Ն․Ս․Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Վեհափա՛ռ Տեր
Մեծ ափսոսանքով իմացանք, որ Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը ազատվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պաշտոնից: ՀԵՊ ուսուցիչներիս համար այս տեղեկությունը չափազանց տհաճ էր և անհանգստացնող. ի՞նչ կարող էր նշանակել Ձեր այս անակնկալ որոշումը մի հոգևորականի նկատմամբ, ում ջանադիր աշխատանքի շնորհիվ ՔԴԿ-ի հեղինակությունը անընդհատ բարձրանում էր վերջին տարիներին, ում վեհաշուք ներկայությունն ու իսկապես դաստիարակող, հոգևոր ապրումներ ներշնչող անկեղծ խոսքը մեր միջոցառումները դարձնում էին քրիստոնեավայել ապրելու հրաշալի դասեր:
Մայր Աթոռից տրված հակասական մեկնաբանությունները մեզ չբավարարեցին: Փնտրեցինք Սրբազան Հոր կողմից արված որևէ մեկնաբանություն, բայց չգտանք: Թերևս ամեն ինչ հասկանալի դարձավ այն առումով, որ Սրբազանին պաշտոնից հեռացնելը ակնհայտորեն անմիջական շարունակությունը հանդիսացավ ամիսներ առաջ մեզ համար ոչ պակաս տհաճ այն անակնկալի, երբ Դուք նույն կերպ վարվեցիք՝ ստիպելով աշխատանքից ազատվելու դիմումներ գրել Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Երևանի և Էջմիածնի պատասխանատուներին: Չէ՞որ Վարդան Սրբազանը խիզախություն ունեցավ՝ պաշտպանելու իր աշխատողներին՝ Ձեզ դեմ դուրս գալով:
Ստացվում է, որ եթե որևէ միաբան իր խղճին, հավատին ու համոզմունքին դեմ չգնալով, համարձակվում է ասել. «Վեհափա՛ռ Տեր, կներեք, բայց Ձեր որոշումն անարդար է», արդեն պետք է նախատեսի, որ պատիժը չի ուշանա: Եվ պարզվում է՝ սկզբունքային ու ազնիվ հոգևորականներին պատժելու՝ Ձեր կողմից ընդունված «ամենաանմեղ» ձևը նրանց այլ աշխատանքի կամ ծառայության ուղարկելն է, որն հաճախ կարող է բոլորովին չհամապատասխանել նրանց հոգևոր կոչմանը:
Նույնիսկ այնպիսի բարձրաստիճան հոգևորականի հետ, ինչպիսին Վարդան Սրբազանն է, Վեհափա՛ռ Տեր, Դուք վարվում եք այնպես, որ կարծես թե Ձեզ համար ոչ մի նշանակություն չունի՝ ավարտե՞լ է նա իր առաքելությունը այս ասպարեզում և հոգեբանորեն պատրա՞ստ է արդյոք այլ աշխատանքի տեղափոխվելու, թե՝ ոչ: Կարծում ենք՝ սեփական հոգեզավակի հետ այս աստիճան կամայական վերաբերմունք ունենալը բոլորովին հարիր չէ Ամենայն Հայոց Հայրապետին: Այսպիսով, Դուք , Վեհափա՛ռ Տեր, նույնիսկ Սահմանադրությանն ու օրենքին եք դեմ գնում, էլ չենք ասում՝ քրիստոնեության «Ոսկե կանոնին»: Բայց թույլ տվեք ասել, որ կրթության բնագավառում նման կտրուկ ու ոչ արդար որոշումները չափազանց վտանգավոր են ու ցավեցնող. չէ՞ որ կրթելն ու դաստիարակելը անմնացորդ նվիրում են պահանջում, որի արդյունքում հազար ու մի թելերով կապ է ստեղծվում մարդկային սրտերի հետ:
Իմացանք նաև, որ ՔԴԿ մի խումբ աշխատակիցներ նույնպես աշխատանքից հեռանալու դիմումներ են ներկայացրել՝ ի պաշտպանություն իրենց տնօրենի: Իրականում Մայր Աթոռի այս հրաշալի կառույցը, որ այնքա՜ն կարևոր գործունեություն էր իրականացնում, ցավալիորեն փլուզվում է, այն էլ այս օրերին, երբ մեր հոգևոր անվտանգությանը բազմաթիվ ու բազմապիսի մարտահրավերներ են նետված:
Վեհափա՛ռ Տեր, մենք՝ ուսուցիչներս, արդեն Ձեզ խնդրանքով չենք դիմում, քանզի վստահ ենք, որ պիտի մերժվենք, ինչպես նախորդ անգամ, երբ երկու հարյուրից ավելի ուսուցիչներով դիմել էինք ՔԴԿ Երևանի պատասխանատուին աշխատանքի վերականգնելու հարցով: Այս անգամ համարձակվում ենք մեր բողոքն ու վրդովմունքն արտահայտել Ձեր կայացրած որոշման դեմ` խորապես համոզված լինելով, որ Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանին այլ աշխատանքի տեղափոխելու Ձեր ցանկությունը բխում է ոչ թե հայրական հոգածությունից, այլ պարզապես աշխարհիկ մարդուն հատուկ վրեժխնդրությունից:
Հ.Գ. Ներողություն ենք խնդրում, եթե չկարողացանք ավելի մեղմ լինել :
Հարությունյան Լուսինե թիվ 32
Սաղոյան Սուսաննա թիվ 110
Թևոյան Անժելա թիվ 154
Կուրղինյան Ծաղիկ թիվ 173
Պետրոսյան Նարինե թիվ 95
Ասատրյան Հասմիկ թիվ 64
Ասատրյան Օֆելյա թիվ 20
Զաքարյան Ադելինա թիվ 20
Ղազարյան Սուսաննա թիվ 60
Գրիգորյան Ժաննա թիվ 79
Մանասյան Արփինե թիվ 184
Լալայան Ասյա թիվ 32
Մանուչարյան Լիլիթ թիվ 20
Հայրապետյան Սուսաննա թիվ 13
Ղազարյան Մարգարիտա թիվ 17
Վարդանյան Արմինե թիվ 194
Ղանդիլյան Նելլի թիվ 194
Բադալյան Ալվարդ թիվ 116
Յարիջանյան Մարինե թիվ 158
Պետրոսյան Արմենուհի թիվ 158
Գրիգորյան Օլյա թիվ 64
Հովհաննիսյան Սոֆյա թիվ 80
Մարտիրոսյան Շահանե թիվ 181
Սադյան Ինեսա թիվ 181
Գաբրիելյան Աննա թիվ 164
Մանուկյան Սեդա թիվ 26
Ստամբոլցյան Սաթենիկ թիվ 192
Ղազարյան Ալլա թիվ 148
Սիմոնյան Նարինե թիվ 93
Վարդանյան Հռիփսիմե թիվ 21
Պետրոսյան Տաթևիկ թիվ 122
Ղարիբյան Մարիամ թիվ 133
Նավասարդյան Մարիամ թիվ 104
Մուրադյան Ֆլորա թիվ 38
Գալստյան Գայանե թիվ 77
Ասրյան Հասմիկ թիվ 56
Դաշյան Լիլիթ թիվ 76
Ավետիքյան Մարիետա թիվ 129
Թարվերդյան Ազատուհի թիվ 82
Բեգոյան Նունե թիվ 87
Ասկիջյան Հերմինե թիվ 118
Քոչարյան Հասմիկ թիվ 185
Զեթլյան Մանուշակ թիվ 138
Սահակյան Ռուզաննա թիվ 153
Մկրտչյան Էմմա թիվ 126
Ալիխանյան Անի թիվ 172
Կիրակոսյան Մարինե թիվ 124