Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանը գաղտնալսման հետ կապված փակագծեր է բացում՝ կարդացել է Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքի ստատուսը ու անհանգստացել

Դեկտեմբեր 15,2018 21:41

Այսօր լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեցին՝ Քոչարյանի պաշտպանական կողմը նշում է, որ պետք  դիմի ՄԻԵԴ, շանսեր ունե՞ն ապացուցելու, որ որեւէ ճնշում է եղել դատավորների վրա՝ Վանեցյանը պատասխանեց. «Ցանկացած պաշտպանական կողմ, փաստաբան կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեսզի ստանա որեւէ որոշում, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը: Չեմ ուզում որեւէ գնահատական տալ, կարծիք հայտնել, ՄԻԵԴ-ը այն անկախ կառույցն է,որը այդ հարցի պատասխանը կտա: Ես երեւի թե ամենաշահագրգռված անձանցից եմ, որ որքան հնարավոր է շուտ դիմեն դատարան ու ստանան իրենց հարցերի պատասխանը»:

Հարցին՝ առաջին գաղտնալսման հետ կապված՝ դուք շարունակում եք պնդել, որ Հրաչ ասելով՝ նկատի եք ունեցել քննչական խմբի ղեկավարի՞ն, մտահոգություն չկա՞, որ քննչական խմբի ղեկավարը կարող է վախեցած զանգել ԱԱԾ տնօրենին՝ Վանեցյանը պատասխանեց, որ «քննչական խմբի ղեկավարը ինձ երբեւիցե չի զանգել ու չի էլ կարա զանգի»:

Գաղտնալսման հետ կապված Վանեցյանն ասաց, որ գործը քննվում է. «Գաղտնալսումները մոնտաժված են: Եթե ես գաղտնալսումներին չարձագանքեի, ոչ մեկը չէր կարա բան ասեր, կարայի ասեի սուտ է, ոչ մեկը չէր կարա հիմնավորեր դատարանում, որ դա իմ խոսակցությունն է: Հենց առաջին վայրկյանից եկել նստել եմ ԶԼՄ-ների առաջ ու ասել եմ: Ես որեւէ միտք, որեւէ խոսք չեմ ասել, որ հետո ամաչեմ դրանից, որեւէ խոսք չեմ ասել, որը կարող է բացասական անդրադարձ ունենա: Ընդհակառակը, գաղտնալսումները ինչ-որ տեղ լույս սփռեցին այն ամենի վրա, ինչը կատարվում է: Վարչապետը մանրամասն անդրադարձել է երկրորդ գաղտնալսմանը, Քննչական կոմիտեում քննություն է իրականացվում, համոզված եմ, որ առաջիկայում գաղտնալսում իրականացնողները կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը, իսկ եթե երբեւէ կլինի մի բան, որի համար ես պետք է պատասխան տամ՝ այսօր, վաղը, թե տասը տարի հետո կլինի՝ ես պատրաստ եմ ցանկացած իմ խոսքի համար պատասխան տալ»:
Վանեցյանն ասաց, որ գաղտնալսողների շրջանակի հետ կապված բան չի ասելու, որովհետեւ հետո իր խոսքը դառնում է մեկնաբանությունների առարկա:

Նա հորդորեց թեման փակել, լրագրողներն ասացին՝ քաղաքական, իրավական իրադարձություն է, Վանեցյանն արձագանքեց՝ քաղաքական եւ իրավական իրադարձություն չի, ի՞նչ տարբերություն ձեզ են գաղտնալսում, թե՞ ինձ: Երբ ասացին՝ դուք պետական գաղտնիք կրող եք՝ նա պատասխանեց՝ ես պետական գաղտնիքի մասին հեռախոսով չեմ խոսում:

Վանեցյանը նաեւ ասաց. «Իմ հեռախոսը տվել եմ անկախ փորձագիտական մարմին, սաղ վերականգնել են, ես դատավորի հետ չեմ խոսացել, սաղ վերականգնել են՝ վայբեր, վոթսափ, դատավորի հետ ես որեւէ կապ չեմ ունեցել, չեմ ճանաչում էդքան դատավորների մեջ որեւէ դատավորի»:

Լրագրողները հարցրեցին՝ առաջին գաղտնալսման մեջ դուք ասում եք՝ ասում են՝ հիմքերը թույլ են, ո՞ւմ նկատի ունեիք, Վանեցյանը պատասխանեց՝ «Ռուբեն Մելիքյան կա, Արցախի մարդու իրավունքների պաշտպան, հուլիսի 26-ին դրել է ստատուս ֆեյսբուքում, դատական պրոցեսի թույլ կողմերն է տպել, ես էդ ֆեյսբուքի ստատուսից կոպյա եմ արել, որովհետեւ այնտեղ բաներ էր գրած, որը ուղարկել եմ մարդկանց, կարդացել են, որ էդ կարծիքը տան: Սասունը դրա համար է ասում՝ քեզ ուզում էի գրավոր պատասխանեի…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31