Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարորդական իրավունք՝ գրեթե առաջին փորձից

Դեկտեմբեր 17,2018 11:31

Ես մեքենայի ղեկը բռնել էի միայն փոքր ժամանակ, երբ բարեկամներից մեկի մեքենայում էի խաղում։ Դրանից հետո չէի էլ համարձակվում մտածել մեքենա վարելու ու նույնիսկ վարորդական իրավունքի համար քննություն հանձնելու մասին։ 1 որովհետև ես ապրում եմ Երևանում, գրեթե ամեն օր շփվում եմ տղամարդ վարորդների հետ և հստակ հասկանում եմ՝ ես ինչ էլ անեմ մնալու եմ աղջիկ վարորդ, ու մեկ է ասելու են՝ հաստատ, ղեկին աղջիկ ա ․․․ 2 ես լսել եմ անթիվ-անհամար դաժան պատմություններ կապված վարորդական իրավունքի համար գործնական քննության հետ, որոնք գրեթե միշտ դժբախտ ավարտ են ունեցել։

Բայց միայն հոկտեմբերին խիզախեցի և ընտրեցի ավտոդպրոց, ու սկսեցի սովորել վարել։ Ուսումնական մեքենա վարելիս, առավել ուշադիր պետք է լինել, որովհետև վարորդների մի տեսակ կա, որոնք տեսնում են մեքենայի վրա Ու նշանը և ավելի ագրեսիվ են վարում։ Այս ենթադրությանը եկել եմ ոչ միայն սեփական փորձից այլ բազմաթիվ սկսնակ վարորդների և ինստրուկտորների հետ զրույցներից հետո։ Ինստրուկտոր ընտրելիս հաշվի առեք թե՛ մասնագիտական, և թե՛ մարդկային հատկանիշները։ Շատ կարևոր է, որ նա ընկալի ձեզ որպես ուսանող, այլ ոչ՝ փողի քսակ, ունենա մանկավարժական ունակություններ, կարողանա մատչելի բացատրել, թե ինչպես վարել մեքենա։ Հոկտեմբերից սկսած սովորել եմ երեք տարբեր ավտոդպրոցներում, ու ինձ համար եկել եմ մի հետևության՝ այս հարցում թանկից էժանը չկա։

Կոնկրետ ես ուրախ եմ, որ ունեցել եմ այդ երեք ավտոդպրոցների փորձը, կարծում եմ՝ դա շատ օգնեց ինձ գործնական քննությունը հանձնելու գործում։ Նախ, ես ունեցա երեք տարբեր ինստրուկտոր, ինչը նշանակում է՝ երեք տարբեր մասնագետ, որոնցից ստացա տարբեր գիտելիքներ և մեծ փորձ, ինչը նաև ինձ օգնեց չլարվել, երբ գործնական քննության ժամանակ ոստիկանը նստեց ուղևորի նստատեղին։ Բացի դրանից, դու հնարավորություն ունես վարել երեք տարբեր մեքենաներ, և արդեն գործնական քննության ժամանակ քիչ թե շատ դժվար չի լինի հարմարվել նոր մեքենային։

Առաջինը հանձնեցի տեսական քննությունը։ Տեսական քննությունը կազմված է 10 հարցից, տրվում է 15 րոպե ժամանակ և մեկ սխալի հնարավորություն։ Խորհուրդ կտամ նախապես լավ պատրաստվել և նոր գնալ կապ չունի թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններին։ Տեսական քննությունը հանձնել եմ մոտավորապես 2 րոպեում։ Այս քննությունը նման էր իմ կյանքում հանձնած մնացած բոլոր քննություններին՝ նստեցի, լրացրեցի անձնական տվյալներս, ու հանձնեցի թեստը, բայց մի տարբերությամբ՝ միակ քննություն հանձնողը քննական սենյակում ես էի։

Տեսական քննությունից գրեթե մեկ ամիս հետո՝ շաբաթ օրը, ես համարձակվեցի գնալ գործնական քննության։ Մինչև քննություն հանձնելը կրկին դասեր վերցրեցի հատուկ հրապարակում, ինչից հետո միայն նոր համարձակվեցի գնալ քննության։

Կապ չունի գործնական, թե տեսական քննություն եք հանձնում, միշտ ունեցեք մանր, և վճարումները կատարեք տերմինալների օգնությամբ, հավատացե՛ք այդպես շատ ավելի արագ է։ Եթե տեսական քննությանը միայնակ էի քննության սենյակում, ապա գործնականի ժամանակ սպասում էի մի խումբ մարդկանց հետո։ Գործնական քննության գնալուց պետք է տրամադրված լինեք, որ առնվազն կես օր կորցնելու եք։ Եթե ցանկանում եք ժամանակ խնայել, խորհուրդ կտամ գնալ առավոտ շուտ, որպեսզի առաջիններից հանձնեք քննությունը, և եթե անհրաժեշտ լինի երկրորդ անգամ հանձնել քննությունը շատ ժամանակ չկորցնեք։ Նկատի ունեցեք, եթե աշխատանքային օրը ավարտվում է, ապա քննությունը կարող է հանձնեք հաջորդ աշխատանքային օրը, ինչպես հասկացա՝ այս անգամ առանց հերթի։ Եթե հանձնում եք B կարգի համար, ինչպես ես, ապա հրապարակում կա երեք մեքենա՝ մեկը մեխանիկական փոխանցման տուփով, երկուսը՝ ավտոմատ։ Մեծամասնությունը ընտրում է ավտոմատը, ես ևս բացառություն չէի։ Ավտոմատ փոխանցման տուփով մեքենաները տարբեր մակնիշի են, բայց եկեք տարբերակենք գույներով՝ մեկը կարմիր, մյուսը՝ սև։ Ես վարեցի և՛ կարմիրով, և՛ սևով, այս երկու մեքենաներից ես նախապատվությունը կտայի սևին, որովհետև նախ տեղից ավելի հեշտ էր պոկվում, և հետո էլ անհամեմատ հեշտ է կառավարել իր հայելիները։

Մինչև գործնական քննություն հանձնելը տարբեր պատմություններ էի լսել քննություն ընդունող ոստիկանների մասին։ Հավատացե՛ք ես և այդ օրը քննություն հանձնողներից ոչ մեկը մեքենայի յուղը չի ստուգել, մեքենայի շուրջ չի պտտվել, և ոչ մեկ չի էլ նկատել, թե նա որ ձեռքով է բացում մեքենայի դուռը։ Լսել էի նաև, որ ոստիկանը քննության ընթացքում ավելի շատ ապակողմնորոշում է, շատ է խոսում, խորհուրդ էին տվել ոստիկանների հետ ընդհանրապես քննության ընթացքում չխոսել։ Չեմ կարող հաստատել կամ հերքել այս տեղեկությունը, քանի որ իմ քննությունը ընդունել է մի ոստիկան, որը ինձ չէր ապակողմնորոշում, իր ներկայությունից ես լարված չէի, հակառակը՝ կարող եմ ասել, որ աջակցում էր։

Ինչպես նշեցի քննական հրապարակում մենակ չեք լինելու, մինչև քննություն հանձնելը հասցնելու եք ծանոթանալ տարբեր մարդկանց հետ, որոնք Ձեզ պես եկել և պատրաստվում են հանձնել քննությունը։ Դա ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը։ Նախ, նոր մարդկանց հետ ես ծանոթանում, այդ մի քանի ժամերի ընթացքում շփվում եք, և այսպես ասած ժամանակ սպանում։ Ես քննական հրապարակում եղել եմ ժամը 9-ից մինչև 2-ը, և այդ ընթացքում շատ քիչ հոգնեցի՝ չնայած՝ ցուրտ եղանակին և այն հանգամանքին, որ 5 ժամ անդադար ոտքի վրա էի։ Բայց միևնույն ժամանակ լսելու եք պատմություններ, թե ինչպես են այս մարդիկ կտրվել քննություններից, կամ անցած անգամ, որ եկել էին հանդիպել են մեկին, որը 10 անգամ կտրվել է քննությունից։ Տեսնելու եք, թե նրանցից ոմանք ինչպես են անհաջող հանձնելու քննությունը, և դա կարող է ազդել նաև Ձեզ վրա։

Եվ այսպես՝ ինչո՞ւ գրեթե առաջին փորձից։ Առաջին անգամ գործնական քննությունը հանձնելիս, երբ արդեն հասել էի ավարտին, ես գիտակցեցի, որ վերջ՝ անցել եմ՝ չնայած թույլ եմ տվել մեկ տեխնիկական սխալ։ Եվ ի՞նչ։ Ուրախ-ուրախ մեքենայից դուրս եկա ՝առանց մեքենայի շարժիչը  հանգցնելու։ Սա չվրիպեց քննությունը ընդունող ոստիկանի ուշադրությունից, և ինձ համար արժեցավ 13600 դրամ․ ես ստիպված էի կրկին հանձնել քննությունը։ Երկրորդ անգամ, արդեն ամեն ինչ բարի ավարտ ունեցավ ինձ համար, չնայած իմ կարծիքով՝ առաջին փորձը շատ ավելի հաջող էր, քան երկրորդը։ Երկրորդի ժամանակ ես ավելի հոգնած էի ու լարված (քննությունը վերջին հանձնողներից էի)։ Քննությունը դրական ստանալուց մի քանի րոպե հետո ես ձեռքում ունեի արդեն վարորդական վկայականը։

Այս պատմության մեջ ամենատխուր պահը ինձ համար այն էր, որ տեղյակ չէի, որ վարորդական իրավունքի վկայականի համար լուսանկարահանվում են տեսական քննությունը հանձնելուց առաջ։ Ես թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես պատրաստ չէի այդ օրը ինչ-որ փաստաթղթի համար լուսանկարահանել, արդյունքում՝ հիմա ունեմ վարորդական վկայական, որը չեմ ցանկանա ցույց տալ որևէ մեկին։

Եվ այսպես՝ եթե Դուք էլ եք պատրաստվում քննություն հանձնել, ապա լավ պարապեք՝ թե՛ տեսականը, թե՛ գործնականը, մի՛ լսեք կողքից զանազան լեգենդներ ու միֆեր քննություն հանձնելու գործընթացի մասին, և ամենակարևորը՝ մի՛ մոռացեք հանգցնել մեքենայի շարժիչը։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31