Կառուցելու ժամանակը
(Մաս 2-րդ)
Հարգելի վարչապետ «Առավոտում» հրապարակվեց «Երկրի խորքը կամ զրույց վարչապետի հետ» իմ հրապարակախոսական շարքի նախաբանը, հուսով եմ կարդացել եք, եթե չեք հասցրել, հոգ չէ, որովհետև իմ զրույցի յուրաքանչյուր հատված կարող է և առանձին դիտարկվել: Գիտեմ, շատ ծանր ընտրության առջև եք կանգնած:
Ընտրությունների արդյունքում ձևավորվում է ՀՀ ազգային ժողովն ու կառավարությունը: Իդեալական կլիներ, եթե խորհրդարանում ձևավորվեր պատշաճ ընդդիմադիր բևեռ: Բայց ունենք այն, ինչ ունենք: Եվ ես չասեմ մտահոգ եմ, այլ ասեմ տագնապած եմ, որովհետև հատկապես վերջին շրջանում բառերն ասոցացվում են որևէ քաղաքական ուժի, որևէ երևույթի հետ ու ձեռք բերում նոր իմաստային շերտեր, այս շարքում ամենահակասականը «դասական» բառի ճակատագիրն էր, պակաս հետաքրքիր չէր նաև «մտահոգ» ածականի բախտը, երբ պարզվեց, որ այն ստորոգյալ է դառնում միայն օժանդակ բայի երկրորդ դեմքի ներկայի հետ, բայց ոչ անցյալի առաջին դեմքի հետ: Էլ չխոսենք ոչ վաղ անցյալի քաղաքական դարձվածաբանական նվաճումների, ալոգիզմների ու բառամթերքի հարստացման մասին:
Սակայն ես շատ ծանր տարա հատկապես «քայլել» բայի ասոցիացիան և գաղափարականացումը, որովհետև երկար ժամանակ ինձ թվում էր, թե դա միայն իմ գեղագիտական, փիլիսոփայական կոնցեպտի կարևոր բաղադրիչն էր. Մի քանի տարի ամռան տաք օրերին ես աշխատանքի էի գնում՝ քայլելով Արաբկիրից մինչև Հանրապետության հրապարակ, Սարալանջի փողոցով, Կասկադով: Դա ինձ անասելի երջանկություն էր պարգևում, որոշ քաղքենի կանանց համար իմ ամենօրյա 6-7 կիլոմետրանոց քայլքը նույնիսկ ծիծաղելի էր թվում: Ու ոչ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, որ դա իմ օրվա ամենաերջանիկ պահն էր, իմ արթնության, ուշքի գալու պահը, իմ Ես-ը վերագտնելու ու նրա հետ կռիվ տալու պահը: Անասելի վայելքի ակնթարթներ էի ապրում, երբ գրեթե քնած էր քաղաքը, և ես վայելում էի նրա տաք ու հարազատ շնչառությունը, նրա անհուն գեղեցկությունը: Հետո հանդիպում էի Լեռանը: Հավիտենական գեղեցկության տեսիլքը իմ անձայն զրուցակիցն էր, դա սիրո ու ոգեղենության անբացատրելի պահ էր, իմպրովիզի, կենդանի ստեղծագործության պահ: Հետո ես նրա հետ սելֆի էի անում ու իջնում աստիճաններից, քայլում օպերայի կողքով ու հյուսիսային պողոտայով մտնում տաճար-հրապարակ, անգմբեթ տաճար, ավելի շուտ տաճար, որի գմբեթը երկինքն է, և որտեղ գալիս ու խաչաձևվում են աշխարհի բոլոր հայերի ճանապարհները: Նայում էի անհունին, գոհության աղոթք մրմնջում, հետո մտնում մի աշխարհ, որտեղ ինչպես Չարենցը կասեր. Ոչ ոք, ոչ ոք չգիտեր արդյոք ով եմ, ինքս, ես:
2015-ին առաջին անգամ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Երևանում խոսեց քայլեու փիլիսոփայության մասին և դա ինձ համար, և՛ երանություն էր, և՛ հայտնություն, և՛ մի տեսակ խանդելու առիթ, կոչենք դա Փոքրիկ իշխանի սինդրոմ: Այդ պահին էլ հասկացա, որ յուրաքանչյուր մարդու քայլերն անկրկնելի են, անկրկնելի է նրանցից յուրաքանչյուրի հետագիծը, հետևաբար քայլ բառի իմաստն ու փիլիսոփայությունը: Հասկացա, որ եթե գտել ես բանալին, իրավունք ես վաստակել մտնել հայոց լեզվի շքեղ ու անսպառ գանձարանը, միշտ կգտնես քեզ յուրահատուկ բառերի գանձատուփը, այնպես որ քաղաքական գործընթացները, ասոցիացիաներն անցողիկ են, մնայուն են ազգային բարձրագույն արժեքները:
Հասկանում եմ, պարոն վարչապետ, անհանգստության նշաններ եք ցույց տալիս, ժամանակ չունեք այս ամենը լսելու, բայց զինվեք համբերությամբ Դուք իմ պատմությունները լսելու և իմ արծարծած խնդիրները լուծելու համար եք վարչապետ դարձել, մենք միասին պետք է բացենք խորքը, փորձենք ճանաչել ցավերը, զգալ ու դարմանել: Այլապես ամեն ինչ անիմաստ կլինի: Վստահ եմ, Դուք չեք ուզի կրկնել նախորդ համակարգի սխալները, Ձեր սեփական սխալները կադրային հարցում, հատկապես պետական համակարգում տեղ գտած այլ արատներ: Չեք ուզի, որ որևէ մեկը ապրի անձի երկատման հոգեբանական դրաման՝ չգտնվելով իր տեղում, չանելով այն, ինչ պիտի անի ու անելով այն, ինչ չպիտի անի: Կարծում եմ սա շատ կարևոր է:
-Այն էլ այս պահին:
-Այո, հենց այս պահին, երբ Դուք գլխավոր ճարտարապետի պես ղեկավարում եք Ազգային ժողովի ու նոր կառավարության կառուցի ամբողջացումը:
Այս պահին առավել, քան երբևէ Ձեզ Սողոմոնի իմաստություն է պետք: Քարերը նետելու ժամանակն անցել է, անցել է անգամ այդ քարերը հավաքելու ժամանակը, Դուք հիմա քարերը ջոկջկում եք, փնտրում ու երևի հաճախ չեք գտնում պակասը: Հիմա Ձեզ հիմնաքարեր են պետք, սյուներ, շարքի քարեր, շաղախ : Ես քիչ առաջ նորից մեկառմեկ կարդացի Ձեր նախընտրական 170 անունից բաղկացած ցուցակը և ոչ թե մտահոգ եմ, այլ տագնապած:
Իսկ ամենամեծ տագնապն ապրեցի, մի քանի ծանոթ անունների կողքին կարդալով Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի անունը:
-Նորից անդրադարձաք այդ երիտասարդին,- բարկանում եք Ձեզ վայել խստասրտությամբ
-Նրան դեռ բազմիցս եմ անդրադառնալու, նրա մասին է լինելու իմ յոթ երգը, հետո կանդրադառնամ այլ ոլորտների ու խնդիրների, – ասում եմ հաստատակամությամբ,- որովհետև, դա այն ոլորտն է, որին տաս տարի նվիրումով ծառայել եմ, և որը այդ երիտասարդը քանդեց յոթ ամսում՝ քայլ առ քայլ ապացուցելով Սփյուռքի նախարարության ավելորդությունը: Պարապուրդի ենթարկեց մի ամբողջ գերատեսչություն: Մի պարզ թվաբանություն, պարոն վարչապետ, եթե նախարարությունը լուծարվեր ի սկզբանե՝ մայիսին, կարծում եմ պատկառելի խնայողություն կարվեր: Այնպես որ, եթե խոսում ենք չարաշահումների մասին, ապա պետական կառույցը պարապուրդի ենթարկելը ևս չարաշահում է և բյուջեի մսխում:
Այդ քարը կողքի դրեք, պարոն վարչապետ, այն Ձեզ պետք կգա միայն երիտասարդության համար արշավներ կազմակերպելու գործում և բացառապես ոչ մի այլ տեղ, եթե առաջնորդվում եք «Տաճար կառուցելիս ամեն քար իր տեղում», արդար ու արդյունավետ սկզբունքով:
Շարունակելի
Էվելինա Բաղդասարյան
Սփյուռքի նախարարությունը ցավոք միայն երկիր փող մտցնելու համար էր ու մեկ էլ ձեւական հայրենասիրական զգացմունքներ առաջացնելու,հանձինս «Արի տուն»ծրագրի:Իբր թե նախարարությունը չգիտեր երկրի խայտառակ,բարոյատնտեսական վիճակը…Բլեֆ: Ամեն մի «տուն»եկողը(ժամանակավոր)գոնե մի 1000 դոլար թողնում էր երկրին,այսինքն գող ավազակներին:Ես մեկ անգամ եմ դիմել շատ լուրջ հարցով՝ չօժանդակեցին՝ մեջը փող չկար…Լավ են անում փակում են:Դա ասում եմ ես,որ առնվազն 35 տարի,Հանքավանի ճամբարներում աշխատել եմ սփյուռքի երեխաների հետ:Սրա համար նախարարության ուռճացած կազմ պետք չէ: