Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանցագործության մեջ կասկածվող ռազմաբազայի զինծառայողն ինչո՞ւ մինչ օրս չի հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին. «Երկիր Ծիրանի»

Դեկտեմբեր 17,2018 11:35

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիի համայնքապետարանի աշխատակից, 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի՝ դաժան ծեծի հետևանքով սպանությունը Հայաստանի Հանրապետությունում ռուսական 102-րդ ռազմական բազայի տեղակայման հերթական ողբերգական հետևանքն էր մեր երկրի քաղաքացիների համար:

Հարուցված քրեական գործով ձերբակալված ռուս զինծառայողի հանձնման մասին Հայաստանի իրավապահ մարմիններին՝ մինչ օրս, որևէ տեղեկատվություն հայտնի չէ: Հետևաբար՝ առավոտյան աշխատավայր գնացող հայ կնոջը ծեծելով մահվան հասցրած զինծառայողը, փաստացի, պահվում է ռուսական ռազմաբազայի տարածքում:

Մեր հանրությունը շատ լավ հիշում է Գյումրիում եղեռնագործության զոհ դարձած, երեք սերունդ ներկայացնող Ավետիսյանների սպանության դեպքը, այլ դեպքեր ևս, որոնց նույնպես զոհ են գնացել մեր երկրի քաղաքացիները՝ սպանված և վիրավոր:   Մեր հանրությունը հիշում է նաև այս տարվա ամռանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում (առանց նախապես տեղյակ պահելու հայկական կողմին) ռուսական ստորաբաժանումների զորավարժությունները, որոնք ուղեկցվել էին բնակիչներին խուճապի մատնող անսպասելի կրակոցներով և պայթյուններով:  Այս խայտառակ դեպքի մեղավորները մինչ օրս պատժված չեն:

Այս ամենում իրենց մեղքի բաժինն ունեն և ունեցել են նաև մեր երկրի օրվա իշխանությունները` հաճոյակատար քաղաքականությամբ Ռուսաստանի Դաշնության և այդ երկրի զինվորական միավորումների ու ներկայացուցիչների նկատմամբ:

Ռազմաբազայի զինծառայողն առավոտյան վաղ ի՞նչ գործ ուներ Գյումրի քաղաքի փողոցներում, ինչպե՞ս էր նա այդ վաղ ժամին հայտնվել տվյալ վայրում, արդյոք զենքո՞վ է եղել, հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունն ինչո՞ւ բացահայտվեց դեպքից շուրջ 10 օր անց, երբ մինչ այդ առկա էին տեսանյութեր, և  ամենակարևորը՝ հանցագործության մեջ կասկածվող զինծառայողն ինչո՞ւ մինչ օրս չի հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ սրանք հարցեր են, որոնց ամբողջական  պատասխանները պետք է տրվեն հայկական իրավապահ մարմիններին և հանրությանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների հաճոյամիտ  քաղաքականությունը միջպետական փաստաթղթերով դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ինչին զոհ են գնում մեր երկրի քաղաքացիները, ինչի պատճառով ռուսական 102-րդ ռազմական բազայի զինծառայողները մեր երկրի բնակավայրերում իրենց զգում ու դրսևորում են, որպես ամենակարող և անպատժելի:

Մենք պահանջում ենք այսօրվա գործող իշխանություններից՝ դրսևորել անկախ պետությանը հարիր արժանապատվություն և տեր կանգնել սեփական երկրի քաղաքացիների կողմից իրենց հայրենիքում ապահով ապրելու և արարելու իրավունքին: Հակառակ դեպքում՝ ՀՀ քաղաքացիներն իրենք կբանեցնեն իրենց իրավունքները և արդար պահանջատիրությունը՝ անկախ նրանից, թե ովքեր կամ որ երկրի ներկայացուցիչներն են ոտնահարում իրենց իրավունքները:

 

Հ.Գ

Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունն աշխարհում միակ վայրն է, որտեղ ԽՍՀՄի փլուզումից հետո միաժամանակ թույլատրվել է պետական սահմանի պաշտպանությունն ու զինվորական ռազմաբազայի գործունեությունը:

 

1992 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջեւ կնքվել է պայմանագիր «Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴի Սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրա գործունեության մասին»: Այդ ժամանակ Հայաստանը՝ իբրև Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, պետական սահմանի թուրքական և իրանական հատվածների պաշտպանությունը փոխանցել է ռուս սահմանապահներին:

 

1995 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել է Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի անփոխհատույց գործունեության մասին աննախադեպ պայմանագիր, համաձայն որի՝ ռուսական ռազմաբազայի ծախսերի մի մասն իր վրա է վերցնում Հայաստանի Հանրապետությունը, և այդ պայամանագիրը վերջերս երկարացվել է ևս 49 տարով:

 

Վերոհիշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմանի հարգանք, երկկողմանի հետաքրքրություն և երկկողմանի համագործակցություն: Այս պայմանագրերից Ռուսաստանի շահերը ոչ միայն ահռելի են, այլև այլընտրանքը չունեցող: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքացիները վերջին տարիների ընթացքում ռուսաստանյան կողմի օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բանական և անօրեն որոշումների ականատեսն են դառնում (սկսած Հայաստանի թշնամի՝ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելուց, Ադրբեջանին ԵԱՏՄ և ՀԱՊԿ ներգրավվելուց վերջացրած՝ Գյումրիում ողբերգությամբ):

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ` Զարուհի Փոստանջյան

17 դեկտեմբերի 2018

Երևան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31