Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսական հրաշքին սպասելիս

Դեկտեմբեր 17,2018 13:00

Միջին ձեռներեցները պետք է տեսնեն, որ իրենց աշխատանքը պետությունն արժեւորում է

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունը համարում է, որ Հայաստանը մինչ այժմ նման ընտրություններ չէր ունեցել եւ դեկտեմբերի 9-ի ընտրություններում հաղթողը Հայաստանի ժողովուրդն է: Դիտորդների նախնական եզրակացության համաձայն. «Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ եւ վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների ժամանակ»:

ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նշել էր, որ ակնկալում են շարունակել արդյունավետ համագործակցությունը Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում` ի շահ Հայաստանի քաղաքացիների. «Հիմա կառավարության արագ ձեւավորումը որոշիչ նշանակություն կունենա հետագա բարեփոխումների դրական իմպուլսը պահպանելու համար»:

«Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի կառուցմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարեւորվում են այն առումով, որ դրանք բարձրացրեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ Հայաստանում: Ակնկալում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման եւ արդիականացման ուղղությամբ», – ասվում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության հրապարակած հայտարարությունում եւ հավելում էին. «Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի եւ ապագա կառավարության հետ` խորացնելու մեր քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները` հիմք ընդունելով համատեղ պարտավորությունները ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո»:

Միացյալ Նահանգները եւս շնորհավորեց Հայաստանի ժողովրդին դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունից տեղեկացանք, որ Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացությանը, որ ընտրական գործընթացը վայելում էր հանրային լայն աջակցություն եւ հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված ուղերձում նաեւ ասվում է. «Այս տարին Հայաստանի համար նշանակալի փոփոխության ժամանակ էր: 27 տարի է՝ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել ժողովրդավարական գործընթացների եւ հաստատությունների զարգացմանը, եւ մենք շարունակելու ենք անել դա: Անհամբերությամբ սպասում ենք նոր խորհրդարանի եւ կառավարության հետ աշխատանքին՝ խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը եւ գործընկերությունը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական հաստատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, խրախուսելու առեւտուրն ու ներդրումները եւ ապահովելու տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությունը»։

Այսպես, միջազգային հանրությունն արձանագրում է, որ Հայաստանում կայացած ընտրությունները ստեղծել են «լավ էներգիա», ընտրություններն անց են կացվել «հանրության լայն վստահության» պայմաններում: Սա նշանակում է, որ գոնե Հայաստանի արեւմտյան գործընկերների պատկերացմամբ՝ կան բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի կառավարությունն էական քայլեր ձեռնարկի Հայաստանի տնտեսական զարգացման ճանապարհին:

Իսկ հետագա քայլերն, իսկապես, կախված են բացառապես կառավարության կամքից, վճռականությունից, կոնկրետ քայլերից: Անկախ նրանից, որ գոյություն ունի ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիր, որ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ այս կամ այն ոլորտում բարեփոխումների իրականացման համար, անկախ նրանից, որ ԱՄՆ-ի հետ ունենք տնտեսական ոլորտում զարգացման հեռանկարներ՝ դեռ 3 տարի առաջ ստորագրված Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրով, Հայաստանի արեւմտյան գործընկերների համար կարեւոր է լինելու ոչ միայն ասվածը, այլեւ արված քայլերը՝ գործնականում:

Օրերս Փաշինյանը միջազգային լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում նշեց, որ՝ պատրաստվում են ազատել փոքր բիզնեսը հարկերից. «Եվ մենք դա անում ենք, որպեսզի մարդկանց խրախուսենք աշխատել, ստեղծել աշխատատեղեր իրենց իսկ համար եւ աշխատանքի միջոցով ապահովել իրենց բարեկեցությունը»: Ըստ նրա՝ «նախորդ կառավարությունը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, խրախուսում էր աղքատությունը Հայաստանում, քանի որ, եթե դու ունես աղքատ հասարակություն, ավելի հեշտ է գործի դնել ընտրակաշառքները, ձայների գնումը եւ այլն»: Նրա խոսքով՝ «Հայաստանում աղքատությունը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական խնդիր է, քանի որ, եթե դու ունես կոռումպացված կառավարություն, շատ հարմար է ունենալ աղքատ բնակչություն, քանի որ աղքատ մարդկանց հեշտ է կառավարել, ղեկավարել: Բայց հիմա մենք Հայաստանում ունենք ժողովրդավարական փոփոխություններ, եւ մեր կառավարությունը շահագրգռված չէ պահպանել աղքատությունը Հայաստանում, որովհետեւ մենք նպատակ չունենք մեր իշխանությունը պահպանել ցանկացած գնով»:

Դեկտեմբերի 13-ին ՀՀ կառավարության հերթական նիստում Փաշինյանը ներկայացրել է մի շարք ոլորտներում կառավարության հետագա քայլերը, անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով. «Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո մեր կառավարության առաջին նիստն է, եւ ուրախ եմ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջեւում են, ինչը նշանակում է, որ մենք առնվազն որոշ բաներ հասցրել ենք անել, ինչը Հայաստանի քաղաքացիներին հիմք է տվել մեր գործունեությունը շարունակելու մանդատ տալ»: Ապա` նա ուղենշել է կառավարության առաջիկա շրջանի մի քանի կարեւոր անելիքները. «Առաջինը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է, եւ պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, եւ այդ հետաքրքրությունն առաջիկայում շարունակելու է աճել: Ես ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, եւ իմ ուղիղ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները եւ չստեղծել որեւէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար: Հույս ունեմ, որ որեւէ ազդակ չեմ ստանա որեւէ պաշտոնյայի մասին, որ որեւէ ներդրումային նախագծի առջեւ խոչընդոտներ են հարուցվում եւ այլն: Իհարկե, մեր նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից է, որ մենք պետք է ներդրումների եւ ընդհանրապես տնտեսական գործունեության համար անհրաժեշտ բյուրոկրատական քաշքշուկների՝ օրենսդրությամբ նախատեսված ինստիտուտը վերացնենք եւ հնարավորինս պարզեցնենք ընթացակարգերը, որպեսզի նաեւ այդ առումով դե յուրե որեւէ արհեստական խոչընդոտ չլինի: Հետեւաբար, առաջիկա անելիքները ներդրումների խթանումն է, եւ պետք է շատ արագ դրա համար բարենպաստ միջավայր եւ պայմաններ ստեղծել»:

«Ներդրումային մեծ հետաքրքրության» մասին ներկա կառավարությունն արդեն մի քանի ամիս խոսում է, սակայն դեռ հորդորում է՝ ստեղծել պայմաններ եւ չստեղծել որեւէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար: Իսկ ի՞նչ ծրագրեր ունի կառավարությունը ներսում՝ միջին ձեռներեցների գործունեությանը չխոչընդոտելու, նրանց գործունեությունը ընդլայնելու ուղղությամբ: Միջին ձեռներեցներն են խոշոր հաշվով պետության ողնաշարը, առանց նրանց գործունեության զարգացման՝ ակնկալվող խոշոր ներդրումներ չեն լինի, կամ կլինեն՝ ոչ նշանակալի:

Այս առումով, առաջիկա շաբաթները խիստ ուղենիշային են լինելու: Հենց միջին ձեռներեցները պետք է տեսնեն, որ իրենց աշխատանքը պետությունն արժեւորում է: Տարիներ շարունակ միջին ձեռներեցները պայքարել են՝ «դաշտում» տեղ ունենալու համար, շատ-շատերը հոգնել, պետությունից նեղացել, հեռացել են: Առավել համառները մնացել են, բարձրացրել ու շարունակում են բարձրացնել բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ բազմիցս խոսվել է այն մասին, որ տպավորությունն այնպիսին է, որ ներկրողներն ավելի շատ արտոնություններ ունեն, քան ներքին արտադրողները:

Հետեւաբար, շարունակաբար նոր ներդրողներին խրախուսելու, նոր աշխատատեղեր ստեղծելու մասին հայտարարություններից բացի, առավել կարեւոր է ներքին արտադրողների պաշտպանությունն ու նրանց զարգացման հնարավորություններին նպաստելը: Այս մթնոլորտը կստեղծի տնտեսական հրաշքի ու տնտեսական հեղափոխության նախադրյալներ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31