Aravot.am-ն այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեց՝ Դավիթ Շահնազարյանը ձեզ երկու խնդրանքով էր դիմել՝ կատարելո՞ւ եք իր խնդրանքը: Հիշեցնենք, որ Շահնազարյանը, մասնավորապես, Վանեցյանին ասել էր, որ սրանից հետո ԱԱԾ-ականներին չուղարկի իր հետեւից, անհարմար վիճակի մեջ չդնի, զանգի, ինքը կգա: Իսկ երկրորդ խնդրանքն էլ այս էր՝ «Ես գիտեմ, որ դուք իմ ասուլիսը սղագրել եւ վարչապետի առաջ եք դրել, պարտավոր էիք դա անել: Ես պատրաստվում եմ այն թղթին հանձնել՝ լրացուցիչ ապացույցներով, մի քանի լեզուներով թարգմանել, էդ սղագրության տեքստը ուղարկեք ինձ, էլի, ուղղակի ժամանակ չկորցնեմ, խոսք եմ տալիս, որ ոչ մեկին չեմ ասի, որ դուք եք տվել»:
Վանեցյանը պատասխանեց՝ «Ես մարդկանց իռոնիայով խոսքերին չեմ պատասխանում, հատկապես փոքր ժամանակ ծնողներս դաստիարակել են,ասել են՝ մեծերին վատ բան չասես՝ դեմքի լուրջ արտահայտությամբ ու խրոխտ ձայնով արված հայտարարությունները միշտ չէ, որ պետք է լուրջ ընդունել: Չեմ ուզում իր անձին անդրադառնալ, մտնել քաղաքական բանավեճի մեջ: Կարձագանքեմ միայն մի դրվագով՝ եթե ես ուղարկեի ԱԱԾ աշխատակիցներին պարոն Շահնազարյանի հետեւից, հավատացեք, պարոն Շահնազարյանը չէր կարող չգալ ԱԱԾ: Դավիթ Շահնազարյանին փոխանցվել է հրավեր թուղթ՝ իր կողմից արված հայտարարության վերաբերյալ բացատրություններ տալու: Պարոն Շահնազարյանի հայտարարությունների մեջ եղել է ՀՀ եւ Արցախի ինքնիշխանությանը վերաբերող դրույթներ, որին չարձագանքել ԱԱԾ-ն չէր կարող: Մենք համապատասխան հաղորդագրություն տարածեցինք, կոչ արեցինք բոլոր այն քաղաքացիներին, որոնք նման տեղեկություններ ունեն, որ գործող իշխանությունները, ինչ-ինչ շահերից ելնելով փորձում են հանձնել Արցախը, կամ վտանգված է ՀՀ ինքնիշխանությունը, դիմեն Ազգային անվտանգության մարմիներին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել ու նման երեւույթներ չեն հայտնաբերվել»:
Վանեցյանի խոսքով՝ «առերեւույթ պարոն Շահնազարյանը Փաշինյանին մեղադրել է պետական դավաճանության մեջ, իշխանություն՝ Արցախի փոխարեն եւ այլն, որը հետագայում խուսափեց գալ ու իր ասածները ներկայացնել, նշեց, որ դա քաղաքական հետապնդում է: Թե ինչով էր քաղաքական հետապնդում՝ չեմ հասկանում, վարչապետ Փաշինյանը ավելի շուտ կարող էր մեզ մեղադրել քաղաքական հետապնդման մեջ, քան Շահնազարյանը: Ծանր հանցագործության մասին հայտարարությունը փոխեց, ասեց, որ քաղաքական հայտարարություն է, մնացած մեկնաբանությունը թողնում եմ բոլորիդ: ԱԱԾ-ն ուշադրության կենտրոնում է պահելու նման երեւույթները՝ կլինի գործող, նախկին իշխանության ներկայացուցիչ, թե ուղղակի անհատ, ով կփորձի Արցախի կամ ՀՀ ինքնիշխանությանը վերաբերող որեւէ գործողություն իրականացնել՝ անմիջապես հայտնվելու է մեր ուշադրության կենտրոնում»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ընդդիմադիրները նախկինում շատ էին բողոքում, որ ԱԱԾ-ն գաղտնալսում է իրենց հեռախոսային խոսակցությունները՝ քաղաքական նպատակներով, որ կոմպրոմատներ հավաքեն իրենց դեմ, եղե՞լ է նման գործելաոճ՝ Վանեցյանը պատասխանեց. «Նախկինի մասին չեմ խոսում, չեմ մեկնաբանում: Հեռախոսների գաղտնալսումներն իրականացվում են բացառապես դատարաների որոշումների հիման վրա: Ես հավաստիացնում եմ, որ իմ պաշտոնավարման սկզբից մինչ օրս որեւէ քաղաքական գործընթացի չենք խառնվել: ԱԱԾ-ն ապաքաղաքական կառույց է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ