Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանը Հայաստանի նկարիչների միության համագումարում ելույթի համար գրանցված 16 արվեստագետներից մեկն է: Նա մշտապես հանդես է եկել գործող նախագահ Կարեն Աղամյանի եւ միության մասին կոշտ քննադատությամբ:
Aravot.am-ի հետ զրույցում Հաղթանակ Շահումյանն ասաց, որ ճիշտ չէր այս շրջանում համագումար հրավիրելը, որովհետեւ Նոր տարվա շեմին մարդիկ ամանորի հոգսերով են զբաղված, դահլիճները ցուրտ են, ու այդ իսկ պատճառով համագումարը բազմամարդ չէ:
«Ես կարծում եմ, որ միությունն անմխիթար վիճակում է, եւ ոտքի վրա արված ընտրություններով բան չի փոխվի…Միությունը վերակենդանացնելու համար ավելի լուրջ մոտեցում է պետք»,-ասաց մեր զրուցակիցը:
«Քանի որ ասեկոսեներ կան եւ պատկերը մեզ լրիվ պարզ չէ, թե միությունն ինչ պայմանագրեր եւ նյութական վիճակ ունի, ես առաջարկեցի, որ հինգ հոգանոց հանձնախումբ ստեղծվի, որին ժամանակ տրվի մեկ-երկու ամսիս, ուսումնասիրվի եւ կանոնադրական փոփոխությունները եւ ամեն ինչ: Այդ ամենն ուղարկվի մարդկանց, նոր նորմալ համագումար արվի»,-ասաց արվեստագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ