարությունն ու նախարարը դատաքննություն չեն իրականացնում, արդարադատություն չեն իրականացնում: Մենք միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ենք կատարում: Իսկ Մանվել Գրիգորյանի հարցը գտնվում է նախաքննության փուլում: Իրենք պետք է իրականացնեն փորձաքննություն, պարզելու՝ նրա առողջական վիճակի եւ ազատազրկման համատեղելիությունը: Իսկ որպես իրավապաշտպան՝ ես կաշկանդված եմ արդարադատության նախարարի կարգավիճակում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    եւ ասոնք է որ լինելու են «Ընդդիմութիւն», հա՞… եւ այս անձն է որ դեռ լուրջ ու ատակ, հասուն ու կարող մարդ կը նկատուէր… ի տարբերութիւն պաշտօնական բարձրաստիճան դիրքերի հասած երեխաների բաղանգին…

    ասկէ աւելի կեղծ ու լպրծուն, մակերեսային եւ խուսափուկ «պատասխաններ» տալը, այդքան պարզ հարցումներու, անհնար է… պաշտպանել ջանալու համար ակնյայտօրէն անպաշտպանելին…

    լուսաւոր է Հայաստանի ապագան, հաստատ

    բայց հըլէ հիմա, Տօները վայելեցէք, տեսնենք… մէկ ամիս անընդհատ ու անսահման կերուխում, դարձեալ իրականութենէն փախուստի երջանիկ փակագիծ մը… վստահաբար շատ օգտակար է՝ սթափ կերպով արժեւորելու համար կացութիւնն ու անթիւ ու բազմատեսակ մարտահրաւէրները

    «քեֆ անողին, քեֆ չի պակսիլ»… դաւայ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31