Թե ինչու անցած ընտրություններում «Իմ քայլը» ստացավ 884456 ձայն (70,43 տոկոս)՝ առանձնապես բացատրել պետք չէ: Այդ ձայները վաստակեց Նիկոլ Փաշինյանը, որն իրականացրեց քաղաքացիների ճնշող մեծամասնության երազանքը՝ ազատեց նրանց ատելի իշխանությունից, որի հետ այդ մեծամասնությունը կապում էր անձնապես իր, ինչպես նաեւ մեր երկրի բոլոր խնդիրները: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ բացի Փաշինյանից, այդ նույն քաղաքացիները չեն տեսնում որեւէ մեկ այլ գործչի, որին պատասխանատու կհամարեն վերոհիշյալ խնդիրների լուծման համար:
Մնացածն ընթանում է դասական հեղափոխական կանոններով: Համընդհանուր աջակցության եւ մեծամասնության կողմից բոլոր քննադատող ձայները կոպտորեն լռեցնելու պայմաններում կառավարությունն արդեն գործել է մի շարք սխալներ, այդ թվում՝ միջազգային ասպարեզում: Հաշվի առնելով վարչապետի բռնկուն բնավորությունը՝ նման դեպքերը կարող են կրկնվել նաեւ հետագայում: Հեղափոխության առանձնահատկությունը նաեւ այն է, որ դրա կողմից միացրած ռեպրեսիվ թափանիվը օբյեկտիվորեն դժվար է կանգնեցնել: Դա տեղի է ունենում անգամ իշխանությունների կամքից անկախ՝ այդպիսին է հասարակության պահանջը: Այնպես որ, ենթադրում եմ, «նախկին իշխանություններով» ամեն ինչ չի սահմանափակվի: Հետո հերթը կհասնի դրանց ենթադրյալ համակիրներին, հետո համակիրների համակիրներին եւ այլն:
Այդպիսին է հեղափոխության տրամաբանությունը: 18-րդ դարի վերջում «Ազատություն, հավասարություն եւ եղբայրություն» հռչակած ֆրանսիացի հեղափոխականներն իրականում հաստատեցին դաժան բռնապետություն, որը, սակայն, ժողովրդի մեծամասնությանը դուր էր գալիս: Ամբոխը հրճվում էր, երբ Ռոբեսպիերն ու նրա հեղափոխական ընկերները գիլյոտին էին ուղարկում թագավորին եւ ազնվականներին՝ անեծքներ ուղղելով մահապատժի ենթարկվողներին: Ամբոխը նույնպիսի հրճվանք էր ապրում, երբ Ռոբեսպիերը գիլյոտին էր ուղարկում իր հեղափոխական ընկերներին՝ նույնպիսի անեծքներ ուղղելով «դավաճաններին»: Պակաս չէին ամբոխի հրճվանքը եւ անեծքներն այն ժամանակ, երբ գիլյոտին էին տանում իրեն՝ Ռոբեսպիերին: Եվ ի՞նչ: Ֆրանսիացիներն ամեն տարի տոնում են իրենց հեղափոխության տարեդարձը, իսկ հեղափոխականներին հերոս են համարում, որովհետեւ նրանք կարեւոր խնդիր էին լուծում՝ ապացուցում էին, որ մարդիկ ի ծնե որեւէ արտոնություն չունեն, բոլորն Աստծու առաջ հավասար են:
Այժմ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք գիլյոտինին՝ բառիս ուղիղ կամ (այնուամենայնիվ, 21-րդ դարն է) փոխաբերական իմաստով: Դա չի նշանակում, որ պետք է վախենանք մեր դիրքորոշումը հայտնելուց: Բայց նաեւ չի նշանակում, որ պետք է թերագնահատել հայաստանյան թավշյա հեղափոխության պատմական դրական նշանակությունը: Ինչ էլ տեղի ունենա մեկ ամիս կամ մեկ տարի հետո՝ հեղափոխությունը առաջիկա տասնամյակների համար ազդեցիկ դաս կլինի ցանկացած իշխանության համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հակաները սուտ հարց են օրակարգ բերել: Արդյո՞ք ԱՄՆ-ի կոնգրեսի կամ Ռուսաստանի դումայի ընտրությունների արդյունքները որևէ մեկը աշխարհում շնորհավորել է: Իսկ կողմնակիցները այդ կուտը կերել են, անընդհատ փորձում են բացատրել, թե ինչու Պուտինը չի շնորհավորել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/13/1000940/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Հասկացա․ կորչի՛ սատանայական հեղափոխությունը, կեցցե՛ նախկին ատելի իշխանությունը, որին արժանի է մեր արյունառբու բնակչությունը, կեցցե՛ ամբոխին սանձահարող հոդվածագիրը։
Այսօրվա իշխանության գլխավոր նպատակը՝ պետական առողջ ինքնաբավ համակարգ ստեղծելն է, այդ գործը ռազմավարական խնդիր է, որը նշանակում է որ բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են աջակցել նոր կառավարությանը այդ համակարգը ստեղծել, ավելի պարզ՝ բոլոր ուժերով մշակում ու ստեղծում ենք մեր ազգային պետական նավը ու նոր հետո վիճաբանում թե ինչպես եւ որ ուղղությամբ այն ղեկավարել, քանի դեռ նավը պատրաստ չէ, ձուկը ծովում բազար չեն անում: Դրա համար ցանկացած քննադատություն պետք է ուղղված լինի միայն պետականաշինության լավացմանը, պետական համակարգի ձեւավորմանը, առաջինը՝ որպես պատերազմող պետություն պետք է վերադառնալ նախագահական համակարգին, մարտավարական քաղաքական տարաձայնությունները դեռեւս մի կողմ ենք թողնում, երկրորդը՝ արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ հավասարակշռություն պահպանելու համար պետք է միշտ սեփական շարժման մեջ լինել, հենց հոգնեցիր ու կանգնեցիր՝ ուրիշների ազդեցության տակ կհայտնվես, սա նշանակում է՝ ուզում է լինի բարեկամ թե թշնամի՝ մեծագույն ու տեսանելի ջանքեր գործադրել նրանց հետ եւ ընդհանուր գործողություններ իրականացնել ընդհանուր թշնամու դեմ, եթե պարզվի որ մեր թշնամին չի ուզում մեր հետ համագործակցի, դա չի կարեւորը, կարեւորը որ ինչ մեզնից հասնում էր, մենք արել ենք ու մեր խղճի ու աստծո առաջ մաքուր ենք: Մեզ բոլորիս մեծագույն անհանգստություն ու մեծագույն հավատ ազգի ձեւավորման ու պետականաշինության գործում ու որպես արդյունք՝ մեծագույն Հաղթանակի բերկրանք:
Anonymous says: = Լավատես
Ներողութիւն, սակայն ձեր պատմական բաղդատականը հաւակնոտ է:
Քառորդ դարէ ի վեր հազիւ գոյացած Հայաստանիկ մը՝ 18րդ դարու Ֆրանսան չէ. ձեր մօտ այդտեղ, շշմեցուցիչ արագութեամբ եւ հեշտութեամբ անհետացած այդ վարչակարգը կարելի չէ համեմատել ֆրանսական թագաւորութեան հետ. երկու պարագաներուն յեղափոխութիւն կատարողներու բաղդատականն ալ ուղղակի ծիծաղելի է – աւելին չասեմ՝ մարդ չվիրաւորելու համար – :
Ցարդ, Հայաստանի մէջ անցեալ ինը ամիսներուն տեղի ունեցածը փաստեց հիմնականօրէն մէկ բան միայն՝ այդ դեռ չկազմուած, տակաւին գոյութեան տարրական խարխափումներու մէջ ինքզինք փնտռող երկրին մէջ, որեւէ վարչակարգ, որքան որ ալ երեւութապէս ուժեղ ձեւանայ, խորքին մէջ դատարկ է, շինծու է եւ դիւրաբեկ, խղճալի պատրանք մըն է միայն, ինչպէս որ նաեւ այդտեղի իբրեւ թէ «պետականութիւն»ը, ու շատ հեշտ ու դիւրին է այդ ամէնը արագօրէն ջնջել, ինչպէս որ թաց սրբիչով մը՝ նախակրթարանի մը գրատախտակի փոշին:
Իսկ «յառաջիկայ տասնամեակների համար ազդեցիկ դաս»ին համար, պէտք է որ նախ սպասէք որ կատարուածին բոլոր հետեւանքները իրականանան:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա