Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե արհեստավորը կամ արվեստագետը սկսի համբուրգեր վաճառել, իսկ հետո՞

Դեկտեմբեր 17,2018 14:30

«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը եւ Աշտարակի քաղաքապետի տնտեսական զարգացումների եւ տուրիզմի գծով խորհրդական Արթուր Ոսկանյանը

Նելլի Գրիգորյան.- 2004 թվականից զբոսաշրջության զարգացումը Հայաստանում հայտարարված է գերակա ճյուղ: Այն շարունակում է գերակա մնալ նաեւ նոր իրողությունների պայմաններում` Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած զարգացումներից եւ փոփոխություններից հետո: Նոր կառավարության ծրագրում զբոսաշրջության զարգացման նոր տեսլականներ եւ նոր մոտեցումներ նախանշվո՞ւմ են:

Մեխակ Ապրեսյան.– Կտրուկ փոփոխություններ իհարկե այս ժամանակահատվածում դժվար էլ հնարավոր կամ սպասելի լիներ, մանավանդ որ զբոսաշրջությունն այս տարիների ընթացքում բավական դինամիկ եւ համակարգված զարգացում է ունեցել: Հատկապես ուզում եմ նշել մեր մասնավոր հատվածի ստեղծագործ գործունեության եւ ջանքերի շնորհիվ, նաեւ պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ: Հայաստանին հաջողվել է դառնալ նաեւ միջազգային համագործակցության մեջ խաղացող: 2000 թվականից առ այսօր իրականում ամեն տարի մենք ունեցել ենք զբոսաշրջային այցելությունների աճ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Իսկ հիմա՝ հեղափոխական գործընթացների ժամանակ, զբոսաշրջության առումով շատ կարեւոր ու հետաքրքիր բան տեղի ունեցավ՝ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռվեց Հայաստանի վրա: Շատ լավ է, որ շնորհիվ մեր ժողովրդի հեղափոխությունը տեղի ունեցավ հանգիստ, թավշյա, անգամ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկներն էին մասնակցում դրան: Այս հեղափոխությունը Հայաստանի ճանաչողության բարձրացման առումով կարեւոր էր: Հիմա մենք պետք է կարողանանք ճիշտ կառավարել սպասվող հոսքերը:

Ն. Գ.- Պարոն Ոսկանյան, նախկին պետական պաշտոնյայի դիրքերից պարոն Ապրեսյանը ներկայացրեց նախկինում կատարված մեծ աշխատանքը: Այդ աշխատանքի արված չափն ու ներկայացումը համընկնո՞ւմ են իրար հետ:

Արթուր Ոսկանյան.– Պարոն Ապրեսյանը ինքն էլ գիտի, որ ամենասկզբից՝ 1997-98 թվականներից, վիճակագրության, մեթոդաբանության հետ կապված լուրջ խնդիրներ կային: Քանի որ բոլորն են ընդունում դա, տվյալների արժանահավատության հարց չի միայն, այլ նաեւ ճշգրտության: Որքանո՞վ են կոռեկտ այն տվյալները, որոնք ընկած են տուրիստական հոսքերի գնահատման հիմքում եւ այլն, եւ այլն: Քանի որ ես հիմա համայնքներում ավելի կոնկրետ տնտեսական ծրագրերի հետ եմ առնչվում, այստեղից ավելի լավ է երեւում, թե իրականում ինչ է արվել, ինչ չի արվել:

Ն. Գ.- Օրինակ՝ ի՞նչ չի արվել:

Ա. Ո.– Շատ բան չի արել, օրինակ՝ Երեւանից դուրս ռեսուրսի առումով համակարգված մոտեցում շատ քիչ է դրսեւորվել: Բայց դա պարոն Ապրեսյանից կախված չէր, համակարգի խնդիր կար: Ինչո՞վ են մարզերը եւ մարզային ռեսուրսը կարեւորվում: Հայաստանի գրավչությունների մեծամասնությունը մարզերում է տեղակայված, էդ գրավչություններին հասնել է պետք: Էդ գրավչություններին հասած մարդկանց սպասարկել է պետք:

Ն. Գ.- Պարոն Ապրեսյանն ասաց՝ ենթակառուցվածքներ ունենք:

Ա. Ո.- Որոնք որ մարզերից շատերում չկան կամ լավը չեն, շատ խղճուկ վիճակում են: Եթե մենք ասում ենք՝ Գառնի-Գեղարդը կենտրոնական գրավչություններից մեկն է, ճանապարհը շատ ողբալի վիճակում է: Հաղպատ-Սանահինը եւ այլն, գրեթե բոլոր գրավչությունները խնդիր ունեն, եւ դա տարիներ շարունակվող իրավիճակի հետեւանքն է: Բայց միայն մռայլ գույներով չներկայացնենք. կոնկրետ վերջին տարիներին փոխվել է սկզբունքային հետեւյալ բանը՝ մարզերում, համայնքներում ստեղծվել է տնտեսական զարգացման պատասխանատուի ինստիտուտը: Գրեթե բոլոր մարզկենտրոններում կա այդ ինստիտուտը, ես ծանոթ եմ առնվազն 15 զարգացման ծրագրերի, որոնցում տուրիզմը հիմնական կետերից մեկն է: Եվ այստեղ արդեն լուրջ մտահոգության կարիք կա, քանի որ գիտենք կայուն եւ ոչ կայուն տուրիզմի զարգացման եղանակները, ու եթե տվյալ բնակավայրը ամբողջությամբ ռեսուրսը դնում է տուրիզմի զարգացման վրա եւ դիվերսիֆիկացնող գործիքներ չի կիրառում, վաղը-մյուս օրը այդ տուրիզմը շատ զգայուն ոլորտ կարող է դառնալ տարբեր տեսակի ազդեցություններից:

Ն. Գ.- Դիվերսիֆիկացնող ի՞նչ գործիքների կիրառման մասին է խոսքը:

Ա. Ո.– Օրինակ՝ եթե մարդը ունի արվեստ, արհեստ, հող է մշակել եւ այլն, ու թողնում է իր զբաղմունքը եւ սկսում է համբուրգեր վաճառել, երբ տուրիստական հոսքը պակասի, այդ մարդն ի՞նչ պետք է անի: Մենք պարտավոր ենք ճիշտ եւ գրագետ ձեւով զարգացնել այդ ամենը, յուրաքանչյուր բնակավայր ունի իր մրցակցային առավելությունները, որոնք տարբեր գործոնների վրա են հիմնված: Համակարգված եւ ճիշտ տրամաբանությամբ զարգացման դեպքում վտանգները կնվազեն: Եթե կամայական քաղաքական մոտեցումներ են կիրառվում, ոչ մի լավ բանի չենք հասնի:

Մ. Ա.– Մենք այնքան էլ վատ եւ ողբալի վիճակում չենք, ինչպես նշվում է, չէ, մենք լավ էլ վիճակում ենք: Գնահատականներն ավելի օբյեկտիվ եւ արդյունավետ կլինեն ժամանակի եւ համեմատության մեջ: Համենայնդեպս, վիճակագրությունը, որով վարվել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտը, աշխարհում գործող լավագույն մեթոդաբանությունն է, ինչը, իհարկե, հարյուր տոկոսանոց ճշմարտություն չի ներկայացվում:

Զբոսաշրջության մասին նախագիծը երբ ընդունվեց Հայաստանում տասնամյակներ առաջ, այն ժամանակ խնդիրն այլ էր՝ մեզ պետք էր, որ շուկան աճի եւ զարգանա, եւ հատուկ է եղել, որ այդտեղ զբոսաշրջության ծառայությունների կարգավորման դրույթներ չեն եղել, ամեն ինչ թողնվել էր քաղաքացիաիրավական կարգավորման դաշտի վրա: Դրված էր միայն զբոսավարի գործունեության լիցենզավորման խնդիր՝ հաշվի առնելով, որ զբոսաշրջիկի հետ ուղղակի շփվողը եւ երկիր ներկայացնողը զբոսավարն է: Այսօր, երբ շուկան ձեւավորվել է, զարգացել է, կիրառվել են տարբեր մարքեթինգային գործիքներ, աճ ու դինամիկ կա, այսօր խիստ անհրաժեշտ է տուրիզմի հայկական ֆեդերացիայի պնդում-առաջարկը՝ որակական չափանիշների ներդրման մասին, լիցենզավորվեն կամ առնվազն ծանուցման գործունեության տեսակ սահմանվեն զբոսավար ուղեկցորդի գործունեությունը, զբոսաշրջային օպերատոր-գործակալի գործունեությունը եւ հյուրանոցային ծառայությունները՝ հյուրանոցային ծառայությունների որակավորումը՝ իհարկե, թողնելով կամավոր սկզբունքի վրա: Եթե մենք չկարողանանք ճիշտ կառավարել եկող հոսքերը, գլուխներս կորցնենք եւ որակը գցենք, մեզ տասնյակ տարիներ պետք կգա իմիջը վերականգնելու համար:

Ա. Ո.- Պարոն Ապրեսյան, ինչ որ ֆեդերացիան հիմա առաջարկում է, ի՞նչն էր խանգարում, որ ձեր պաշտոնավարման տարիներին լուծեիք այդ հարցերը:

Մ. Ա.- Այդ պաշտոնավարման տարիներին է, որ այդ նախագծերը մշակվել են, եւ այսօր մենք առաջարկում ենք, որ դրանք անպայման քննարկվեն ու ընդունվեն: Հասարակական, հանրային եւ մասնավոր սեկտորում քննարկումներ եղել են, ընդհանուր եզրահանգումը ձեւավորվել է, միակ խնդիրը եղել է լիցենզավորման հարցը, քանի որ կառավարությունում դա մասնավորի համար լրացուցիչ բեռ եւ սահմանափակում էին համարում: Բայց մասնավորը պնդում էր, որ խնդիրներ կան, որոնք պետք է այդկերպ կանոնակարգվեն:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31