Լրահոս
Օրվա լրահոսը

Բարդուղ Գաբրիելյանը իրավապահներին Սեւանում միլիոնների կոռուպցիայի տեղն է մատնացույց անում

Դեկտեմբեր 17,2018 15:56

Կոռուպցիայի դեմ պայքար են  տանում, միլիոնների բացահայտումներ են անում, բայց Սեւանում միլիոնների հասնող կոռուպցիայով չեն զբաղվում: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց Ձկնաբուծության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը. «Այդտեղ  միլիոնների կոռուպցիա կա, ինչո՞ւ սրանով չեք զբաղվում, այդ կոռուպցիայի հետեւանքով միլիոնների կորուստ ենք ունենում»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե նոր կառավարության օրոք ինչպիսի՞ն է Սեւանա լճում որսագողերի դեմ պայքարը, պարոն Գաբրիելյանն ասաց՝ ավելի վատ. «Այս տարի սիգի, իշխանի եւ որսի համար արգելված այլ ձկնատեսակների պահպանությունը ավելի վատ է իրականացնում, քան անցյալ տարի: Միգուցե նրանք զբաղված են ընտրություններով, քաղաքական հարցերով, բայց մենք նամակը ուղարկել ենք, որ չնայած ձեր զբաղվածությանը, պետք է ձեր համապատասխան  կազմակերպությունները զբաղվեն այս հարցով: Ինձ չի թվում, որ մի տեսուչ գնացել է եւ իր գործը թողած՝ ընտրություններով է զբաղված եւ ժամանակ չունի պահպանությամբ զբաղվել»:

Բարդուղ Գաբրիելյանն ասաց, որ այսօր Սեւանում կողակը մատների վրա կարելի է հաշվել, շուտով՝ իշխանն էլ. «Կողակը գտնվում է անհետացման եզրին: Պահպանությունը, վերականգնումը պետք է ժամանակին կատարենք, այլապես կուշանանք եւ որքան էլ որոշում հանենք՝ մի տարի հետո, այլեւս հնարավոր չի լինի վերականգնել, որովհետեւ իսպառ կվերանա: Սեւանի բեղլուի եւ կողակի համար ավելի մեծ ժամանակ կպահանջվի, մինչեւ դրանց պաշարները վերականգնվեն»:

Նրա խոսքով, դեկտեմբերի 20-ից սկսած ընդհանրապես արգելված է Սեւանում որս կատարելը, քանի որ ձվադրման շրջան է, բայց նախապատրաստական աշխատանքները շատ ավելի վաղ՝ նոյեմբերից սկսած պետք է կատարել, քանի որ որսագողերը վտառներ են որսում եւ նրանք այդպես էլ չեն հասնում ձվադրավայրեր:

Բարդուղ Գաբրիելյանի ներկայացմամբ, փոքր ՀԷԿ-երը, ոչ կառավարելի ջրառը թույլ չեն տալիս, որպեսզի ձկան կերը զարգանա, ձուկը բարձրանա իր բազմացման վայրերը:

Կենտրոնի տնօրենի խոսքով ոչ կառավարելի իրավիճակը բերել է նրան, որ Ձմեռային իշխանը եւ որոշ տարատեսակներ իսպառ վերացել են:

Խեցգետնի որսի ահռելի չափերն էլ խեցգետնի քանակն է լճում մի քանի անգամ կրճատել. «2014 թվականից սկսեցին ներմուծել խեցգետնաորսիչներ, որոնք ամենափոքր խեցգետիններին էլ որսացել են: Եվ այդ պատճառով այսօր լճում 2,5 տոննա խեցգետին էլ չի մնացել»:

Ինչ վերաբերում է Սեւանի սիգին, ապա, պարոն Գաբրիելյանի խոսքով, սիգի որսն ընդհանրապես թույլատրված չէ, սակայն ամենուրեք սիգ են վաճառում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31