Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ ԱԱԾ-ն տեղեկություններ ունի՞, թե ինչպես է Նարեկ Սարգսյանը Ֆրանկլին Գոնսալես անունով Գվատեմալայի կեղծ անձնագիր ձեռք բերել:
Վանեցյանը պատասխանեց. «Տեսանյութը բոլորդ տեսել եք՝ մեր կողմից հրապարակված, դրանից հետո իրականացվել է քննություն ու բոլոր հանգամանքները ի հայտ են եկել: Նկարները փորձաքննության են ուղարկվել, հաստատվել է, որ պատկանում են Սարյանի վրձնին նկարները, գումարայինը չեմ կարող հիշել: Ոնց է ձեռք բերել անձնագիրը՝ այս պահին մեզ հայտնի չէ, բայց իրականացված միջոցառումների արդյունքում ոստիկանության, «Ինտերպոլի» հետ համատեղ միջոցառումների արդյունքում Պրագայում հայտնաբերվել է Նարեկ Սարգսյանը, առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առջեւ»:
Հարցին՝ ձեր վարկանիշը գրեթե հավասար է վարչապետի վարկանիշին՝ վարչապետինը 80 տոկոս է, ձերը՝ 81, բացառո՞ւմ եք, որ երբեւէ կլինեք վարչապետ՝ նա պատասխանեց, որ վարկանիշին ուշադրություն չի դարձնում, հաճելի է շատ, բայց նաեւ մեծ պատասխանատվություն ունենալ հասարակության կողմից այն վստահությունը, որն ունի. «Դա մենակ ես չեմ, ԱԱԾ-ն է: Ես մինչեւ ԱԱԾ տնօրեն դառնալը էլի եղել եմ, արել եմ, բայց իմ մասին ոչ լսել են այստեղ նստածները, ոչ էլ: ԱԱԾ-ն, այն վարկանիշը, որն ունեցավ, նրանից է, որ այսօրվա վարչապետը իր քաղաքական թիմի հետ իրականացրեց ոչ բռնի թավշյա հեղափոխությունը եւ ժողովուրդը սկսեց ընդունել ու վստահել իշխանություններին: Առանց վարչապետի, այն վարկանիշը, որը ես ունեմ, միանշանակ, երբեք չէի ունենալու: Ինչ վերաբերում է վարչապետ դառնալուն՝ ես երբեւիցե բառը չեմ օգտագործում՝ բացառելու իմաստով, բայց այս դեպքում կօգտագործեմ»:
Լրագրողները հետաքրքրվեցին Մարտի 1-ի գործից: Արթուր Վանեցյանն ասաց, որ մանրամասներ չի կարող հայտնել, որովհետեւ քննող մարմինը ՀՔԾ-ն է ու ինքն իրավասու չէ բացահայտել քննության գաղտնիքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ