Դեկտեմբերի 14-ին, Երևանում տեղի ունեցավ «Ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում դիտորդների կողմից ընտրատեղամասերի անմատչելիության վերաբերյալ արձանագրված նախնական դիտարկումների ներկայացում:
Ինչպես նշեց զեկուցողը՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը, հաշմանդամություն ունեցող 33 շրջիկ և տեղամասային դիտորդներն իրականացրել են դիտորդական առաքելություն թվով 71 ընտրատեղամասերում՝ արձանագրելով մատչելիության հետ կապված բազմաթիվ խախտումներ:
«Դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումները վերաբերում են ընտրատեղամասերի անմատչելիությանը: Դիտարկված ընտրատեղամասերի 6%-ը մուտքի թեքահարթակի կարիք չի ունեցել, սակայն անվասայլակով տեղաշարժվող մարդիկ իրենց ընտրական իրավունքը իրացնելիս բախվել են դժվարության շենքերի ներսում, որոնց 10%-ում քվեարկության սենյակը տեղակայված է եղել երկրորդ հարկում կամ նկուղային մասում և վերելակներ չեն եղել: Դիտորդները նաև նշել են սանհանգույցի անմատչելիության խնդիրը»,- նշեց Գ. Գրիգորյանը:
Զեկուցողը հավելեց, որ ընտրատեղամասերի մեծ մասում չեն եղել խոշորացույցեր՝ նախատեսված տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, իսկ որոշ ընտրատեղամասերում ոչ բավարար լուսավորության պատճառով վերջիններս դժվարացել են ինքնուրույն քվեարկել:
Դիտորդական առաքելության ընթացքում արձանագրված արդյունքները կամփոփվեն առաջիկայում ներկայացվելիք զեկույցում:
Հավելենք, որ «Ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի», «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
«Ագաթ» ՀԿ