Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեցին՝ ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է ձեր ընտանիքի անդամների օֆշորային ընկերություններով, ձեր հորեղբոր կինը, որը 79 տարեկան է, օֆշորային ընկերություն ունի, նախկին իշխանության տարիներին 335 հազար դոլար տուգանվել է ԱՄՆ-ի կողմից անօրինական բաների համար:
Վանեցյանը արձագանքեց. «Հենց բան չեն ունենում գրելու, մեկ էլ գրում են՝ Վանեցյանի օֆշորային… Որտեղ Վանեցյան ազգանունը դուրս է գալիս… ասենք, Հարությունյան լիներ, ոչ մեկը չէր իմանա, որ իմ հետ կապ ունի: Զեմֆիրա Վանեցյանը, այո, իմ հորեղբոր կինն է, որը ՀՀ-ում չի բնակվում 1988-89-ից: Իհարկե, ինքը տնտեսական գործունեությամբ չի զբաղվում, այդ ընկերությունը պատկանում է եղբորս՝ Կարեն Վանեցյանին, ով շատ խոշոր գործարար է, որը ՀՀ տարածքում որեւէ բիզնես չունի ու բիզնես հետաքրքրություն չունի: Ինքը ՀՀ քաղաքացիություն ստացել է այս տարի՝ զուտ նրա համար, որ եղավ այս հեղափոխությունը, տենդենց գնաց, որ գան ՀՀ: Ինքը այսօր Երեւանում է, խնդրեցի, ասեցի՝ արի հետս, ինձ օֆշորից հարց են տալու, արի պատասխանի՝ չեկավ»:
Վանեցյանի խոսքով՝ «Օֆշորը, օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ: Բիզնես գործիք է, որն օգտագործվում է աշխարհի շատ գործարարների կողմից: Ինձ վերաբերող որեւէ օֆշորային ընկերություն չկա, ես որեւէ տնտեսական գործունեությամբ չեմ զբաղվում: Չեմ թաքցրել ու չեմ թաքցնում, որ իմ եղբայրը՝ Կարեն Վանեցյանը եւ մի հատ էլ եղբայր ունեմ՝ Արմեն Վանեցյանը, խոշոր գործարարներ են, իրենց գործունեությունը իրականացնում են Սերբիայում, Իրաքում, Ուկրաինայում, շատ երկրներում ու որեւէ հանցագործություն ես դրա մեջ չեմ տեսնում: Էլի եմ ասում, չեմ հերքում, Զեմֆիրա Վանեցյանը հորեղբորս կինն է, հորեղբայրս, փառք Աստծո, դեռ կենդանի է, գաղտնալսումն էլ իրենց մոտ էի, երբ գաղտնալսվեցի: Արմեն եւ Կարեն Վանեցյան եղբայրներիս հետ կապված կարող են հետաքննող լրագրողները հետաքննել ու իմանալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ