Դեկտեմբերի 9-ը ընդամենը մի անհատի հեռացումի օրը չէ միայն, այլեւ՝ ամբողջ մի համակարգի, ավելի կոնկրետ՝ շուրջ երկու տասնամյակ իշխանական բուրգի գագաթներում հանգրվանած Հանրապետական կուսակցության: Անկախության ակունքներում կանգնած այդ կուսակցությունը, որն ստեղծվել է վաղամեռիկ առաջնորդ Աշոտ Նավասարդյանի, ուռճացվել սարսափելի սպանդի զոհ Վազգեն Սարգսյանի, կառավարման ղեկին կանգնել հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, իսկ նախագահական բազկաթոռին՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, այժմ վերջինիս հեռացումով նույնպես ստիպված է հեռանալ ասպարեզից, գեթ իր այժմյան ձեւով ու բովանդակությամբ:
Գիտեմ, երդվյալ նժդեհականները առարկելու են ինձ, թե լիդերի հեռացումով չի կարող դադարել նման հարուստ պատմություն ունեցող մի կուսակցություն, թե Հանրապետականը դեռեւս ունի ներուժ, եւլն, եւլն: Սակայն թող թույլ տրվի ինձ առարկել այդ առարկությանը: Նրանց ասածը կամ ասելիքը ճիշտ է այն կազմակերպությունների համար, որոնք իրենց ներքին կարգուսարքով եւ ավանդություններով ժողովրդավարական են: Մինչդեռ Հանրապետականը միշտ էլ եղել է անձնիշխանական, որի մասին ես գրել եմ դեռեւս 2017 թ. փետրվարին, կուսակցության 16-րդ համագումարի օրերին, երբ պաշտոնապես եւ շա՜տ լուրջ հայտարարվում էր, թե ընդամենը մեկ օրում 7 հազար մարդ է ընդունվել կուսակցության շարքեր…
Ո՞ւր էին նրանք, կուսակցական այդ կո՜ւռ շարքերը դեկտեմբերի 9-ին: Այդքա՞ն էին վախեցած, նժդեհականությունն իրենց մեջ այդքա՞ն էր թույլ, որ չհամարձակվեցին օգնել հարազատ կուսակցությանը հաղթահարելու 5 տոկոսի մրցարգելքը եւ թույլ տվեցին, որ կազմակերպությունը կրկնի Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի անփառունակ վախճանը, այն ժամանակ նույնինքն, ճակատագրի ի՜նչ հեգնանք, ՀՀԿ-ի ձեռքով:
Պետք է ընդունել իրականությունը այնպես, ինչպես կա: Հանրապետական կուսակցությունը որպես այդպիսին, իր լավ ու վատ գործերով անցնում է պատմության գիրկը:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում