«Նոր կառավարությունից ակնկալում ենք բարեփոխումներ՝ տեղական ինքնակառավարման ոլորտում: Թավշյա հեղափոխությունից հետո մեր առաջարկներն ենք ներկայացրել Կառավարությանը եւ ակնկալում ենք, որ դրանք կներառվեն կառավարության նոր ծրագրում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանը: Այսօր ընթանում է «Հայաստանի համայնքների միության» կազմակերպած՝ Հայաստանի ավագանիների 1-ին համաժողովը, որի ընթացքում քննարկվում են ավագանիների ինստիտուտի կայացման, ավագանու դերի մեծացման խնդիրները:
Էմին Երիցյանը որպես խնդիր մատնանշեց այն փաստը, որ ավագանու լիազորությունները սահմանափակ են. «Ավագանին դեռ չունի այն դերը, որը պետք է ունենա: Ավագանին այսօր նախաձեռնող չէ: Եթե չկան նախաձեռնելու հնարավորություն եւ ֆինանսներ, ավագանիները պասիվ են, մրցակցություն չկա: Ավագանու ինստիտուտը կարծես համայնքի ղեկավարի կցորդն է. ավագանիները կարծես ինքնուրույն աշխարհում լինեն եւ դուրս են քաղաքական համակարգից»:
Էմին Երիցյանի խոսքով՝ կուսակցությունները պետք է պատասխանատվություն կրեն ամեն համայնքում իրենց ավագանիների համար, քանի որ նրանք պետք է լինեն քաղաքացիների եւ կուսակցությունների միջեւ կապող օղակը. «Այդ կապը խզված է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ