Դեկտեմբերի 15-ին մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարը, որը սպասված էր միության անդամների կողմից: Համագումարի սկզբում աղմուկն ավելի շատ էր, միության անդամերն անընդհատ ընդհատում էին երկարամյա նախագահ Կարեն Աղամյանին կարդալ իր զեկուցումը: «Ժողովուրդ, իմ զեկուցումը հետաքրքիր չէ՞, ինչու եք ուզում խանգարել»,- դժգոհեց Աղամյանը:
Նկարիչները կոչ էին անում շարժվել հստակ օրակարգով եւ ցանկացած հարց դնել քվեարկության, սկզբից ընտրել ժողովն անցկացնող նախագահ ու քարտուղար, եւ հետո նոր նախագահը համագումարը վարի ըստ օրակարգի :Պահանջում էին նաեւ վերստուգիչ հանձնաժողով ընտրվի:
Aravot.am-ի հետ զրույցում նկարիչ Աշոտ Թադեւոսյանը նշեց, որ պահանջել են Կարեն Աղամյանը իջնի նախագահությունից եւ բոլորի հետ նստի դահլիճում, ինչպես միության մյուս անդամները: Ասաց, որ արդեն օրակարգով շարժվում են, ընտրվել է նախագահություն, 16 հոգի գրանցվել է ելույթի համար: Վարողը Արամ Իսաբեկյանն է: «Նրան օգնողները ես եմ եւ Զարուհի Մուրադյանը»,-ասաց նկարիչը:
Մեր հարցին՝ ինքն օրինակ, ինչպիսի նախագահ կուզենար տեսնել, Աշոտ Թադեւոսյանը պատասխանեց. «Երիտասարդ, ազնիվ, ժպիտով… Եվ ես ոչ թե նախագահ, այլ թիմ եմ ուզում տեսնել»:
Իսկ թե ինչ կուզենար, որ փոխվեր միությունում, նկարիչը պատասխանեց. «Առաջին հերթին կուզենայի, որ փոխվեր մտածելակերպը, նկարիչները հասկանային, որ բացի պահանջելուց կամ պարտականություններ՝ սկսած անդամավճարներից, վերջացրած մի շարք պարտականություններով:
Ցուցահանդեսները եւ նկարիչների միությունը բերվեն ժամանակակից, եվրոպական վիճակի: Նորմալ ցուցահանդեսներ լինեն, որոնք մրցունակ լինեն: Նկարիչների միության շենքում գտնվող վարձակալներին պետք է դուրս հանել, իսկ եթե մնալու են, ապա գումարն ուղղվի նկարիչների միությանը: Նաեւ դրանք անպայման լինեն պրոֆիլային վարձակալներ, ոչ թե տաքսի սերվիս կամ մեկ ուրիշ բան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Աշոտ Թադեւոսյանի ֆեյսբուքյան էջից