ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ եւ առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող գործողությունները:
Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց:
Պաշտպանական կողմն արդեն իսկ ստացել է Վերաքննիչ դատարանի որոշումը: Հարցին, թե ի՞նչ պատճառաբանություններ է նշել դատարանը որոշման մեջ, Ալումյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կայացված է եղել օրինական ընթացակարգով եւ եղել է հիմնավոր:
«Ըստ էության կրկնել է առաջին ատյանի դատարանի որոշման փաստարկները՝ փոքր ինչ մանրամասներով: Մասնավորապես Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը, որ առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանը կատարել է իրեն վերագրվող գործողությունները եւ գտնում է, որ պարոն Քոչարյանն այս դեպքում անձեռնմխելի չէ»,- ասաց պաշտպանը:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում