Այս ազատում-նշանակումների հետ կապված ամենից կարեւոր հանգամանքներից մեկը, մեր կարծիքով, այն է, որ իրավիճակը արագ ու հնարավորինս ընկալելի հանգուցալուծվեց: Այն իմաստով, որ հայրենիքի անվտանգությանն ու պաշտպանունակության վերաբերող հարցերում անորոշությունն ամենից վտանգավոր «սողացող թշնամին» է:
Վատ է այլ բան. այն, որ իրենց հնարավորինս հստակ ու դրական դրսեւորած մարդիկ են ազատվում պաշտոններից՝ առանց հանրությանը քիչ թե շատ ընկալելի պատճառաբանություն կամ բացատրություն ներկայացնելու:
Ոչ ոք հավերժ չէ իր պաշտոնում, իհարկե, բայց, ի վերջո, ինչո՞ւ Լեւոն Մնացականյանը ազատվեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Ինչո՞ւ է մարտական գեներալը, որ իրեն կարելի է ասել անձնուրաց դրսեւորեց ապրիլյան պատերազմի դաժան օրերին, ազատվում հրամանատարի պաշտոնից եւ «պատվավոր աքսորի» ուղարկվում Արտակարգ իրավիճակների ծառայություն: Այո, էլի ուժային բնույթի կառույց է, բայց բավական տարբերվող խնդիրներով:
Եթե նա վատ ղեկավար էր, ապա հաստատ մեկ այլ կարեւոր կառույցի ղեկավար չէին նշանակի: Եթե նա ՊԲ ղեկավարման ընթացքում ինչ-ինչ սխալներ է թույլ տվել կամ, այսպես ասած, կոռուպցիոն չարաշահում, ապա դա կարող էին եւ մատնանշել:
Բայց կրկնենք՝ այն, որ նա մի ղեկավար պաշտոնից մեկ այլ ղեկավար պաշտոնի է նշանակվում, հուշում է, որ ոչ մի նման՝ անձի ու սպայի պատիվն արատավորող հանգամանք այստեղ գոյություն չունի: Անգամ նման հանգամանքների մասին խոսակցությունն է ամոթ:
Ու հարցը բաց է մնում, թե այդ ի՞նչ արտառոց բան է եղել, որ նման քայլ է կատարվում: Այս ամենի մեջ արտառոցը հենց տեղի ունեցածն է, առավել եւս՝ հանրությանն առանց որեւէ տրամաբանական բացատրություն ներկայացնելու:
Դատելով ամենից՝ Լեւոն Սնացականյանին չներվեց այն, որ նա հնարավորինս զուսպ, բայց հստակ հակադարձեց քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ու նրա զինակից Սասուն Միքայելյանի վտանգավոր ու անպատասխանատու հայտարարություններին՝ ինչպես Արցախի ազատամարտի կարեւորության, այնպես էլ՝ Արցախի ղեկավարների զավակների՝ իբր ծառայած չլինելու վերաբերյալ:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում