Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախախնամության արգասիքը (պատմվածք)

Դեկտեմբեր 16,2018 17:30

Այդ ճակատագրական  օրվանից  Փայլակը ավելի ու ավելի տարվեց Լիլիթով: Աներևույթ, անկասելի մի զգացմունք սկսել էր ներթափանցել նրա էության խորխորատները: Իսկ Լիլիթը հետագայում կատակով ասում էր, թե դա այն օրից սկսվեց, երբ ինքը Փայլակին հյուրասիրեց խտացրած քաղցր կաթով, որը նա շատ է սիրում:

Բայց իրականում ոչ մեկն էլ չգիտեր, թե այդ հանելուկային պահը, երբ տեղի ունեցավ, ե՞րբ…

Փայլակը շատ ազատ էր զգում Լիլիթի ներկայությամբ  ու անկաշկանդ պատմում էր նրան իր անցած կյանքի այն բոլոր ճգնաժամային  դրվագների մասին, ինչն ուրիշների համար գերգաղտնիք կարող էր լինել: Գուցե մերժված սիրո մոռանալ տալն էր նրան մղում դեպի Լիլիթը, գիտակցելով, որ նա կարող է կարեկից լինել իր տառապանքին:

Լիլիթն էլ, իր հերթին, նրա հետ էր սրտաբաց լինում, հասկանում էր նրա տառապանքների գաղտնիքը, գիտակցելով՝ արձագանք  տալիս նրա դրսևորումերին, ձգտում էր դառնալ նրա ամենամոտը, հարազատը, սիրելին:

Եվ ողբերգականն էլ հենց այն էր, որ այդ ամենամոտիկն էլ կարող էր հանկարծ դիմացինի  կյանքը դժոխքի վերածել, անակնկալի բերելով նրան:

Փայլակի հոգեկան աշխարհը դանդաղորեն խաղաղվում էր ու մոռացության տալիս անփոխադարձ սիրո տված հարվածների ցավը, բայց տեղի էր  ունենալու նոր փայլատակումը:

Եվ ահա Լիլիթն, ինչպես պայծառ աստղ, սկսեց փայլել Փայլակի կյանքի երկնակամարում, և նա լուսնոտի նման ձգվում էր դեպի անորոշությունը` չտեսնելու տալով նրա կամակորությունները, խարդավանքները և աղջկական խորամանկությունները: Նա ծարավի էր տեսնելու Լիլիթին ամեն ժամ, րոպե, վայրկյան:

Այդ օրը երիտասարդական հավաք-երեկո էր քաղաքի հայտնի ակումբներից մեկում, որտեղ ներկա էր նաև Լիլիթը:

Փայլակը զգում էր, թե ինչպես է տաք արյունը սրտից հորդում երակներով դեպի վեր և քունքերին զարկում ահագնացող տրոփյունով: Ամեն ինչ շուրջը աղմկում էր` աղջիկներ, տղաներ, երաժշտություն, պարող զույգեր, լույսերի հեղեղ, կրքերի, զգացմունքների փոթորիկ, հայացքների շառաչուն խաղ:

Բայց նրա համար Լիլիթն ավելին էր, քան այս ամենը: Նրա սևաթույր ու խոշոր աչքերը` փայլփլուն ու կյանքով լի, ավելի ու ավելի գայթակղիչ էին դառնում իր համար, բուռն  սիրո զգացմունք  առաջացնում, որը մերթ նմանվում էր թեթև զեփյուռի, կանաչ դաշտերի ծաղիկների զովաշունչ  բուրմունքի, ծառերի տերևների մեղմ շրշյունի, իսկ մեկ էլ հանկարծ վերափոխվում ու դառնում  շառաչուն փոթորիկ, շանթ ու որոտ: Դաժան պայքար էր սկսվել հաղթանակի ու պարտության միջև:

Մտքերով տարված Փայլակը  հանկարծ, կարծես երկնքի հեռուներից լսեց սրճարանի երաժշտությունը կարգավորող գիրուկ երիտասարդի գինովցած ձայնը.

-Սպիտակ տանգո, հրավիրում են միայն աղջիկները:

Փայլակի սիրտը սկսեց կատաղի զարկել հուզմունքից ու սպասումից: Արդյո՞ք Լիլիթն իրեն կհրավիրի պարի: Եթե այո, ապա ինքը երջանիկ կլինի և իրեն կզգա յոթերորդ երկնքում: Ու հենց  այդ պահին էլ նրա դիմաց հայտնվեց Լիլիթի սլացիկ հասակը, ձեռքը նազանքով նրան պարզեց և ժպտալով՝ իրեն պարի հրավիրեց:

Փայլակը անակնկալի գալով՝ շփոթված ու խենթացած, տեղից վեր ցատկեց ու աջ ձեռքով իսկույն բռնեց Լիլիթի իրեն պարզած ձեռքը, իսկ ձախով գրկեց նրա բարակ ու նազելի իրանը և մտավ պարահրապարակ՝ սկսեց դանդաղ հետ ու առաջ սահել՝ տանգոյի հրաշալի հնչյունների ներքո,  իրեն զգալով անօդ տարածության մեջ, տիեզերքի անհունությունում:

Երազային բերկրանք: Ինչպե՜ս նրա էությունը փոթորկվեց, ինչպե՜ս է սիրտը արագ բաբախում: Մի քանի րոպե առաջ Լիլիթն այնքան բարձր ու անհասանելի էր թվում, իսկ հիմա նրա մազերի, մարմնի բուրմունքը, աչքերի գերող կայծակումը ամբողջովին իրենն էին:

Լիլիթն էլ կարծես անհամբեր սպասում էր այս պահին և անսպասելի անակնկալ մատուցեց Փայլակին: Ափսոս, որ շուտ ավարտվեց տանգոն, զույգերը հազիվ էին հեռացել պարահրապարակից, երբ հնչեց արդեն նոր պարեղանակ:

Այս անգամ Փայլակը պահը չկորցնելով, արդեն ինքը Լիլիթին հրավիրեց վալս պարելու: Նա նորից Փայլակի  գրկում է,  այդ պահին նրա տերն է: Ցանկանում է  որևէ բառ շշնջալ նրա ականջին, բայց նրա աչքերի տաք փայլը լեզուն կապ են գցում ու երջանկությունից խենթացած համրանում է կարծես:

-Իսկ քեզ դու՞ր է գալիս ինձ հետ պարելը, ես այնքան էլ լավ չեմ ընթանում ռիթմի հետ,-վերջապես խոսք գտավ Փայլակը:

-Իհարկե՛, եթե դուր չգար, չէի պարի, բայց դու համեստություն մի՛ արա, շատ էլ լավ ես պարում, գուցե ե՞ս եմ վատ պարում,-ծիծաղեց Լիլիթն ու մի պահ կանգ առավ, ներողություն խնդրեց,  մոտեցավ պարահրապարակի եզրին, հանեց բարձրակրունկ կոշիկները, տեղավորեց իրեն հատկացված աթոռակի մոտ, վերադարձավ հրապարակ, ձեռքը մեկնեց Փայլակին  ու սկսեց ոտաբոբիկ պարել:

Փայլակը պատրաստ էր պարել նրա հետ անվերջ, թեկուզ մինչև ուշագնացության աստիճան, միայն թե նրա հետ, նույնիսկ ոտաբոբիկ: Իր հոգսը չէ, թե ուրիշներն էլ են ցանկանում Լիլիթի հետ պարել, բայց ինքը այլոց  չի տեսնում և չի էլ ուզում տեսնել:

Երաժշտությունը դադարեց և հայտարարվեց կարճատև ընդմիջում, որից հետո խոսափողում հնչեց խաղավարի հայտարարությունը:

-Այժմ խաղալու ենք անցած ժամանակներում շատ տարածված «փոստ» կոչվող խաղի ժամանակակից տարբերակը: Ես ցանկացողներին կբաժանեմ բջջային նոր, հայկական արտադրության հեռախոսներ, կցուցակագրեմ նրանց ըստ հերթականության և մասնակիցներին կհանձնեմ միայն հեռախոսահամարների ցանկը: Դուք միմյանց կուղարկեք հաղորդագրություններ (SMS), առանց իմանալու, թե ում եք ուղարկում այն, իսկ խաղի ավարտից հետո, ես կհայտարարեմ հեռախոսահամարների տերերի անունները, որպեսզի պարզենք, թե ումից և ինչ բովանդակության հաղորդագրություններ եք ստացել: Այն զույգը, որը ճիշտ գուշակած կլինի հեռախոսահամարի տիրոջը, այսինքն, հաղորդագրության մեջ նշած կլինի ստացողի անունը, կհամարվի հաղթող և կստանա հատուկ մրցանակ: Չնայած նրան, որ սա խաղ է, կարող է նաև պատեհ առիթ հանդիսանալ որոշակի խնդիրներ հանգուցալուծելու զույգերի միջև, միևնույն ժամանակ մեր ժամանցն էլ ավելի հետաքրքիր կդառնա: Պարզ է՞:

-Պա՜րզ է…,-լսվեց այս ու այն կողմերից:

Փայլակի սրտովն է այս խաղը, որովհետև այն հնարավորություն կտա Լիլիթին ասել այն ամենը գրավոր, ինչը շատ ավելի  դժվար է արտահայտել բանավոր, կարկամած լեզվով, միայն թե կարողանա գուշակել նրա հեռախոսահամարը: Հիմա հարմար առիթը եկել է, և նա ամեն ինչ նրան կասի և ամեն ինչ կպարզի իր համար: Բայց, որ համարի տակ է թաքնված Լիլիթն ու արդյո՞ք ճիշտ է գուշակելու նրա համարը, կիմանա միայն խաղի ավարտից հետո:

Գուցե այս խաղն էլ հենց առիթ հանդիսացավ, որ նրանք հետագայում էլ որդեգրեցին իրենց հարաբերությունները պարզելու հիմնականում հաղորդագրություններ ուղարկելով միմյանց:

Չնայած նրան, որ Լիլիթը, ծայրահեղորեն, չէր սիրում հաղորդագրություններ գրել, բայց միշտ էլ Փայլակի հաղորդագրություններին պատասխանում էր հաճույքով` թեկուզ կարճ, իսկ հետագայում նույնիսկ երկար բացատրություններով, նույնը պահանջելով նաև նրանից:

Փայլակը պատահականության սկզբունքով, բայց սրտի թելադրանքով ընտրեց գուշակվող հեռախոսահամարը և ուղարկեց  առաջին հաղորդագրությունը.

«Փնտրի’ր ինձ, կարծում եմ, որ չես գտնի, իսկ եթե գտնես, ուրեմն` սիրում ես»:

Փայլակին ուղարկված  առաջին հաղորդագրությունը տարօրինակ բնույթի էր.

«Վաղը վերնաշապիկդ կբերես, և ես այն սիրով կհարթուկեմ»:

Հետաքրքիր առաջարկություն էր արված, այն  էլ` սխալ գրված հայերենով, և Փայլակը անմիջապես գլխի չընկավ, թե դա ո՞վ կարող է լինել, ինչ բառախաղ է սա: Բայց ենթադրելով, որ դրա հեղինակը կարող է հենց Լիլիթը լինել, քանի որ նա ունենալով ռուսական կրթություն, հայերեն սխալներով էր գրում:

Փայլակը պատասխանը փորձեց ուղարկել նույն  ոճով:

«Ստում ես, դու լավ արդուկել չգիտես, իսկ զգացմունքներդ թաքցնել կարող ես վարպետորեն,  գուցե ես սխալվում եմ, բայց դա այդպես է: Իսկ արդուկել իմ վերնաշապիկը դու չես կարող, որովհետև դրա իրավունքը առայժմ չունես: Բայց եթե, իրոք, կարող ես այդ անել որակով, ապա դա հետաքրքիր է, և ես հաշվի կառնեմ իմ հետագա գիտական գործունեության ընթացքում»:

Հաղորդագրության վերջում նա ուղղել էր Լիլիթի գրած «հարթուկել» բառը և այն փոխարինել`ընդգծված «արդուկել» բառով:

Իր ուղարկած հաղորդագրության պատասխանին Փայլակը սպասում էր սրտի թրթիռով և այն տեղ հասավ կայծակնային արագությամբ:

«Դու արդեն չափազանցում ես, քո վերնաշապիկը ես այնպես կարդուկեմ, որ վրայիցդ երկար ժամանակ էլ չես հանի, կարող ես դրանով մի քանի օր քնել և վեր կենալ, նույնիսկ դրանով կրկին պարահանդեսի մասնակցել առանց արդուկելու»:

«Հարթուկել» բառը արդեն  ճիշտ էր գրված և  պարզ էր, թե ո՞վ է գրողը և ու՞մ հետ է կապ հաստատել Փայլակը:

Սակայն Փայլակին այնքան էլ դուր չեկավ հումորային  հաղորդագրությունները  և այնքան էլ չէր մխիթարվում դրանով և հաջորդ հաղորդագրության բովանդակությունը արդեն ավելի լուրջ բնույթի էր:

«Կյանքում ես քիչ եմ ունեցել սրտակից ընկերներ, հատկապես ընկերուհիներ և հիմա էլ չեմ հավատում, թե այդպիսիք կարող եմ ունենալ: Գուցե և սխալվում  ե՞մ: Ինձ միշտ թվում է, թե ես այդպես էլ  չեմ գտնի կյանքիս լավագույն կեսին տեսանելի ապագայում, որին կրկին փնտրում եմ»:

«Փայլակ, հարգելի’ս: Ես քեզ շատ եմ սիրում, բայց, սիրելի’ս, ինչու՞ ես դու ցանկանում մեր կոլեկտիվից հեռանալ: Հանուն ինձ դու պետք է մնաս այստեղ, ինձ հետ: Միշտ քեզ սիրող X.»:

Փայլակը, սրտի արագ բաբախյունով մի քանի անգամ կարդաց այս հաղորդագրությունը,  որտեղ   պարզ գրված էր` «Փայլակ, սիրելիս»  ու նաև շարունակությունը, որ իրեն սիրում է, և միայն պարզ չէր, թե ինչպիսի սիրով: Դա ընկերական կամ իսկական սեր է, միևնույնն է, կարևորն այն է, որ նա գրել է «Փայլակ, սիրելիս»: Էլ ի՞նչ էր նրան պետք:

Ու նա շատ արագ  գրեց պատասխանը. «Լիլիթ, սիրելիս, դու բացահայտեցիր քեզ, ինձ մնում է վայելել հատուկ մրցանակի բերկրանքը»:

Շուտով հայտարարվեց այս խաղի ավարտը և «Ժամանակավոր ժյուրին» հավաքելով բջջային հեռախոսները, սկսեց ամփոփել մրցույթի արդյունքները:

«Ժամանակավոր ժյուրին» կարդալով  բոլոր հաղորդագրությունների բովանդակությունները՛ միաձայն հաղթող ճանաչեց Փայլակ-Լիլիթ զույգին և շնորհավորելով նրանց հանձնեց հաղթանակած հեռախոսները:

Այնուհետև խաղավարը հայտարարեց.

-Շարունակում ենք խաղային ընդմիջումը և առաջարկում ենք մասնակիցներին իրենց աթոռակներով կիսաշրջան կազմել պարահրապարակում, որի մի մասում թող տեղավորվեն աղջիկները, իսկ նրանց դիմաց նստեն տղաները: Խաղը կոչվում է  «ո՞վ-ու՞մ է համբուրելու», որի դեպքում էլ, պատահական ընտրությունով, որոշվում են համբուրվող զույգերը:

Խաղավարը այս հայտարարությունը անելուց հետո, շամպայնի դատարկ շիշը ձեռքին մոտեցավ խաղահրապարակի կենտրոնին, սպասեց մինչև հայտ ներկայացրած մասնակիցները տեղավորվեն իրենց աթոռակներին, ապա կքանստեց  և ձեռքին բռնած  շիշը արագ թափով պտտեց հատակի վրա:

Մասնակիցների շրջանով ուրախ աղմուկ բարձրացավ և հնչեցին ծափահարությունները: Իսկ հատակին պտտվող շամպայնի ապակյա  շիշը, դանդաղեցնելով իր ընթացքը, ներքևի լայն շրջանակով  կանգ առավ Փայլակի  դիմաց, իսկ սուր ծայրը ուղղեց դեպի Լիլիթը:

Ա՛յ, քեզ հրաշք: Ինչպիսի՜ երջանիկ պատահականություն:

Փայլակը ցնցված էր, բայց տեղից խելակորույս վեր թռավ, առանց վարանելու մոտեցավ Լիլիթին և համբուրեց նրա այտը, չնայած այնքան մոտ էին վառվող շուրթերը:

Նա համբուրեց հենց այնպես, քնքշորեն, ընկերական, ինչպես եղբայրը` քրոջը, ապա արագ վերադարձավ ու նստեց իր տեղը: Գուցե դեղնել էր, գուցե կարմրել, բայց միևնույնն էր, նա այդ պահին իրեն ամենաերջանիկ մարդն էր համարում համայն  աշխարհում:

Մի քանի խաղարկումից հետո այս խաղն էլ ավարտեցին, մի փոքր զրույցի բռնվեցին որոշ խմբեր, ապա մոտեցան առատ սեղաններին՛ շարունակելու կիսատ թողած խնջույքը:

Այդ ընթացքում Փայլակը հասցրեց Լիլիթին հաղորդագրություն ուղարկել, որտեղ ասվում էր.

«Ների′ր, Լիլիթ, որ քեզ համբուրեցի, բայց ես ստիպված էի ենթարկվել խաղի կանոններին: Ներողություն եմ խնդրում, քանի որ ես այդ իրավունքը երևի չունեի: Նորից այս անիծված իրավունքը»:

Պատասխանը շատ չուշացավ:

«Ո՛չ, Փայլակ, դու նորից սխալվում ես և պետք չէ ներողություն խնդրել, դու դրա իրավունքը ունես, քանի որ ես քեզ սիրում եմ որպես իմ ամենալավ ընկերոջ: Իսկ ներողություն խնդրելու հարկ չկա: Բայց ինչ  իրավունքների մասին է խոսքը, համբուրելու համար ի՞նչ իրավունքներ են պետք: Եթե այո, ապա ինչպիսի՞: Եթե ես կատակում եմ, ծիծաղում, իսկ դու գիտե՞ս, թե ի՞նչ կրակ է բորբոքվում  ներսումս, հը՞…»:

Փայլակը այլևս չպատասխանեց: Ամեն ինչ կարծես ասված էր: Տենդը պատել էր նրա ուղեղին, երջանկությունից իրեն կորցրել էր և չգիտեր` այլևս ի՞նչ գրել և ինչպե՞ս գրել: Այս մտորումների մեջ էր, երբ Լիլիթից ստացավ ևս մեկ հաղորդագրություն.

«Փայլակ, թանկագինս, բայց դու չպատասխանեցիր  նախորդ հաղորդագրություններից  մեկում իմ տված հարցին, ճիշտ է՞, որ դու գնում ես այլ աշխատանքի մի ուրիշ կազմակերպությունում»:

Բայց Փայլակն ինչ պատասխաներ, երբ գտնվում էր երջանկության զգացումի յոթերորդ երկնքում և այլևս չէր մտածում այլ աշխատանքի տեղափոխվելու մասին:

Գիշերվա ուշ ժամի հավաքույթի մասնակիցները հրաժեշտ տվեցին միմյանց: Փայլակը չէր կարող ուղեկցել Լիլիթին, քանի որը նրանց ճանապարհները տարբեր էին և նրանք հրաժեշտ տվին իրար լուռ ու քնքուշ հայացքներով միայն:

Քաղաքի վրա թագավորում էր գիշերային անդորրը, որը հանկարծ ահռելի տխրությամբ սողոսկեց Փայլակի ներսը, համակեց ողջ էությունը և նա իրեն հարց տվեց, թե այդ ամենը ինչպե՞ս պատահեց, արդյոք այն գործ ունի նախախնամություն կոչված երևույթի հետ:

Եվ այդ երեկոյից հետո Փայլակի ու Լիլիթի մտերմությունը այլ գույներով սկսեց ներկվել:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31