«Փաստի» հետ զրույցում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ստեղծվածը որակեց «շշից դուրս եկած խնդիրների» համատեքստում:
«Այս իրավիճակը վաղուց կար, ուղղակի հիմա երկրում մի մթնոլորտ է ստեղծվել, երբ բոլորը որոշել են բարձրաձայնել իրենց փոքր ու մեծ ցավերի մասին, ինչը ճիշտ է: Ուղղակի այս առումով նոր իշխանություններն արդեն պետք է առաջնային քայլերը արած լինեին: Պետք է հիմնովին վերանայվեին դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության կարգերը: Այդ գործը չի արվել, բայց բազում դպրոցներում տնօրենի ընտրություններ են տեղի ունենում, և ամեն տեղ խախտում կա»,–ասաց նա՝ շեշտելով, որ նախ առկա է կառավարման խորհուրդների ձևավորման կարգի անհամապատասխանությունը:
«Էլ չասեմ, որ կարգն ինքնին շատ վայրի մի մեխանիզմ է առաջարկում, որտեղ բացի նրանից, որ ժողովրդավարություն չկա, նաև դպրոցի շահերից բխող որևէ մեխանիզմ չկա: Նույնը վերաբերում է նաև տնօրենի ընտրության ընթացքին, բայց, փաստացի, շարունակում են աշխատել հենց այս կարգերով, ինչի հետևանքով, ցավոք, ունենում ենք այն, ինչը հիմա ունենք: Մարդիկ գիտեն և վստահ են, որ իրենց պահանջը ճիշտ է, բայց նրանց ասում են՝ կարգն այդպիսին է: Կարգի խախտում կարծես չկա, բայց մարդիկ դժգոհ են: Իրականում կարգի խախտում ևս կա, որովհետև չկա մի կառավարման խորհուրդ, որտեղ կազմը ճշտորեն կհամապատասխանի կարգի առաջարկած կետերին»,–ընդգծեց Ա. Բախշյանը:
Նա ընդգծեց, որ իրեն հիմա մի բան է շատ մտահոգում. «Ուզում եմ բերել Չարենցավանի դպրոցի օրինակը, խոսել երեխաների ընդվզման, խելացի հիմնավորումների մասին: Ասում են՝ նախկին տնօրենն է այդ ամենը կազմակերպել, բայց՝ ո՛չ: Մի թերագնահատեք երեխաներին: Երեխաները երբեմն շատ ավելի խելացի են կարողանում հիմնավորել իրենց ասելիքը, քան մենք՝ մեծերս, քանի որ ունենք տարբեր կաշկանդումներ: Իրենք ասում էին շատ խելացի բաներ և ասում էին վարչապետին: Իրենք սիրում են իրենց տնօրենին, և զրկել երեխաներին այդ տնօրենից՝ ուղղակի ասելով, թե կարգ է խախտվել, ես դա չեմ հասկանում: Փաստորեն, հիմա թաքնվում են այդ վատ կարգերի հետևում ու ասում՝ կարգ է խախտվել: Ոչ, կարգն այն գլխից է «խախտված» եղել: Այդ կարգերը վաղուց պետք է վերանային, և դրա համար 7 ամիսը հերիք էր»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում