Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուկաշենկոյի ասածները ամենահամեստ նշանակությունը պետք է ունենան. Լարիսա Ալավերդյան

Դեկտեմբեր 17,2018 14:03

«Որեւէ մեկը թող մոլորության մեջ չընկնի, թե ինչ որ մեկի կամ ինչ-որ խմբի ստորագրությունով, այդպիսի խնդիրները հնարավոր է լուծել հօգուտ տարածաշրջանում պատերազմի: Այսօրվա ստատուս-քվոյի փոփոխությունը Արցախի հարցում, միայն տարածաշրջանում շատ ավելի լարված իրավիճակ կստեղծի»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` խոսելով Արցախի հարցի կարգավորման շուրջ հնարավոր-հերթական զարգացումների մասին:

Տիկին Ալավերդյանն աշխուժություն է նկատում ԱՄՆ-ի կողմից`հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի հայտնի հայտարարությունները, ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն ու արված հայտարարությունները: Ասում է` ամերիկյան մամուլում էլ կան նյութեր, որտեղ հստակեցվում է ուղերձը`ՀՀ նախկին ղեկավարները լեգիտիմություն չեն ունեցել, չէին կարող ոչ պոպուլյար որոշումներ ընդունել, հիմա եկել է շատ բարձր լեգիտիմությամբ ղեկավար, ինչը իրեն անգամ պարտադրում է գնալ ոչ պոպուլյար լուծումների, որոնցից խուսափել են ՀՀ բոլոր նախագահները:

«Դա մոլորություն է: Եթե անգամ ԱՄՆ-ի կողմից է, ամերիկյան մոլորություն է»,- ասաց բանախոսը:

Լրագրողի դիտարկմանը`եթե այդպիսի տեսակետներին Արցախից են արձագանքում եւ զրկվում են պաշտոնից, այլեւս չեն արձագանքի, տիկին Ալավերդյանը համաձայնեց. «Այո, չեն արձագանքի, բայց քայլեր որեւէ այլ ձեւով, քան այսօրվա պաշտպանությունն ամրապնդելը եւ հստակեցնելը, որ որեւէ ոտնձգություն ծանր ավարտ կունենա, հստակ է: Ասածն ու արածը չպետք է խառնենք»:

Իր գնահատականով, հայաստանյան քաղաքական ուժերը կամ լռության են մատնում Արցախի հարցը, կամ կրավորական են վերաբերվում: Միայն մեկ քաղաքական ուժ`Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժն է հստակ հայտարարել`տարածքները պետք է վերադարձվեն: Նա ծայրահեղ է համարում նաեւ «Սասնա ծռերի» մոտեցումը`Արցախի հետ միավորման մասով:

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի`մամուլի ասուլիսում արած հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը մերժել է տարածքների հանձնելը, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ իր տպավորությամբ, Բելառուսի նախագահն իրեն զգում է ալիքի ամենաբարձր կետում եւ ուզում է ցույց տալ, որ ինքը որոշիչ դերակատարում ունի տարբեր հարթակներում. «Ես կարծում եմ, Թրամփից հետո, բոլոր մնացածները ջանում են իրենց էլ Թրամփ ցույց տալ, որ գործող խաղի կանոնները`միջպետական հարաբերություններում, անցյալ է»:

Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին Լարիսա Ալավերդյանը վերաբերվում է իբրեւ «զուտ խոսքերի»: Ասում է՝ Սերժ Սարգսյան ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են, միասին աշխատել են եւ լավ հարաբերություններ են ունեցել իբրեւ գործընկերներ. «Բելառուսն ուզում է ցույց տալ, որ իրենք եւ ՀՀ նախկին իշխանությունը ՀԱՊԿ-ում իրենց ճիշտ էր պահել: Բայց Լուկաշենկոյի ասածները ամենահամեստ նշանակությունը պետք է ունենան: Եթե դա լիներ ճշմարտության նման, մենք պետք է խոսեինք`Բելառուսի նախագահի`մեր ներքին գործերին խառնվելու մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31