Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին

Դեկտեմբեր 16,2018 11:45

«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով Aurora Dialogues բեռլինյան քննարկման ուշադրության կիզակետում էին փախստականների չդադարող ճգնաժամը, տեղահանության եւ միգրացիայի խնդիրները, հակամարտությունների սցենարները եւ պոպուլիզմի ահագնացող միտումները։

Aurora Dialogues-ը մեկնարկեց «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Յոախիմ Ռոգալի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ողջույնի ուղերձներով, ինչին հետեւեց գերմանական Der Tagesspiegel պարբերականի խմբագիր Դորոթի Նոլթեի զրույցը համաժողովի բացման օրը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ հռչակված Թոմ Քաթինայի հետ։ Վերջինս խոսեց իր անհատական փորձառությունից, որը ձեռք է բերել Սուդանի՝ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում միակ մշտական բժիշկ աշխատելու տարիներին, նկարագրեց, թե հակամարտություններն ինչպիսի կործանարար ազդեցություն կարող են ունենալ համայնքների կյանքում, եւ պարզաբանեց, թե այս փորձառությունն ինչպես է օգնել իրեն ավելի լավ հասկանալ մարդասիրության ասպարեզի ակտիվիստների եւ հումանիտար ճգնաժամերի հետեւանքով տուժածների միջեւ ուժեղ կապեր ձեւավորելու անհրաժեշտությունը։

«Աշխարհը ճնշման տակ» խորագրով բացման նիստի ընթացքում բանախոսները դատապարտեցին ճնշումների աճը մարդասիրական գործի նկատմամբ։ Գերմանիայի կանաչների կուսակցության նախկին համանախագահ, Գերմանական խորհրդարանի անդամ Ջեմ Օզդեմիրը շեշտեց, որ անազատական ռեժիմների ահագնացումը ներկայումս սկսել է վտանգել եւրոպական ժողովրդավարական կարգը։ «Ազատական ժողովրդավարություններին վտանգ է սպառնում»,– նշեց Օզդեմիրը։ «Ցավոք, անազատական ռեժիմները հետզհետե վտանգում են ավելի ու ավելի մեծ թվով պետությունների։ Եւ սա տեղի է ունենում մեր թողտվության պատճառով։ Մենք ենք նաեւ, որ կարող ենք կասեցնել այս միտումը։ Անշուշտ, մեկ երկրով փոփոխություն չի գա, բայց միացյալ ուժերով՝ Եւրամիությունը կարող է փոփոխություն բերել»։

Բեռլինյան քննարկումների երկրորդ օրն սկսվեց «Մարդկությունը փխրուն աշխարհում» թեմայի շուրջ քննարկումներով։ Մյունխենյան անվտանգության համաժողովի նախագահ, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում Գերմանիայի նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը յուրաքանչյուր պետության կոչ արեց պատասխանատվություն վերցնել եւ ձայն բարձրացնել անարդարության դեմ։ «Եւրամիությունը եւ, մասնավորապես, Գերմանիան մեր առջեւ ուրվագծեցին աղետալի մի պատկեր, որն ի ցույց է դնում բոլորիս անկարողությունը վերջին տասնամյակների հումանիտար ամենադաժան ճգնաժամի՝ Սիրիական պատերազմի առնչությամբ»,– ասաց բանախոսը։ «Մենք պարզապես հայացք թեքեցինք։ Սակայն հայացք թեքելը դեռ չի նշանակում մեղավոր չլինել։ Եթե կարող էիր ինչ-որ բան անել, սակայն նախընտրեցիր անմասն մնալ, ուրեմն մեղավոր ես»։ Դեսպան Իշինգերն ապա հավելեց. «Մենք ականատես դարձանք, թե ինչպիսի կործանարար հետեւանքների են հանգեցրել միջազգային իրավունքի անտեսումը եւ, իբրեւ հետեւանք, վստահության քայքայումը։ Հարկավոր է վերամեկնաբանել միջազգային իրավունքը՝ ուղղելով այն ի պաշտպանություն ոչ թե բռնակալների, այլ՝ մարդկանց եւ քաղաքացիների»։ Նիստի ընթացքում հաջորդիվ շեշտվեց, որ մարդկանց անվտանգությունը պետք է ամրագրվի իբրեւ միջազգային իրավունքի գերակա նորմ, եւ որ եւրոպական երկրներն այլեւս չեն կարող թաքնվել Եւրոպայի մատույցներում ծավալվող հումանիտար աղետների լուսանցքներում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ ներկայումս աշխարհին սպառնացող խոշորագույն մարտահրավերն անտարբերությունն է. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որն աստիճանաբար ավելի է բեւեռանում, իսկ վստահության պակասը եւ ապատեղեկատվությունը միայն նպաստում են դրան։ Ներկայիս հասարակությունում հետզհետե ավելի մեծ կարեւորություն են ձեռք բերում համագործակցությունը եւ վստահելի մարդկանց ներառող ցանցերի ձեւավորումը։ Ամենակարեւորն անձնական կապերն են, եւ ես անչափ ուրախ եմ՝ տեսնելով, որ այս տարի Aurora Dialogues քննարկումները կրկին իր հարկի ներքո է ժողովել մարդասիրության ոլորտում օրինակելի գործ կատարող բացառիկ անհատականությունների։ Շնորհակալ եմ, որ միացել եք «Ավրորայի» շարժմանը, որ հույս եք բերում մարդկանց եւ օգնում պահպանել մարդկության ապագան»։

Aurora Dialogues համաժողովը եզրափակվեց Թոմ Քաթինայի «Կոչ` ի գործ» ոգեշնչող ելույթով։ Բանախոսը վկայակոչեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունը, որը Հայոց ցեղասպանությունը վերապրելու փորձառությունը գործադրում է մերօրյա հերոսներին զորացնելու համար, որպեսզի վերջիններս իրենց հերթին կարողանան աջակցել տարրական հումանիտար աջակցության կարիք ունեցողներին եւ շարունակեն բարեգործության շղթան միջազգային մասշտաբով։ Իր կոչում Թոմ Քաթինան նշեց. «Ինչպես հայերը, վերապրելով դժվարություններ դարձել են մարդասիրական գործի նվիրատու եւ աջակից, այնպես էլ «Ավրորայի» աջակիցները պետք է սա դարձնեն գործելաոճ եւ «մարդասիրական վակուումը» լցնեն մարդասիրական գործով»։

Aurora Dialogues բեռլինյան քննարկումների կազմակերպիչներն էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնությունը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, «Ռոլանդ Բերգեր» հիմնադրամը, «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատությունը, Ersnt&Young ընկերությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

IDeA հիմնադրամ
Հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31