«Պուտինի ներկայությամբ, այնտեղ էր նաև Իլհամը, ես Նիկոլ Փաշինյանին ասացի՝ Նիկո′լ, արի վերջ տանք: Ո՞վ է Ադրբեջանի հետ զենքի վաճառքում առաջին տեղում՝ Ռուսաստանը, իսկ ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, բա բարձրաձայնիր այդ մասին, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես»,- ռուս լրագրողների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշ մանրամասներ է ներկայացրել իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսությունից:
Այնուհետև Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողներին հայտնել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության ընթացքում նրան հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ զենքի վաճառքում երկրորդ տեղում է Իսրայելը, հետ Թուրքիան: Եվ միայն չորրորդ կամ հինգերորդ տեղում է Բելառուսը, այն էլ հաշվի առնելով բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Ամփոփելով Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է. «Պոլոնեզները չլինեն, կլինենք տասներորդ տեղում: Այդ դեպքում ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Հարձակվում ես յուրայինների վրա, որ օտարները հասկանա՞ն: Եթե այդպես է ասա, ես ձայն չեմ հանի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ