«ՀՀ-ում կոռուպցիա չկա եւ չի լինելու: Եթե ՀՀ-ում կա համակարգային կոռուպցիա ու դրա դեմ մենք գործողություն չենք իրականացնում, ուրեմն ես իրավունք չունեմ աշխատել ՀՀ ԱԱԾ-ում: Կարող են դեպքեր լինել, երբ ինչ-որ արկածախնդիրներ փորձեն փախցնոցի անեն, դրա դեմը մենք կառնենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ մի քանի օր առաջ ձերբակալվել է ոստիկանության աշխատակից, չեն բարձրաձայնել, ՊԵԿ աշխատակիցներ են ձերբակալվել: Խոսելով ԱԱԾ աշխատակիցների մասին՝ Վանեցյանն ասաց, որր չեն ուզում ինչ-որ մեկի գլխին մի բան սարքել: Օբյեկտիվությունն ամենակարեւորն է: Հետո նա հիշեց, որ երբ նոր էր ԱԱԾ գնացել, Ֆելիքս Ցոլակյանն իրեն մի խորհուրդ է տվել. «Նա ինձ մի բան ասեց՝ Արթուր ջան, թուղթը որ ստորագրում ես, դա հենց ընենց թուղթ չի, դա մարդու ճակատագիր է: Պետք է լինել առավելապես օբյեկտիվ ու ուշադիր»:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի՝ կաշառքով «Կոնգրեսը» ձեռք բերելու նախկին հայտարարության մասին՝ Վանեցյանն ասաց, որ սխալ ձեւակերպում է տվել. «Կաշառք բառը չպետք է օգտագործեի, պետք է ասեի՝ ապօրինի ձեռք բերված գումարների միջոցով ձեռք է բերվել «Կոնգրես» հյուրանոցը, հարուցվել է քրգործ՝ փողերի լվացման հատկանիշներով: Պարոն Սեդրակ Քոչարյանը հրավիրվել է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է՝ որպես վկա: Իրականացվել են գործով անհրաժեշտ միջոցառումներ, առաջիկայում հստակ տեղեկատվություն կտրվի, այս պահին մեղադրյալ չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ