Արարողությանը ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Էռլանգենի քաղաքապետ Ֆլորյան Յանիքը, գերմանացի բարձրաստիճան հոգևորականներ և պաշտոնյաներ, Բավարիայի Քրիստոնյա եկեղեցիների միության ղեկավար Գիորգոս Վլանտիսը, Նյուրնբերգի ու Էռլանգենի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ առաջնորդությամբ Բավարիա երկրամասում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Այգիկ քահանա Հովհաննիսյանի։
«Այս խաչքարը պրն Ֆոգելի հիշատակն անմահացնող, շնորհակալության յուրահատուկ դրսևորում է և պատրաստվել է այն երկրում, որտեղ նա իր անգնահատելի ծառայությունն է բերել»,-իր խոսքում նշեց Հայր Սերովբեն՝ ընդգծելով, որ խաչքարերը հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ինքնության անբաժան մասն են, իսկ խաչը՝ մահվան և չարի հանդեպ հաղթանակը:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ևս իր խոսքում գնահատանքով անդրադարձավ պրն Ֆոգելի ծառայությանը:
Խաչքարի հեղինակն Անատոլի Ավետիսյանն է: Այն պատրաստվել է «Օգնություն Հայաստանին. Էռլանգեն-Հյոխշտատ» միության աջակիցների նախաձեռնությամբ: Նշենք, որ 2010թ.-ից գործող այս միությունը հումանիտար օգնություն է տրամադրում Հայաստանում կարիքավոր ընտանիքներին, օժանդակում երիտասարդների կրթության և վերապատրաստման, ինչպես նաև 1988թ. երկրաշարժից հետո վերակառուցման գործին:
Օծման արարողությունից հետո ներկաներն ունկնդրեցին հայ հոգևոր երաժշտության գոհարներից՝ Տեր Այգիկ քհն. Հովհաննիսյանի, Նյուրնբերգի Օպերային թատրոնի երգչախմբի անդամներ Գոռ Հարությունյանի, Սուրեն Մանուկյանի և Մյունխենի (Կարլսֆելդի) Սբ. Կորնելիուս եկեղեցու մանկական և Երիտասարդական երգչախմբի պատասխանատու և ղեկավար Աննա Ղազարյանի կատարմամբ:
Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ