Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Թող դատի տա, ե՞ս պիտի անհանգստանամ, չեմ անհանգստանում». ԱԱԾ-ն՝ Սաշիկ Սարգսյանի որդու մասին զգացմունքային հաղորդագրության մասին

Դեկտեմբեր 15,2018 14:51

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր լրագրողների համար սեմինար էր կազմակերպել, որտեղ ներկայացվեց ԱԱԾ-ի կայքի շնորհանդեսը: Sns.am կայքում նոր ուղղություն է բացվել՝ տնտեսական անվտանգության ապահովում եւ կոռուպցիայի դեմ պայքար:

ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանն ասաց, որ այդ ուղղությունը սովորաբար հատուկ ծառայությունների տիրույթում չէ, բայց հեղափոխությունից հետո ժամանակավոր այդ գործառույթը ԱԱԾ-ի վրա դրված է:

Նորամուծություններից է նաեւ այն, որ այսուհետեւ գործելու է ԱԱԾ-ի թեժ գիծ՝ 1-91, բացի այդ, կարող են  նաեւ առցանց հարցում անել: Կայքի նորամուծություններից է նաեւ հաճախ տրվող հարցերի շրջանակի ընդլայնումը:

Լրագրողները դժգոհեցին, որ առցանց հարցում անելու համար  նույնականացման քարտ է ուզում, էլեկտրոնային ստորագրություն, մեղմ ասած՝ ասում եք՝ մի հարցրու: Պարոն Քինակցյանը պատասխանեց. «Ճիշտ է, բայց հասկացե՛ք, մեր ծառայությունը չի կարող իր գործը թողնել ու ամեն մեկի ամեն զառանցանքին պատասխանել»: Այնուամենայնիվ, լրագրողները հորդորեցին հարցում անելու կարգը հեշտացնել: ԱԱԾ աշխատակիցները պարզաբանեցին, որ լրագրողները կարող են իրենց էլեկտրոնային փոստով հարցում անել,, սահմանված ժամկետում կպատասխանեն: Իսկ ինչ վերաբերում է էլեկտրոնային ստորագրության անհրաժեշտությանը առցանց հարցման դեպքում, դա սահմանված է կառավարության որոշմամբ:

Լրագրողները Արմեն Քինակցյանին հարցրեցին ԱԱԾ հաղորդագրություններում անմեղության կանխավարկածի խախտման մասին, որպես օրինակ, նշեցին «Սասնա ծռերի» հետ կապված հաղորդագրությունը, որտեղ նրանց գործողությունը ահաբեկչություն էին որակել, երբ «Սասնա ծռերը» նման հոդվածով չէին մեղադրվում: ԱԱԾ-ից ասացին, որ հետո հաղորդագրությունը փոխել են, բացի այդ, մատնանշեցին այն, որ հաղորդագրության վերջում մշտապես նշում են, որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել:

Լրագրողները նաեւ ԱԱԾ-ի հաղորդագրությունների զգացմունքայնության մասին նշեցին: Օրինակ, Սաշիկ Սարգսյանի որդու հետ կապված հաղորդագրության մեջ տրվելով էմոցիաներին, նշել էին՝ նա ապրում է ցոփ ու շվայտ կյանքով, այդպիսի սովորույթներով: Քինակցյանը պատասխանեց. «Այն, ինչ դուք ընկալում եք՝ որպես զգացմունքային, այնքան էլ այդպես չէ: Դա արվել է ապօրինի հարստացման կոնտեքստում»: Լրագրողների դիտարկմանը, որ նա ապօրինի հարստացման մեջ չէր մեղադրվում, ԱԱԾ-ն գեղարվեստական ժանրի պետք է խուսափի, նույն մարդը կարող է ձեզ դատի տալ՝ ձեր հաղորդագրության համար՝ Քինակցյանը  պատասխանեց. «Թող տա: Ե՞ս պիտի անհանգստանամ, ես չեմ անհանգստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31