Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը կրկնում է նախորդների սխալները». Լարիսա Ալավերդյան

Դեկտեմբեր 17,2018 15:23

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի «աչքը ջուր է կտրել», արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախօրեին, երբ ընտրություններին մասնակից 11 քաղաքական ուժերի ներկայացուցիչները բանավիճում էին: «Բոլորն ասացին, թե ինչպիսի Հայաստանի համար են քվեարկելու, ոչ մեկը չի ասել, որ իրավական պետության համար է քվեարկելու»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում իր վրդովմունքն արտահայտեց տիկին Ալավերդյանը:

Խնդիրն այն է, որ այլ իրավապաշտպանների նման, Լարիսա Ալավերդյանը նույնպես համարում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ եւ 6-րդ հոդվածների նորմերի բազմապիսի խախտումներ են եղել վերջին աղմկահարույց գործերով`Մանվել Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Մայրապետյանի, նաեւ`շատ ոչ հանրային հնչեղություն ստացած գործերով: Խոսքը անձի անձեռնմխելիության, արդար դատավարության եւ այլ իրավունքների խախտումների մասին է: «Սա է պատճառը, որ դատապաշտպանները ասել են, որ դիմելու են ՄԻԵԴ: Դիմումը զուտ դատավարական նորմերի եւ իրավունքի խախտումների մասով է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ասուլիսի ժամանակ նա խուսափում էր անուններ հնչեցնել: Լրագրողներն օրինակ բերեցին Զարուհի Փոստանջյանին, որն անուններով խոսեց եւ հարձակման թիրախ դարձավ ու հետաքրքրվեցին`արդյոք ինքը վախենում է հասարակական ճնշումներից: «Երբ իրավապաշտպանը խոսում է որեւէ անձի խախտված իրավունքների մասին, դա չի նշանակում, որ նա պաշտպանում է այդ անձի` նախկինում արած վատ արարքները: Այդ անգրագիտությունը փորձեք հասարակությունից հանել, քանի որ դա վատ տպավորություն է ստեղծում Հայաստանի մասին: Նաեւ դատապաշտպանին`պաշտպանյալի հետ նույնականացնելը»,- ասաց տիկին Ալավերդյանը` հավելելով. «Ինձ վրա չեն ազդում այդ հարձակումները, ինչ հարձակվողներն ասում են եւ շատ վատ են ասում, դա իրենց վիճակին է վերաբերում: Իսկ դա շատ վատ է բնութագրում Հայաստան երկիրը»:

Լարիսա Ալավերդյանը հիշեց, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին զանգվածաբար խախտվում էին մարկանց սեփականության իրավունքները, իրենք ահազանգում էին, որ այդ մարդիկ գնալու են ՄԻԵԴ: Այդ ժամանակվա նախարարն ասում էր` հոգ չէ: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ մարդ պետբյուջեից գումարներ են ստանալու իբրեւ փոխհատուցում`իրենց խախտված իրավունքների համար: Այս իմաստով շարունակականության այս միտումը ինքը լավ չի համարում. «Ես գտնում եմ, որ դա ամբողջության մեջ խոսում է նրա մասին, որ Հայաստանում, մարդու դատավարական իրավունքների հանդեպ արհամարհանքը շարունակվում է այնպես, ինչպես եղել է մինչ այդ: Եվ ես առաջինը չէ, որ խոսում եմ դրա մասին: Հիվանդությունը, որն ունի հասարակության կողմից ամենաատելի մարդը, եւ նրա վիճակը փաստում է, որ չի կարելի նրան ձերբակալման պայմաններում պահել, ի՞նչ նշանակություն ունի, թե ի՞նչ է արել նախկինում այդ անձը: Այս իշխանությունը կրկնում է նախորդների սխալները: Մենք իրենցից այլ բան ենք սպասում: Ժամանակը չէ՞ վերջ տանք անցյալի հետ համեմատվելուն: Ես կարծում եմ, ճիշտ ժամանակն է: Մենք բոլորս մեզ վրա կրում ենք խարանը, որ չկարողացանք «Հաց բերողի» պաշտպանությունը պատշաճ իրականացնենք: Պետք չէ կրկնել վատը, պետք է նորը գտնենք եւ առաջ գնանք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31