Այսօր լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեցին՝ Արմեն Ավետիսյանի գործը ի՞նչ փուլում է ու կարո՞ղ է իր «Գոլդեն փելեսը» տալը հիմք լինի գործը կասեցնելու:
Վանեցյանը պատասխանեց. «Մենք տեղեկություն ստացանք, որ «Գոլդեն փելեսը» օֆշորային ընկերության վրա էր, սա այն դեպքն է, որ հանցագործություն է, գրանցել են օֆշորայինում, որ թաքցնեն իրական սեփականատիրոջը: Պարզվեց, որ սեփականատերը իր որդին է ու մայրը: Գույքի ձեռքբերման միջոցները պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ ու պարոն Արմեն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը: Դա, իհարկե, մեղմացուցիչ հանգամանք է, քննությունը վերջնական կիրականացվի, պարոն Ավետիսյանը պետգույքի կառավարման վարչությանը դիմել է, գործը վերջում կարճվելու է, բայց չեմ կարող ասել, որ հիմքով կկարճվի»:
Ըստ Վանեցյանի՝ ի՞նչ է մեզ տալու անձին տանել դատապարտել, նստեցնել եւ այլն: Հարցին՝ նույն տրամաբանությունը գործելո՞ւ է նաեւ Սաշիկ Սարգսյանի գործով, որը հայտարարել էր, որ 30 մլն-ը վերադարձնելու է, Վանեցյանն ասաց, որ կորոշվի հետո: Նա ասաց, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է, բայց գործը քննվում է ՀՔԾ-ում. «Ես կողմնակից եմ, որ պետությանը հասցված վնասը փոխհատուցվի, վերականգնվի ու մարդը ազատվի պատժից, եթե մարդու կյանքին վնաս չեն տվել: Այդ դեպքում արդարացնող հիմքով չեն ազատվում, տարբեր հիմքեր կան»:
Նա ասաց, որ կասեցվել է նաեւ Առաքել Մովսիսյանի գործը, որը շնորհքով հանձնել էր զենքերը:
Խոսելով Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինվորի հետ կապված դեպքի մասին՝ Վանեցյանն ասաց. «Մարդասպանը մնում է մարդասպան, ինչ ազգ ուզում է լինի, եթե մարդասպան է, պետք է դատապարտվի ու եթե մարդասպանություն է արել ՀՀ տարածքում, պիտի դատապարտվի ՀՀ տարածքում՝ դատարանի կողմից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ