Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այցելել է Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանին: Այս մասին այսօր Զեյնալյանն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Նրան տեսել եմ խցում, խոսել եմ, առանձնազրույց եմ ունեցել: Սրա վերաբերյալ կարող եմ հայտարարել, իրավունք ունեմ»,-ասաց Զեյնալյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող ասել: «Բայց կարող եմ ասել, որ խորհուրդ եմ տվել ավելի շատ սպորտով զբաղվել»,-ավելացրեց նախարարի պաշտոնակատարը: Նա նման խորհուրդ է տվել, քանի որ Նաիրի Հունանյանը, ինչպես վստահեցրեց Զեյնալյանը, գիրացել է:
Իր հետագա պաշտոնավարման մասին էլ Զեյնալյանն ասաց՝ «Կմնամ, թե՝ ոչ, կառավարության անդամի պաշտոնը քաղաքական է, որը պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի վարչապետի հայեցողությամբ»: Իսկ ով կլինի արդարադատության նախարարը, Զեյնալյանն ասաց, որ պարզ կլինի առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ