Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանության, Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության կենտրոնական բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկ Երևանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին և նրա ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, ով հանրությանը հայտնի է երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։
Պարզվել է նաև, որ Kia-ն վարել է Երևանի բնակիչ՝ 43-ամյա Արայիկ Չիբուխչյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մահացածը Երևանի բնակիչ՝ 68-ամյա Քնարիկ Պետիկյանն էր։
Քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ Range Rover-ը տեղափոխվել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո պարզ կլինի, թե վրաերթի ենթարկվածը Kia-ի, թե Rang Rover-ի հարվածից է մահացել։
Վարորդներ Ա. Չիբուխչյանն ու «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ ազատ են արձակվել։
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում