Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի խորհուրդները՝ ինչպես խուսափել օտար երկրի գործակալ դառնալուց. անգամ հորդորում են հաճելի մարդկանցով չգայթակղվել, օծանելիքին չխաբվել (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 15,2018 12:40

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը  լրագրողների համար սեմինար էր կազմակերպել, որի ժամանակ բավականին ուշագրավ տեղեկություններ տրամադրեցին, թե օտարերկրյա պետություններում հատուկ ծառայությունների ծուղակից ինչպես կարելի է խուսափել, որ չկարողանան հավաքագրել:

ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանն ասաց, որ հատուկ ծառայությունների կողմից թիրախավորված անձինք են լինում եւ լրագրողները նույնպես թիրախների մեջ են, ինչպես ռազմական բնագավառի մարդիկ, պետական, ծառայողական գաղտնիքների տիրապետողները, ոստիկանները, ուժային կառույցների ներկայացուցիչները. «Մարդը չի կարող ենթադրել, որ նմանատիպ ծուղակներ կարող են իրենց համար ստեղծվել, հոգեբանական ներազդեցության հնարավորություններն օգտագործեն ու հայտնվի այն վիճակում, որ ստիպված հավաքագրման ենթարկվի: Առաջին հայացքին անմեղ թվացող իրավիճակ կարող են ստեղծել ու մարդը անելանելի վիճակում հայտնվի, համաձայնվի համագործակցել: Առաջին խորհուրդը՝ պետք չի զրուցել այն մարդկանց հետ, ում չեք ճանաչում: Կարող է մոտենան, ասեն՝ ինչ-որ բան փոխանցեք՝ մի արեք: Կարող է պատրվակ հանդիսանալ վեճի, պատմության մեջ ընկնեք: Ձեզ կառաջարկեն մի տարբերակ՝ խնդիրը լուծելու՝ համագործակցություն: Ուստի նախ պետք է սովորել ոչ ասել: Կտրուկ ոչ-ը գուցե այդքան էլ քաղաքավարի չլինի, բայց փորձված տարբերակ է»:

Լրագրողները խնդրեցին օրինակ բերել՝ ի՞նչ կարող են խնդրել փոխանցել: Պարոն Քինակցյանը պարզաբանեց՝ օտար երկրում կարող է ինչ-որ փոքր հուշանվեր տան, որ տանեք, փոխանցեք ուրիշի: Հետո ձեզ կարող է ոստիկան մոտենա, ասի՝ սա ինչ-որ տեղից գողացված է ու դառնա պատմություն: Շատ դեպքերում ոստիկանի համազգեստի տակ ուրիշ մարդ է: Դա ընդունված ձեւ է հատուկ ծառայությունների գործունեության համար»: Հարցին՝ Հայաստանում է՞լ եք այդպես անում՝ Քինակցյանը ժպտաց. «Մենք դրսի մասին ենք խոսում»:

Հաջորդ խորհուրդն այն էր, որ ոչ մի պարագայում պետք չէ ցույց տալ դրամապանակը. «Եթե շատ փող ունեք, դա մի տարբերակ է, քիչ փող ունեք՝ այլ տարբերակ է: Եթե քիչ ունեք, փող առաջարկելու տարբերակն է գործում, եթե շատ ունեք՝ այլ իր տալու տարբերակն է»: ԱԱԾ-ն խորհուրդ է տալիս նաեւ օտար երկրներում հաճելի մարդկանց հետ ծանոթություններից խուսափել. «Պետք է հիշել նաեւ, որ հաճելի մարդկանց հետ ծանոթությունը կարող է թակարդ լինել՝ մեղրային թակարդ: Դա ուղիղ կապ ունի հատուկ ծառայությունների գործունեության հետ: Այս մեթոդն ամենաշատը կիրառել է ԳԴՀ-ն: Հատուկ աղջիկներ եւ տղաներ էին պատրաստում, որոնք նույնիսկ օգտագործում էին հատուկ օծանելիքներ, որոնք ձգողականություն են ավելացնում  նրանց նկատմամբ եւ հայտնի են դեպքեր, երբ բազմաթիվ հայտնի գործակալների հավաքագրել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, առաջին թիրախը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների քարտուղարներն էին, հետո՝ ռեֆերենտները, օգնականները, աշխատակազմերի աշխատողները»:

ԱԱԾ աշխատակիցներն ասացին՝ ֆիզիոլոգիական ցանկություններ ունենալը նորմալ է, բայց, ամեն դեպքում, նման հաճելի, գայթակղիչ մարդկանց հետ ծանոթանալիս չմոռանալ նաեւ իրենց խորհուրդը:

Քինակցյանի խոսքով՝ «եթե ինչ-որ մեկը ձեզ զոռով ինչ-որ բան է տալիս, աշխատեք խուսափել, թեկուզ՝ կոշտ ձեւով: Մի վախեցեք, այդ դեպքում բղավեք ոստիկանություն՝ police, դա մի էլեմենտ է, որ մյուս կողմից կզգաստացնի ու կհասկացնի, որ դուք այն մարդը չեք, որին հեշտությամբ իրենց ծուղակը կգցեն: Չնայած կան երկրներ, որտեղ երաշխավորված չի, որ ոստիկանությունը ձեզ կպաշտպանի, առաջին տեղում իրենց երկրի քաղաքացիներն են: Այդ դեպքում պետք է պահանջել անմիջապես հյուպատոսական ծառայության ներկայացուցչին: Երբ տեսնեն, որ գիտեք ձեր իրավունքները, էժանագին տրյուկներին չեք ենթարկվում, իրենց գործը բարդանում է ու մեծ առավելությամբ հետ կկանգնեն իրենց մտադրությունից»:

Հարցին ի՞նչ անել Թուրքիայում, որտեղ հյուպատոսություն չունենք՝ նա պատասխանեց, որ պետք է ամեն ինչ անել, որ կհասկանան՝ չեք տրվելու, կանչեք իրենց ոստիկանապետին, նախարարին: Ի վերջո, դիմել մեր ԱԱԾ-ին:

Թակարդ կարող է լինել օտար երկրում հյութ խմելն անգամ: Առավոտյան կարող է արթնանաս այլ տեղ, գրպանումդ՝ անծանոթ իրեր լինեն:

Նա ասաց, որ պատահական ոչ մի բան չի լինում, հատուկ ծառայությունները թիրախային աշխատանք են կատարում ու զոհին հատուկ են ընտրում: Նույնիսկ հեծանիվ կամ մեքենա վարձակալելիս կարող է այսպես ասած «գլխիդ սարքեն», թե այն վնասել ես, վեճ սարքեն ու գցեն իրենց թակարդը: Դրա համար վարձակալելուց առաջ պետք է այն լուսանկարել:

Լրագրողները հարցրեցին՝ այսքանից հետո մենք հանգիստ քնե՞նք՝ ԱԱԾ-ականները վստահեցրին՝ Հայաստանում այո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31