Լրագրողները նախ ճշտեցին՝ նշանակվելո՞ւ եք առաջին փոխվարչապետ, լուրեր կան, որ ձեր փոխարեն Ֆելիքս Ցոլակյանն է նշանակվելու, արդեն վարչապետի պաշտոնակատարից ստացե՞լ եք երաշխավորություն, որ դուք եք լինելու ԱԱԾ տնօրենը:
Վանեցյանը պատասխանեց. «Եթե ես ասեմ՝ հերքում եմ, մի բան կասեն, ասեմ՝ չեմ հերքում՝ այլ բան կասեն: Դրա համար մի քիչ երկար պատասխանեմ. երբ իմ 20 տարեկանը լրացավ, աշխատանքի ընդունվեցի ԱԱԾ-ում ու այդ տարիքից ի վեր աշխատել եմ միայն ԱԱԾ-ում, հպարտանում եմ իմ ծառայությամբ, կատարված աշխատանքով, պատասխանատվութամբ եմ մոտենում իմ աշխատանքին ու այսօր իմ համար մեծ պատասխանատվություն է ղեկավարել այն կառույցը, որտեղ սկսել եմ աշխատել շուրջ 20 տարի առաջ: Այս կարճ ժամանակահատվածում, ինչ ղեկավարում եմ ԱԱԾ-ն, եղել են բազմաթիվ բարեփոխումներ, ԱԱԾ-ն փոխել է իր դեմքը, փոխվել է վերաբերմունքը հասարակության՝ դեպի ԱԱԾ-ն, դա այն ամենն է, որը ես կարողացել եմ իմ գործընկերների հետ միասին անել այս 7 ամիսներին, բայց դա շատ փոքր մասն է, ինչ մենք արել ենք: Ես հույս ունեմ, որ դեռևս երկար տարիներ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն ու օգուտ բերել ՀՀ-ին: Իմ հետ որեւէ մեկը չի խոսել իմ աշխատանքի փոփոխության հետ կապված, որեւէ առաջարկ Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել ու շարունակում եմ իմ ծառայությունը՝ որպես ԱԱԾ տնօրեն:
Խոսելով սկանդալային բացահայտումների մասին՝ Վանեցյանն ասաց. «Բացահայտումները, որոնք իրականացրեցինք սկզբնական փուլում, լինելու են շարունակական: Ինտենսիվությունը, որը կար սկզբում, իհարկե, սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառերով նվազելու է: Մենք մշտապես կատարում ենք մեր առջեւ դրված խնդիրները ու ոչ միշտ է, որ հրապարակում ենք այն գործերը, որն անում ենք: Հավատացեք, մենք անում ենք հետախուզության, հակահետախուզության ոլորտում լուրջ գործեր, որոնք հրապարակման ենթակա չեն, ու այդ գործերն իմ համար ավելի կարեւոր են, քան այն գործերը, որոնք մենք հրապարակում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ