STR մարզական հասարակական կազմակերպությունը նշում է հիմնադրման 15-ամյակը: Այդ առիթով այսօր կազմակերպությունն ամփոփեց մրցաշրջան 2018-ը եւ անցկացված մրցանակաբաշխության արդյունքում 20 անվանակարգերում պարգեւատրեց տարվա լավագույն ավտոմարզիկներին:
STR ՄՀԿ նախագահ Արսեն Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մեր կազմակերպությունը լիիրավ ներկայացնում է Հայաստանը ավտոսպորտում: Որպես կազմակերպիչ մենք ավտոսպորտի զարգացումը Հայաստանում իրականացնում ենք 2008 թվականից՝ անցկացնելով մի շարք միջոցառումներ: 2018 թվականն այս առումով ռեկորդային էր: Անցկացրել ենք 17 միջոցառում, որից 3-ը՝ Արցախում: Այդ նպատակով մենք էվակուատորներով 40 մեքենա ենք տեղափոխել Արցախ, որտեղ մեկ օրը նվիրել ենք երեխաներին՝ «Փոքրիկ վարորդ» խորագրով: Երեխաները մրցել են եռամարտում՝ վարում, հրաձգություն եւ վազք:
Մյուս սիրողական եւ պրոֆեսիոնալ միջոցառումները, որոնք ամենատարբեր բնույթի ու մրցաձեւերից են եղել, կազմակերպել ենք Հայաստանում, ինչպես Երեւանում, այնպես էլ Վանաձոր, Մասիս քաղաքներում»:
Հարցին, թե STR-ին շա՞տ վարորդներ են անդամագրված, Արսեն Մուրադյանը պատասխանեց. «STR-ը որպես ակումբ 2003 թվականին հիմնադրել են Տիգրան Մկրտումյանը, Գեւորգ Հայրապետյանը, որոնք հիմա Հայաստանում չեն բնակվում, եւ էլի իմ մի քանի ընկերներ: Այն ժամանակ մենք գիշերները հավաքվում եւ անկարգություններ էինք անում: 2007-ին կամ դրանից մեկ տարի հետո ակումբը դարձել է ՀԿ եւ փողոցային իրավիճակից անցել օրինական դաշտ: 2011 թվականից ակումբը ղեկավարում եմ ես: Այս ընթացքում անդամների թիվը 10-12-ից մի քանի անգամ բազմապատկվել է: Եվ ուրախ ենք, որ անդամների մեջ քիչ չեն նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հասել ենք այն մակարդակի, որ մեր ՀԿ-ի բոլոր անդամները իրենց մեքենաներում պետք է ունենան անվտանգության բոլոր համակարգերը, մասնագիտական գույքը, պիտի պահպանեն մարզաձեւում ընդունված վարքականոնները: Հասել ենք նաեւ այն բանին, որ լիցենզավորված պրոֆեսիոնալներ ունենք, որոնք մասնակցում են պրոֆեսիոնալ մրցումների, ինչպես օրինակ «Կովկասի գավաթը»: Սիրողական վարորդներից ոմանք նույնպես արդեն իրենց պատրաստ են զգում հաջորդ տարվանից տեղափոխվել պրոֆեսիոնալ դաշտ»:
STR ՀԿ-ն պետական աջակցություն չի ստանում: Արսեն Մանուկյանի խոսքով, իրենք աշխատանքները իրականացնում են հիմնականում մասնավոր հովանավորների աջակցությամբ, որոնց դիմում են: «Շատ ցանկալի է, որ պետությունն էլ մեր վրա ուշադրություն դարձնի: Քանի որ իրավիճակ է փոխվել, մտադիր ենք տարածք հատկացնելու համար դիմել կառավարությանը: Երեւանի երթեւեկությունն արդեն գերծանրաբեռնված է, եւ երբ մենք միջոցառում ենք անցկացնում, դա խոչընդոտում է երթեւեկությանը», – եզրափակեց Արսեն Մանուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ