Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մկրտիչ Սարգսյանը հուշերում…

Դեկտեմբեր 17,2018 12:00

«Երանելի Մկրտիչ Սարգսյանը» գրքի քննարկումը օրերս տեղի ունեցավ, ինչպես ընդունված է ասել, հայրաքաղաք Գյումրիում՝ «Բեռլին» հյուրանոցի ցուցահանդեսային սրահում: Մայրաքաղաքից ժամանած հյուրերին սիրով ու ժպիտով ընդունեցին «Շիրակ» գրական միավորման անդամները:

Գրողի կյանքի, ստեղծագործական ուղու, մարդ տեսակի, կենսակերպի, Հարություն Հովնաթան եւ Մկրտիչ Սարգսյան հոգեւոր կապի մասին հիմնավոր գրախոսականով հանդես եկավ գրականագետ, բանասիրության թեկնածու Կարինե Մարտիրոսյանը: Բանախոսը նշեց, որ հարցազրույցներում գրողը եւ հեղինակը ներկայացնում, լրացնում են մեկը մյուսին, որ նրանց ճանապարհը մեկը մյուսի միջոցով է անցնում, որ այնտեղ իշխում են բնության հրաշք պատկերները, դիմանկարային վրձնահարվածները…

Գրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյան.- Թվում է, թե հարցազրույցի ժանրը հեշտ ժանր է, բայց ըստ իս՝ բարդ է: Հովնաթանը այդ ժանրի վարպետներից է: Նրա հարցազրույցների մեջ խոսքի մարգարիտներ կան: Խելացի հարցից է բխում խելացի պատասխանը: Բնութագրում, սովորեցնում է: Իրենը բարության սահմանումներն են: Հովնաթանին ողջունում եմ եւ ես:

Գրող Մելս Հարությունյան.- Հարությունի խելքը շատ է կտրել այս պարագայում: Ումից էլ հարցազրույց է վերցրել, մեծ գրողներ են եղել: Ջավախքի նորահայտներին գրական հարցերում օգնել է: Իրոք, Մկրտիչ Սարգսյանը պատկերագիր է: Եթե գրողն իր բարբառը չիմանա՝ լավ գրող չի դառնա: Մկրտիչը մեր ազգի համար է: Լավ կլիներ Գյումրիում նրա անվան փողոց, դպրոց կամ մշակույթի տուն լիներ: Շնորհակալ եմ Հարությունին:

Բանաստեղծ-նկարիչ Արեւշատ Ավագյան.- Ողջունում եմ այս հավաքը: Համաձայն չեմ, որ լավ գրքեր չեն տպագրվում, լավ գրականություն կա: Ես շփվում եմ եւ այն օրգանական շարունակությունն է մեր դասականների: Շատ բարձր եմ գնահատում ավանդների պահպանումը: Կերպարային առումով իր օրինակելի դերն է կատարում այս գիրքը: Արժեւորում եմ: Հովնաթանի միջոցով տեղեկանում ենք գրողի, մարդու նկարագրի մասին: Հրաշալի հայորդի էր Մկրտիչ Սարգսյանը: Աղ ու հաց ենք կիսել: Թողել է հոգեւոր ժառանգություն: Շատ ուրախ եմ, որ Գյումրիում եմ: Գյումրիի հմայքը իմ մեջ է:
Բանաստեղծուհի Խանդութը իր խոսքում նշեց. «Մկրտիչ Սարգսյանի կյանքը անցել է պատերազմի բովով, ինչը անջնջելի հետք է թողել նրա եւ նրա ստեղծագործությունների վրա…»:

Գրականագետ Սերգեյ Զատիկյան.- Գիրքը չեմ կարդացել, բայց գիտեմ, որ լավ գրված կլինի: Ինձ համար Մկրտիչ Սարգսյանի բաժակաճառերը շատ ուսանելի էին, քան քաղաքական ամբիոնի բաժակաճառերը: Ժպիտով խոսող մարդ էր: Մի օր հարցրեց. «Տղա ջան, Ախալքալաքի՞ց ես»: «Այո, ես ձեզ հետ այսինչ տեղն եմ ծանոթացել»: Ախպեր ջան, ես չեմ հիշում, բայց էս ինչ «ստոր» հիշողություն ունես»: Ջավախեցուն ճանաչելու իր կերպն ուներ. ով կարմիր է՝ ջավախեցի է, ով դիետիկ դեմք ունի՝ ոչ ջավախեցի է: Ողջունում եմ գրքի ծնունդը:

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյան.- Շնորհակալություն արձակագիր Շնորհիկ Շահինյանին, որ Գյումրիում է կազմակերպել այս հրաշալի գրքի քննարկումը: Ջավախք-Գյումրի կապը միշտ էլ ամուր է եղել:

Պատմական գիտ. թեկնածու Շիրակ Թորոսյան.- Շատ եմ արժեւորում, որ մշակույթի մայրաքաղաքում է քննարկվում «Երանելի Մկրտիչ Սարգսյանը» գիրքը: Բախտ եմ ունեցել շփվելու այդ մեծ մարդու հետ: Մի ամբողջ օր շփվել եւ հագեցած, բովանդակալից օր եմ անցկացրել: Բարձրարվեստ հարցազրույցներ են: Պարտական ենք Հարություն Հովնաթանին: Լինելով հայ-վրացական հոգեւոր կամուրջ, մնացել են հարազատ սեփական արմատներին:

Բանաստեղծ Արա Արթյանը հիշեց. «Ծանոթացել եմ 70-ականների կեսերին: Անուշ մարդ էր: Ինձ վրա շշմեցուցիչ տպավորություն է թողել «Լյառն Աբուլ» նովելների շարքը»:

Տողերիս հեղինակը քննարկման ընթացքում օգտվելով խոսքի իր իրավունքից, նշեց. «Մկրտիչ Սարգսյանի հետ ծանոթացել եմ անցյալ դարի 70-ականների վերջին: Նրա խոսքը հմայիչ էր, լեցուն հումորով: Չեմ կարող հիացմունքս թաքցնել այս գրքի հրատարակման առթիվ: Այն իմ մեջ քաղցր, հաճելի հուշեր արթնացրեց, որի համար շնորհակալ եմ հեղինակին»

Քննարկման վերջում եզրափակիչ խոսքով հանդես եկավ գրողի որդին, հոր գործը լավագույնս շարունակող հրատարակիչ, բանասեր Վահագն Սարգսյանը, ով իր շնորհակալական խոսքն ուղղեց գրքի հեղինակ Հարություն Հովնաթանին՝ արժանավույնս գնահատելով նրա կատարած աշխատանքը:

Հյուրերի շարքում էր նաեւ Մկրտիչ Սարգսյանի դուստրը՝ Նաիրան:

ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31