Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի վարկի պատմություն

Դեկտեմբեր 17,2018 13:30

ՀՀ վճռաբեկ դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 3-ին կայացրել է նախադեպային որոշում, որը վերաբերում է վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու պայմաններին: Մասնավորապես, վարչական մարմինների վարչարարության արդյունքում պետության պատասխանատվությանը, երբ իրականացվել է ոչ իրավաչափ վարչարարություն, պատճառվել է վնաս, եւ իրականացված վարչարարության եւ պատճառված վնասի միջեւ առկա է պատճառահետեւանքային կապ:

Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ «իշխանական գործողության արդյունքում անձին պատճառված վնասի հատուցման դեպքում վարչարարություն իրականացրած անձի մեղքը ենթադրվում է»:

Իջեւանի բնակիչ Սեյրան Սարիբեկյանի դեպքում պետությունը շահող է դուրս եկել: Շահող է դուրս եկել քաղաքապետարանը, բանկը, անգամ դատարանները:

Իջեւանցու եւ Հայաստանի Հանրապետության` ի դեմս «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, միջեւ չորս տարի առաջ ստորագրվել է «Անշարժ գույքի վարձակալության մասին» պայմանագիր, որով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի աշխատավայր կազմակերպելու նպատակով Սեյրան Սարիբեկյանը պարտավորվել է վճարի դիմաց ԱՆ աշխատակազմի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնել իրեն սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Վասիլյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի թիվ 27, թիվ 28, թիվ 29, թիվ 30 եւ թիվ 31 սենյակները:
Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով։

Պայմանագրի համաձայն՝ քաղաքացին պարտավորվել էր գույքը վարձակալին հանձնել հանձնման-ընդունման ակտով պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 20 օրացուցային օրվանից ոչ ուշ։ Իսկ վարձակալն էլ իրավունք ուներ վարձակալության ժամկետի ընթացքում գույքում իր միջոցներով կատարել ընթացիկ եւ կապիտալ նորոգումներ՝ քաղաքաշինական նորմերի պահպանմամբ։

այմանագրով առողջապահության նախարարությունը վարձատուին վճարելու էր յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

Պայմանագրից հետո անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է նախարարության վարձակալության իրավունքը:

Այս ընթացքում ոչ քաղաքապետարանի ծպտունն էր զգացվել, ոչ բանկի, որից քաղաքացին 30.000 ԱՄՆ դոլար վարկ է վերցնում, իր սեփականությունը վարձակալության հանձնվելիք տարածքը վերանորոգելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ Բ. Թումանյանը պայմանագիրը կնքելուց ութ ամիս հետո Սեյրան Սարիբեկյանին գրություն է ուղարկում, հայտնելով՝ վարձակալության պայմանագիրը համարում են լուծված, այլեւս չեն ցանկանում տարածքը վարձակալել, քանի որ առկա է Իջեւանի քաղաքապետարանի հետ տարածքի վերանորոգման հետ կապված վեճ, որը դեռեւս չի լուծվել, այդ պատճառով էլ տարածքը իրենց չի հանձնվել:

Ս. Սարիբեկյանը գրավոր դիմում է Իջեւանի քաղաքապետ Վ. Ղալումյանին, հայտնում, որ Իջեւանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով իր անշարժ գույքը չի հանձնվել վարձակալին եւ չի ստացվել ամսական 120.000 դրամ վարձավճարը, ինչի հետեւանքով ինքը 1.200.000 դրամի չափով վնաս է կրել: Վարձատուն պահանջում է, որպեսզի քաղաքապետարանը վճարի 1.200.000 դրամը:

Վարչական մարմինները, դատարանները մերժում են քաղաքացու պահանջը:

Ըստ դատարանի. «Հայցվոր Ս. Սարիբեկյանը ներկայացրել է գործողության կատարման հայց՝ խնդրելով պարտավորեցնել Իջեւանի քաղաքապետարանին տրամադրել ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով վերջինիս հասցված վնասը` 1.200.000 ՀՀ դրամի չափով հատուցելու վերաբերյալ վարչական ակտ»։

Դատարանի «իրավական հետեւություններ» մասում ասվում է, որ այս գործում առկա փաստերով չի հիմնավորվում, որ հայցվորի կողմից նախաձեռնված շինարարական աշխատանքները պայմանագրային պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ գործողություններ են եղել, իսկ պայմանագրային պարտավորությունները քաղաքացին պետք է կատարած լիներ մինչեւ քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ հարուցելու նախաձեռնություն դրսեւորելը:

Քաղաքապետարանի կողմից գույքի վերանորոգման աշխատանքները ոչ միայն դադարեցվել են, այլ քաղաքապետարանը դիմել էր ոստիկանության Իջեւանի բաժին: Վարչական դատարանն այս կապակցությամբ արձանագրել էր, որ նշված գործողությունները նախ` վարչարարություն որակելու, երկրորդ` ոչ իրավաչափ ճանաչելու հանգամանքներ առկա չեն:

Քաղաքացին բանկի վարկային պայմանագրի համաձայն՝ վարձակալության ժամկետի ընթացքում իր միջոցներով իրականացնում էր ընթացիկ եւ կապիտալ վերանորոգումներ, ինչը, սակայն, դատարանի գնահատմամբ՝ «գործի լուծման համար» որեւէ նշանակություն չուներ:

Սակայն ո՞վ պետք է հատուցեր պատճառված վնասը, արդյոք, վարչական մարմինների գործողություններում կոռուպցիոն ստվեր առկա չէ՞ր, եւ դա չէ՞ր մերժման հիմքում դրվել: Քաղաքացու բողոքում կար այսպիսի դիտարկում. «Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից վերանորոգում նախաձեռնելու դեպքում եւս Իջեւանի քաղաքապետարանի կողմից կարող էր նախաձեռնվել նույնանման ոչ իրավաչափ վարչարարություն նույն հետեւանքներով, այնպես որ, դատարանի այս փաստարկը վճիռը հիմնավորելու տեսակետից չի դիմանում որեւէ քննադատության»:

Վարչական վերաքննիչ դատարանն էլ օրերս մերժելով քաղաքացուն, պարզել էր, որ առկա է «Իջեւանի Վասիլյան փողոցում քաղաքացի Սեյրան Սարիբեկյանի կողմից կատարվող ինքնակամ շինարարության հետեւանքները վերացնելու եւ վարչական միջոցներ կիրառելու մասին» վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած մեկ այլ որոշում:

Սակայն տարօրինակն այն է, որ գույքը չի հանձնվել կոնտրագենտին, որի ընդունմամբ կողմը պայմանավորելու էր վնասի առաջացման մասին:

Գործի նյութերում առկա չէ որեւէ թույլատրելի ու վերաբերելի այլ ապացույց, որն ուղղակիորեն կվկայեր այն մասին, որ գրանցված վարձակալության իրավունքը դադարել է։

Բողոքաբեր կողմը համաձայն չէր դատարանի գնահատականին, թե գույքի վերանորոգման վերաբերյալ որեւէ նախապայման չի նախատեսվել, եւ լրացուցիչ վերանորոգման աշխատանքների իրագործումն անմիջապես չի բխել կնքված պայմանագրում զետեղված պայմանավորվածության կետերից. «Պայմանագիրը չդիտարկելով վարկային պայմանագրի հետ համակցության մեջ, որտեղ նշվել էր վարկի տրամադրման եւ դրա օգտագործման նպատակը, նույն տարածքը վերանորոգելը` դատարանը հանգել է գործի սխալ լուծման»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31